«Հանրապետականների պահվածքը Մարտի 1-ի զոհերի փոխհատուցման հարցում բարոյական չէ». Արմեն Խաչատրյան

ԱԺ «Ելք» խմբակցությունը դեռևս փետրվարին էր ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում էր փոխհատուցում տալ 2008 թ. մարտի 1-2-ի զոհերի հարազատներին: Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը դեռ ընդդիմադիր պատգամավոր էր, որի առաջարկը պետաիրավական հանձնաժողովը քննարկեց և դրական եզրակացություն չտվեց: Հեղափոխությունից հետո հանրապետականների դիրքորոշումը հանկարծ փոխվեց: «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի հեղինակած նախագիծը նույն թեմայով, որը պետաիրավական հանձնաժողովը քննարկեց անցած շաբաթ, ընդհանուր առմամբ դրական արձագանքներ ստացավ: Սակայն հանրապետականները դեմ են, որ մարտի մեկի զոհերը առանձնահատուկ կարգավիճակ ստանան, առանձնացվեն մյուս բռնությունների զոհերից: «Մենք կողմ ենք, որ ընդլայնված կոնցեպտ դնենք, բռնությամբ կատարվող հանցագործությունների, այդ թվում նաև հոկտեմբերի 27-ի կամ խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերում օրենքով ևս տրամադրել փոխհատուցումներ»,- սեպտեմբերի 5-ի նիստին հայտարարեց պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։

ՀԱԿ-ը ևս մարտի մեկի զոհերի փոխհատուցմանն առնչվող օրինագիծ է ներկայացրել 2014 թվականի սեպտեմբերին: Այդ օրինագծի հիմքում հենց Գևորգ Կոստանյանի ասած «ընդլայնված կոնցեպտ» էր: Այներաբերում էր բռնությունների զոհերի իրավահաջորդներին փոխհատուցմանը: Փաստաթուղթը հեղինակել էին այն ժամանակ ԱԺ պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը եւ Լեւոն Զուրաբյանը: Եւ այն ժամանակ հանրապետականները այսօրվա դիրքորոշմանը 180 աստիճան հակառակ կարծքի ունեին: ՀԱԿ իրավական հարցերի խորհրդատու Արմեն Խաչատրյանին խնդրեցինք մեկնաբանել հանրապետականի պահվածքը:

-Հիմա հանրապետականը, կարծես, եկել է Ձեր կարծիքին?

-Ես ՀՀԿ-ի այդ գործելաոճը կանվանեի անբարոյական:

-Ինչո՞ւ, լավ չ՞ի, որ ուրախ «անակնկալ» են մատուցել «Ելքին»:

-2014 թվականին ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացվեց օրենքի նախագիծ, որը կոչվում էր «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին ՀՀ օրենք»: Այն ժամանակ և կառավարությունը, և ԱԺ համապատասխան հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեցին մեզ: Որպեսզի ԱԺ լիագումար նիստում այդ օրինագիծը չտորպեդահարեն, իսկ ՀԱԿ խմբակցույթունը ուներ հնարավորություն այդ օրենքը արտահերթ կարգով մտցնելու լիագումար նիստ, մեր ֆրակցիայի կողմից հետաձգվեց օրենքի քննարկումը մեկ տարի ժամանակով: Բոլոր այն դեպքերում, երբ խախտվել էր կյանքի իրավունքը նաև երբ ծանր մարմնական վնասվածքներ էին հասցվել, պետությունը փոխհատուցում էր տալիս տուժածին, եթե հանցագործություն կատարած անձը չէր բացահայտվում, կամ եթե չէր կարողանում ինքը փոխհատուցել: Այն ժամանակ մեզ առարկեցին, որ այդ օրենքնը բյուջեի վրա մեծ բեռ է դնելու: Մյուս կողմից. արդեն կուլիսներում, մեզ ասում էին՝ դուք ուզում եք մարտի մեկի զոհերի հարցը այս օրենքի միջոցով լուծեք: Հիմա որ «Ելքի» պատգամավորները բերել են կոնկրետ մարտի մեկի զոհերին փոխհատուցում տալու օրենքի նախագիծ, ստացվում է, որ հանրապետական պատգամավորները «կողմ» են «ընդլայնված կոնցեպտին»: Ես լսեցի Գևորգ Կոստանյանին, որը այն ժամանակ գլխավոր դատախազ էր, Արփինե Հովհաննիսյանին, որոնք ասում էին, ինչո՞ւ միայն մարտի մեկ, եթե կա էս տեսակի օրենք, կամ «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» կոնվենցիա:

