Բերման էին ենթարկվել «Ժառանգության» վարչության անդամը եւ կուսակցության համակիրը

Ազգային ժողովի մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք բերման են ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանին եւ կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանին: Այս մասին տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցության ֆեյսբուքյան էջը։

«Հենց նոր տեղեկացանք, որ Ազգային ժողովի մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ձեռնաշղթաներով բերման են ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանին եւ կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանին:

Նրանց «հանցանքը» կայացել է նրանում, որ փորձել են «Street art» ոճի մեջ «Ժառանգության» քաղաքական գովազդը (ի դեպ, առանց որեւէ նախընտրական տարբերանշանի) իրականացնել փողոցի մայթերին:

Արաբկիրի բաժին է մեկնել Արմեն Մարտիրոսյանը: Այնտեղ է նաեւ փաստաբանը, ում արդեն 15 րոպե է ներս չեն թողնում: Տղաների հետ հնարավոր չի կապվել նաեւ հեռախոսով: Հավանաբար առաջին արած ահազանգից հետո ձեռքներից խլել են: Մենք սպասում ենք Ոստիկանության պաշտոնական պարզաբանմանը»,- ասվում է կուսակցության հաղորդագրությունում:

Ավելի ուշ, ՔՊ կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ կուսակցականներն արդեն բաց են թողվել։

Մեկնաբանություն
X