Մարությանը պատրաստ է դեբատների, բայց մեկ պայմանով

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները ազդարարել են քարոզարշավի մեկնարկը։

«Իմ քայլը» դաշինքը մեկնարկը տվեց Երևանի Տիգրան Մեծ փողոցից, որտեղից դաշինքի համամասնական ցուցակի անդամները՝ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի գլխավորությամբ քայլերթով շարժվում են դեպի Էրեբունի վարչական շրջան:

Քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քարոզարշավի ընթացքում ոտքով քայլելու են Երևանի ամբողջ տարածքով, ունենալու են բակային հանդիպումներ, իսկ երեկոյան ժամերին քարոզարշավը եզրափակելու են հանրահավաքներով․ «Վստահ եմ, որ ոտքով քայլելու ընթացքում շատ հետաքրքիր բաներ են լինելու, առաջիկայում կտեսնեք»։

Լրագրողի արցին՝ մյուս թեկնածուների հետ բանավեճեր լինելո՞ւ են,Մարությանը պատասխանեց՝ ինքը պատրաստ է դեբատների, սակայն մի պայմանով, որ բոլոր 12 թեկնածուները մասնակցեն այդ դեբատներին, որովհետև չի ցանկանում որևէ մեկին նախապատվություն տալ:

Նշենք, որ այսօր՝ ժամը 18։30-ին, Էրեբունի թանգարանի դիմացի հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որի ընթացքում նախատեսված են դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթները:

Մեկնաբանություն
X