-Ի դեպ, ինչո՞ւ «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիային Հայաստանը չմիացավ:

-Այդ կոնվենցիային միանալու հարցը հասավ մինչև ԱԺ, նախագծի տեսք ստացավ, բայց այդպես էլ չքվեարկվեց, ու երբ որ մենք այդ հարցը բարձրացրեցինք, Սերժ Սարգսյանը հետ կանչեց այդ կոնվենցիան ԱԺ-ից: Հիմա իրենք հարց են բարձրացնում՝ թե ինչու միայն Մարտի 1, անհրաժեշտ է բոլոր բռնությունների զոհերի հարազատներին փոխհատուցել, պետք է օրենքը դարձնել ամբողջական, որ բոլորին վերաբերվի, և այլն: Համարում եմ, որ սա ՀՀԿ-ի կողմից բարոյական չի, որովհետև ընդամենը երկու-երեք տարի առաջ այդ նույն ՀՀԿ-ն ուղղակի տորպեդահարեց այդ օրենքի նախագիծը, չբերելով ոչ մի հիմնավոր փաստարկ: Միակ հիմնավորումը՝ որ դա բյուջեի վրա մեծ բեռ է լինելու:

-Ի՞նչու էր ՀՀԿ-ն խուսափում փոխհատուցում տալ Մարտի 1-ի դեպքերից տուժածների հարազատներին: Ի վերջո, սա բացահայտման հետ կապ չունի:

-Խուսափում էին, որովհետև Մարտի 1-ի տուժածների հարազատները, եթե ստանային փոխհատուցում, ապա պաշտոնապես կարձանագրվեր, որ նրանց հարազատների կյանքի իրավունքը խախտվել է: Անհրաժեշտ է, որ Հայաստանը վավերացնի բռնությունների զոհերին փոխհատուցում տրամադրելու կոնվենիցան, և ընդունի համապատասխան օրենք: Բայց գտնում եմ, որ Մարտի մեկի զոհերի փոխհատուցման հարցը ԱԺ-ն պետք է առանձին օրենքով կարգավորի, մանավանդ վերջին բացահայտումների ֆոնին: Սա այն հարցն էր, որը շատ վաղուց պետք է լուծված լիներ, դեռ 2008 թվականին: Եթե հիշում ենք, 2008 թվականին այն ժամանակվա իշխանությունները փոխհատուցեցին մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով նյութական վնաս կրած անձանց՝ վառված մեքենաների, թալանված խանութների և այլնի համար: Համաչափության մասին չեմ կարող ոչինչ ասել, որովհետև չի հետաքրքրել, բայց ենթադրվում է, որ ողջամիտ փոխհատուցումներ այն ժամանակ տրամադրվեցին: Դրանից առաջ իշխանությունները պարտավոր էին փոխհատուցում տալ զոհվածներին: Բայց իշխանությունները զոհերին հակառակորդ «կողմ» էին համարում ու այդ պատճառով էլ փոխհատուցում տրամադրման հարցը իշխանության օրակարգում այդպես էլ չհայտնվեց՝ մինչեւ հեղափոխության արդյունքում կազմավորվեց նոր իշխանություն, որն էլ իր օրակարգային առաջնեհերթությունների մեջ դրել է մարտ 1-ի բացահայտումը, այդ թվում՝ վնասի փոխհատուցման տրամադրման հարցը:

Սյուզան Սիմոնյան

Մեկնաբանություն
X