«Բանկի սեփականություն դառնալուց հետո գործարանը շարունակել է շահագործվել Աֆանդյանի կողմից». «Անելիք» բանկը պատասխանում է

Գործարարների միջև ֆինանսական վեճերում յուրաքանչյուրն ունի իր նյութական շահը, իր հաշվարկը, նրբություններով հանդերձ, և որպես կանոն նման վեճերը ուղղակի չեն առնչվում հանրության շահին, և մամուլի համար հետաքրքիր են լինում դրանցում հանրահայտ մարդկանց ներգրավվածության չափով: Ահա ինչու «Հրապարակը» չմերժեց հայտնի գործարար Գեւորգ Աֆանդյանի որդուն՝ Վահե Աֆանդյանին, անդրառանալ ընդդեմ «Անելիք» բանկի վերջինիս հայցին:

Աֆանդյանները ներկայումս սնանկ կամ սնանկության գործընթացի մեջ գտնվող մի քանի ձեռնարկություններով են հայտնի՝ «Սթար» սուպերմարկետների ցանց, «Բյուրակն» ՍՊԸ-ն, «Էյ Ջի էլեկտրոնիքս» խանութներ, և շատերին է հետաքրքիր, թե ինչպես է այսօր բազմիցս տապալված գործարարը փորձում վերականգնել երբեմնի դիրքը: Աֆանդյանների հույսը «Անելիքի» հետ դատական վեճն է: Գեւորգ Աֆանդյանը 2010-ին մոտ 8 մլն դոլար վարկ է վերցրել «Անելիք բանկ» ՓԲԸ-ից՝ գործընկեր «Բյուրակն» ՍՊԸ-ի համար, որի գծով ժամկետանց պարտավորություններ ուներ, եւ պարտքերի դիմաց բանկը վերցրել էր «ԲՄԼ Արզնի» ՍՊԸ-ն, սակայն 2 տարով նրանց գործարանի գնման բացառիկ նախապատվություն է տվել՝ պարտավորվելով տույժ վճարել՝ բռնագանձման արժեքի հնգապատիկի չափով:

Մեկ տարի անց «Անելիքը» վաճառել է գործարանը «Տարմակ» ՍՊԸ-ին։ Այս պատմությունը մենք շարադրել էինք ««Սթարի» տերն ամեն գնով փորձում է ոտքի կանգնել» սեպտեմբերի 5-ի հոդվածում, որը հրապարակեցինք ծրագրած ժամկետից 4 օր ուշացումով: Ոչ մի կերպ չէր հաջողվում ստանալ բանկի դիրքորոշումը: « IDBank»-ի շահերը ներկայացնող փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը խոստացավ, սակայն չեկավ խմբագրություն, հետո պարզվեց, որ իրար սխալ ենք հասկացել, և նա էլ իր հերթին մեզ էր սպասում գրասենյակում: Ի վերջո, պայմանավորվեցինք, որ փաստաբանը գրավոր, սոցցանցի նամակի տեսքով կուղարկի իր դիրքորոշումը: Բայց մենք այն կրկին չստացանք: Եւս մեկ օր սպասելուց այնուամենայնիվ, բարեխիղճ լրագրության սկզբունքին հավատարիմ, փորձեցինք բանկի դիրքորոշումը ներկայացնել ըստ մամուլի հրապարակումների: Ընթերցողին քիչ հետաքրքրող այս «խոհանոցային» մանրամասները ստիպված ենք հրապարակել, քանի որ բանկի փաստաբանը մեզ մեղադրում է վեճը միակողմանի լուսաբանելու համար: Պարզվեց՝ օֆշորում գրանցված «Տարմակ» ընկերության 33% բաժնեմասը պատկանել է Աֆանդյանի ավագ որդուն՝ Վահե Աֆանդյանին:

Սնանկության կառավարչի դատական հայցը եւ Աֆանդյանների հավակնությունները բանկից «Անելիքի» համար անսպասելի են եղել եւ, ըստ էության, խախտել են նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները։ Վահե Աֆանդյանը հերքում է սա: Երեկ մենք վերջապես ստացանք բանկի պատասխանը, որը ստորև հրապարակում ենք: «

Պաշտոնապես հաստատում ենք, որ Բանկին վերագրվող «մեղքերը» իրականության հետ որևէ աղերս չունեն, ինչը և ապացուցվելու է դատական կարգով: Ուզում ենք հատուկ նշել, որ Վահե Աֆանդյանն իսկապես հանդիսանում է «Տարմակ» ընկերության բաժնետոմսերի 33%-ի վերջնական շահառուն (Ultimate Beneficial Owner), ինչը ժամանակին համապատասխան ձևով փաստաթղթավորվել է և այսօր էլ պարզ երևում է դատական գործի նյութերում: Ասենք ավելին՝ Վահե Աֆանդյանը ստացել է այդ բաժնեմասը առանց մի լումա վճարելու այն դեպքում, երբ «Անելիք բանկի հետ» «երկար դատական վեճերի մեջ մտած» Աֆանդյանների պարտքը հենց այդ Անելիք բանկի բաժնետերերին արդեն գերազանցում էր մի քանի տասյակ միլիոն ԱՄՆ դոլարը: Վստահ ենք, որ լրագրողին չեն տեղեկացրել Աֆանդյանների այդ, ինչպես նաև տասնյակ այլ բանկերին, վարկային կազմակերպություններին, մանր, թե միջին ձեռնարկություններին ունեցած խոշոր պարտքերի մասին: Շեշտենք նաև, որ նույնիսկ Բանկի սեփականություն դառնալուց հետո գործարանը շարունակել է շահագործվել Աֆանդյանի կողմից, ընդհուպ մինչև «Տարմակ» ՍՊԸ-ին օտարվելը, որում, կրկնում ենք, Աֆանդյանը շահառու է․ «Տարմակ» ՍՊԸ-ն, ի դեպ, ևս չի խոչընդոտել գործարանի գործունեությանը, սակայն դա նույնպես չի օգնել Աֆանդյանին առողջացնել բիզնեսը»։

Սյուզան Սիմոնյան

Մեկնաբանություն
X