Ամերիկյան փողերով Հայաստանում բացվել է կենսալաբորատորիա․ «Կոմերսանտ»

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը Կրեմլում Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո այդ հանդիպման արդյունքների հետ կապված զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը ներկայացնում ենք թարգմանաբար։

-Հայաստանը ցանկանում է, որպեսզի շարունակվեն ռուսական սպառազինությունների մատակարարումը, ներառյալ նաեւ ինքնաթիռները։ Պայմանագրի կնքումն արդեն մո՞տ է արդյոք։ Ինչ-որ կոնկրետ բան պայմանավորվե՞լ եք այս հարցի շուրջ։

-Պայմանավորվել ենք, որ մատակարարումները կշարունակվեն պլանավորված ժամանակացույցով։

-Վարկո՞վ։

-Այո, վարկով։ Նաեւ կքննարկենք այլ հնարավորություններ եւս։ Սա շատ կարեւոր գործակցություն է, եւ կարծում եմ, որ այս ոլորտում մենք ոչ մի խնդիր չենք ունենա։

-Մոսկվային անհանգստացնում է ԱՄՆ ցանկացած ձեւով ներկայությունը հետխորհրդային երկրներում։ Մասնավորապես խոսքը կենսալաբորատորիաների մասին է, որոնք ամերիկյան փողերով բացվելու են Հայաստանում, Ղազախստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում։ Ես լսել եմ, որ հայկական կողմի հետ Ռուսաստանը քննարկում է այն հարցը, որ ռուս մասնագետները հնարավորություն ունենան մուտք գործելու այդտեղ։ Մոսկվան, որքան էլ որ դա ֆանտաստիկ հնչի, կարծում է, որ այնտեղ կարող են հավաքվել տեղեկությունների վիրուսների եւ այլնի մասին, որոնք հետագայում կարող են օգտագործվել իր դեմ։ Այս ուղղությամբ Հայաստանը պատրա՞ստ է առաջ ընթանալու։

-Մենք արդեն առաջ գնացել ենք։

-Կպատմե՞ք։

-Բառացիորեն 10-15 օր առաջ իմ անձնական հրահանգով ռուս մասնագետները մուտք են գործել այդ լաբորատորիաներ։

-Նրանք նե՞րս են մտել։

-Իհարե։ Եվ առհասարակ նրանք որեւէ խնդիր չեն ունեցել եւ չեն ունենա հասանելիության հետ կապված, այնքան ժամանակ, ինչ ես դարձել եմ Հայաստանի վարչապետ։ Այդ լաբորատորիաները լիովին գտնվում են Հայաստանի իշխանությունների հսկողության ներքո։ Մենք պատրաստ ենք համագործակցել, եւ արդեն իսկ ռուս մասնագետները եղել են այնտեղ ու համոզվել, որ ոչ մի սարսափելի բան այդ լաբորատորիաներում չկա։ Իհարկե, դրանք շատ բարձրորակ լաբորատորիաներ են, եւ ես ուրախ եմ, որ ունենք այդ որակի լաբորատորիաներ։ Դրանք ոչ մի կերպ չեն կարող օգտագործվել ընդդեմ Ռուսաստանի։ Ընդհակառակը, մենք հրավիրում ենք ռուս մասնագետներին եւ պատրաստ ենք քննարկել նրանց հետ դրանց համատեղ օգտագործման հնարավորությունները։ Երբ ուզենան նրանք էլի կարող են այցելել, առանց սահմանափակման։

-Եվս մեկ հարց, որը լարվածություն է առաջացրել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Խոսքը «Հարավ-Կովկասյան երկաթուղիներում» խուզարկությունների մասին է, որը հանդիսանում է «Ռուսական երկաթուղիների» 100 տոկոսանոց դուստր ձեռնարկությունը։ Ասվում է՝ 19 հազար դոլարի հարկային խնդիր կա այնտեղ։

-Այդ մասով էլ ենք խոսել։

-Նախագահ Պուտինի հե՞տ։

-Իհարկե։ Ես պատմեցի, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչու։ Կարող եմ ասել, որ այս հարցում ես, հայկական կառավարությունը ունենք Ռուսաստանի նախագահի լիակատար աջակցությունը, քանի որ ակնհայտ է, որ Ռուսաստանի նախագահը եւս հետաքրքրված է կոռուպցիայի դեմ պայքարով։Մենք այս հարցում եւ այլ հարցերում էլ համագործակցելու ենք, որպեսզի չարաշահումներ չլինեն ռուսական ընկերություններում, որոնք գործում են Հայաստանում։ Մենք պայմանավորվել ենք, որ այն ամենը, ինչը կապված է օրինականության, կոռուպցիայի դեմ պայքարի հետ, երբեք չի կարող մեկնաբանվել որպես հակառուսական գործողություններ։

-Ի՞նչ կոռուպցիա է եղել այնտեղ։ Հաղորդել են, որ 19 հազար դոլարի հարկային չկատարված պարտավորություններ են եղել։

-Ոչ, այդպես չէ։ Այնտեղ, իմ ունեցած տեղեկություններով, որոնք նախնական են, 60 միլիոն դոլարի չարաշահումներ են եղել։

- Դա լուրջ թիվ է, այդ մասին չեն խոսել։

-Քանի որ քննչական մարմինները հետաքննում են իրադրությունը եւ մոտ ապագայում տեղեկությունները կլինիեն պաշտոնական։ Այնինչ, սակայն, ես ասում եմ, կարող եք համարել արդեն պաշտոնական։

-Դժվար է պաշտոնական չհամարել այն, ինչ ասում է Հայաստանի վարչապետը։ Այդ չարաշահումները Հայաստանի քաղաքացինե՞րն են արել, թե՞ ռուսաստանցիները նույնպես։

-Դա ես ասել չեն կարող։ Նախաքննական հարց է։ Կլինի քննություն։ Կարող եմ ասել, որ այդ հարցով Ռուսաստանի նախագահի հետ տարակարծություններ չունենք։

Մեկնաբանություն
X