Մենք ամեն օր Ադրբեջանից սպառնալիքներ ենք լսում Հայաստանի հասցեին․ Նիկոլ Փաշինյան

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը Կրեմլում Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո այդ հանդիպման արդյունքների հետ կապված զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը ներկայացնում ենք թարգմանաբար։

-Այսպես թե այնպես, շատերը նրանցից, ովքեր այսօր քննության տակ են հայտնվել, ազդեցիկ մարդիկ են եւ ունեն ռեսուրսներ։ Չունե՞ք մտավախություն, որ դա կարող է հարվածել ձեր իշխանությանը կամ ձեր դիրքորոշմանը։

-Իհարկե ոչ։ Քանի որ դա իմ իշխանությունը չէ, այլ՝ ժողովրդի։ Ոչինչ չի կարող հարվածել ժողովրդի իշխանությանը։ Վստահեցնում եմ, որ երբ ասում են, թե այդ մարդիկ ազդեցիկ են, դա քաղաքական պատրանք է։Իրականում նրանք վաղուց արդեն ազդեցիկ չեն։ Այն իրադարձություններից հետո, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, նրանք դադարել են լինել ազդեցիկ մարդիկ։ Եթե նրանք ազդեցիկ լինեին, կկարողանային ազդեցություն գործել քաղաքական պրոցեսների վրա։ Իսկ քանի որ նրանք չեն կարողացել ազդեցություն գործել, նշանակում է, որ նրանք առհասարակ ազդեցիկ մարդիկ չեն։ Եվ ես կարծում եմ, որ մոտ ապագայում դուք դրանում կհամոզվեք։

-Երեւի ընտրությունները ցույց կտան։

-Իհարկե։

-Որոնք ե՞րբ տեղի կունենան։

-Ես երաշխավորում եմ, որ մեզ մոտ ընտրությունները կլինեն արդար եւ օրինական, եւ չի լինի որեւէ կեղծում, ի հեճուկս այն բանի, որ նախորդ ընտրությունները մեզ մոտ անարդար էին եւ կեղծված։ Միայն ժողովուրդը կորոշի, թե ով է լինելու վարչապետ, պատգամավոր կամ քաղաքապետ։ Ես դա ձեզ երաշխավորում եմ

-Իսկ ե՞րբ տեղի կունենան ընտրությունները Հայաստանում։

-Կարծում եմ, որ վերջնաժամկետը, երբ տեղի կունենան ընտրությունները Հայաստանում, 2019-ի մայիսն է։ Սակայն դրանք կարող են տեղի ունենալ նաեւ այս տարի կամ հաջորդ տարվա սկզբին։ Դա կախված է քաղաքական իրավիճակից։

-Կուզենայի վերադառնալ այն հարցերին, որոնք մեկնաբանում են որպես Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լարվածություն ստեղծող բախումային հարցեր։ Քրեական գործն ընդդեմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի։ Մոսկվան իր դժգոհությունը հայտնեց նրանով, որ իրեն չեն նախապես զգուշացրել, եւ ամեն ինչ տեղի է ունեցել անակնկալ կերպով։ Ու քանի որ Մոսկվան է ղեկավարում այդ միջազգային կազմակերպությունը, ապա այստեղ կարծում են, որ դա միայն Հայաստանի ներքին գործը չէ։ Դուք հետ եք կանչում Խաչատուրովին Գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ո՞վ է լինելու արդյոք նրա փոխարեն։ Հայաստանի ներկայացուցիչը, թե Բելառուսի ներկայացուցիչը։ Այբբենական կարգով հաջորդը Բելառուսն է։

-ՀԱՊԿ-ն նաեւ մեր կազմակերպությունն է։ Ինչո՞ւ է այնպես մեկնաբանվում, թե որեւէ մեկի համար ՀԱՊԿ-ն ավելի թանկ կազմակերպություն է, քան Հայաստանի։ Դա այդպես չէ։ ՀԱՊԿ-ը մեզ համար նույնքան թանկ կազմակերպություն է, ինչպես մյուսների։ Գոյություն ունի ժամկետ Հայաստանի ներկայացուցչի համար Գլխավոր քարտուղարի պաշտոնում աշխատելու համար։ Այն չի լրացել։ Մենք ունենք առնվազն եւս տարի ու կես այդ ժամկետից։ Կապ չունի, թե ինչպիսի ազգանուն կունենա Գլխավոր քարտուղարը։ Նա, ինչպես եւ նախատեսված է, պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչը ժամկետի շրջանակներում։

-Վլադիմիր Պուտինը այս տեսակետի հետ համակարծի՞ք է։

-Մենք պայմանավորվել ենք, որ այս հարցը կքննարկենք բոլոր գործընկերների հետ եւ կփորձենք հասնել կոնսենսուսի։ Երբ համաձայնություն կունենանք այս մասին, կհայտարարենք։

-ՀԱՊԿ կանոնադրությունում ասված չէ, որ երբ երկիրը հետ է կանչում իր ներկայացուցիչ Գլխավոր քարտուղարին, ապա պարտադիր է, որ հաջորդ Գլխավոր քարտուղարը լինի հենց նույն երկրից, որը եւ հետ է կանչել։

-Սակայն եւ ասված չէ, որ եթե ինչ-որ մեկին հետ են կանչում, ապա ժամկետը, որը սահմանված է Կանոնադրությամբ, լրանում է։

-Այսինքն, հարցը վիճարկելի՞ է։

-Չեմ կարծում, թե վիճարկելի է։ Մենք պետք է այդ հարցը լուծենք գործակցային եւ դաշնակցային մթնոլորտում։

-Վաղուց այն հարցն է քննարկվում ակտիվորեն, որ Ադրբեջանը կարող է դառնալ դիտորդ ԵԱՏՄ-ում։ Բացի այդ, խոսվում է այն մասին, որ ՀԱՊԿ-ում ցանկանում են մտցնել դիտորդ երկրի եւ գործընկեր երկրի կարգավիճակներ։ Եթե Ադրբեջանը նման կարգավիճակի հավակնություն ունենա, ի՞նչ է անելու Հայաստանը։

-Բոլորին թերեւս պարզ է, որ առանց Հայաստանի համաձայնության, նման որոշումները չեն կարող կայացվել։ Գիտեք, ինչպիսի հարաբերություններ են հիմա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Մենք ամեն օր Ադրբեջանից սպառնալիքներ ենք լսում Հայաստանի հասցեին։ Դրանից էլ բխում է Հայաստանի դիրքորոշումն այս հարցի հետ կապված։

-Այսինքն, ձեր պատասխանը «ո՞չ»-ն է։

-Ես արդեն պատասխանեցի այդ հարցին։

-Սակայն «ոչ» բառը չհնչեցրեցիք։

-Ես կարծում եմ, որ եթե Ադրբեջանը ցանկանում է նման նպատակների հասնել, ապա պետք է նախ աշխատանք տանի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

Մեկնաբանություն
X