Բաքուն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին՝ հնարավոր սրացման պատասխանատվությունը դնելով Երեւանի վրա

Ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոսկովյան այցի ժամանակ, տեղի հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, թե ինքը Արցախը պատկերացնում է որպես Հայաստանի մաս։ Այս առնչությամբ պաշտոնական Բաքուն ԱԳՆ խոսնակի մակարդակով արձագանքել է։

Ինչպես հայտնում է Oxu.Az-ն, Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը ասել է, որ նման հայտարարությունը հանդիսանում է անհարգալից վերաբերմունք միջազգային իրավական նորմերին եւ սկզբունքներին, ՄԱԿ ԱԽ կողմից ընդունված բանաձեւերին, ինչպես նաեւ այն բանակցային գործընթացին, որն ընթանում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ՝ ԵԱՀԿ ՄԽ միջնորդական առաքելությամբ։

«Այս հայտարարությամբ, վարչապետի մակարդակով ցուցադրվեց, որ Հայաստանի իրական նպատակներն է հանդիսանում ոչ թե Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բանակցային գործընթացը, այլ ադրբեջանական հողերի շարունակական անօրինական օկուպացիան։ Հայաստանի ղեկավարությունը կանխամտածված, թե ոչ, հանդես է գալիս նման հայտարարությամբ, որը կարող է հանգեցնել իրավիակի սրման՝ Նյու Յորքում Ադրբեջանի եւ ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ, որը կկայանա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ։ Միաժամանակ նման հայտարարություն արվել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի՝ այս շաբաթ Ադրբեջան կատարելիք այցից առաջ»,- մասնավորապես ասել է ադրբեջանական ԱԳՆ խոսնակը։

Բաքվի տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է, թե առաջիկայում պարզ կլինի՝ «արդյոք Հայաստանը ցանկանո՞ւմ է խաղաղություն ու կայունություն, թե շարունակելու է նախորդ երկու տասնամյակների ընթացքում իշխանության ղեկին գտնված դաշտային հրամանատարների քաղաքականությունը։ Հիքմեթ Հաջիեւը նաեւ ընդգծել է, որ Հայաստանի վարչապետի կողմից նման հայտարարության հնչեցումից հետո իրավիճակի սրացման պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի եւ նրա ղեկավարության վրա։

Մեկնաբանություն
X