Առաջին աշխարհամարտի դասերը, ինչպես նաև Ասորեստանն ու մենք

Թեև Ասորեստանը մարդկային պատմության հիշողության մեջ դրոշմվել է որպես ամենուրեք արյուն ու մահ սփռող դաժանագույն բռնապետություն, բայց վերջինս հակառակորդների հետ փոխհարաբերություններում կիրառում էր չափազանց նուրբ մի մոտեցում, որը հետագայում անկյունաքարային ու ելակետային նշանակություն է ստանում միջազգային ու մինչպետական փոխհարաբերություններում: Ասորեստանն աշխատում էր մինչև վերջ չոչնչացնել իր հակառակորդին՝ քաջ գիտակցելով, որ արդեն իսկ հյուծված մրցակցի դատարկ տիրույթում ձևավորվելու է վակուումային տարածություն: Իսկ վակուումը վաղ թե ուշ լցվելու անհրաժեշտություն է ունենալու, և դրա հիմքի վրա էլ կարող է ստեղծվել մի նոր ահեղ հակառակորդ, որն էլ արդեն կոչնչացնի Ասորեստանին:

Բացի այդ Ասորեստան-Ուրարտու փոխհարաբերություններում մենք տեսնում ենք չափազանց ուշագրավ մի առանձնահատկություն: Որքան էլ նրանց պայքարը անզիջում ու համառ լիներ, բայց մեկի բացակայությամբ մյուսի գոյությունն իմաստազրկվում էր: Ասվածի լավագույն ապացույցն այն է, որ մեկի կործանումից հետո կործանվեց նաև մյուսը:

Միջնադարում գրեթե նույնական առանձնահատկություն տեսնում ենք նաև Անգլիայի ու Ֆրանսիայի փոխհարաբերություններում: Հակամարտող կողմերը հասկացան, որ մեկի ոչնչացմամբ ոչնչանալու է նաև մյուսը: Ի վերջո Անգլիան հրաժարվեց Ֆրանսիան կործանելու անհեռանկար գաղափարից:

Առաջին աշխարհամարտից արդեն անցել է ավելի քան մեկ դար, բայց դրա զորեղ ազդեցությունն ու տխուր հիշողությունը դեռևս ուղեկցում է մարդկությանը։ Դա իհարկե վերահաս աղետ էր, որը ներկայումս վերարժևորման խնդիր ունի: Առաջին հերթին հենց այն պատճառով, քանի որ իր մեջ կարևորագույն խորհուրդներ ունի, որոնցից մարդկությունը պարտավոր է դասեր քաղել:

Իսկ ո՞րն է այդ կարևորագույն խորհուրդը:

1940 թ. հունիսի 22-ին Կոմպիենյան անտառում, Ռետոնդ կայարանում, մարշալ Ֆոշի վագոնում գեներալ-գնդապետ Կեյտելը` Հիտլերի ներկայությամբ Ֆրանսիայի ներկայացուցիչներին թելադրում էր զինադադարի պայմանները: 21 տարի առաջ նոյեմբերի 11-ին այդ նույն կայարանում և նույն վագոնում ֆրանսիացիներն էին Գերմանիայի ներկայացուցիչներին զինադադարի պայմաններ թելադրում:

Վերոհիշյալ օրինակում մենք տեսնում ենք, որ Ֆրանսիան խախտել էր դեռևս հազարամյակներ առաջ Ասորեստանի կողմից կիրառված սկզբունքը: Առաջին աշխարհամարտի ավարտից հետո դաշնակիցներն ու առաջին հերթին հենց Ֆրանսիան մինչև վերջ ոչնչացրեցին Գերմանիային, նվաստացրեցին, թալանեցին ու պատերազմի ամբողջ մեղքը բարդեցին նրա վրա: Նրանք չէին հասկանում, որ այդ անհեռանկար քաղաքականությամբ Եվրոպայի սրտում հրեշ են սաղմնավորում, հրեշ, որն ընդամենը երկու տասնամյակ անց ռևանշիզմով ու վրեժով լցված պետք է քարուքանդ աներ ամբողջ աշխարհը: Այդ նույն մարշալ Ֆոշը զգուշացնում էր, բայց նրան ոչ ոք չլսեց:

Այո՛, իսկապես երկրորդ աշխարհամարտն Առաջինի տրամաբանական շարունակությունն էր, ավելի շուտ՝ մեծ հաշվով արդյունքը Վերսալյան հեղհեղուկ անվտանգության համակարգի:

Կարելի է ասել, որ գրեթե նույն սխալն ԱՄՆ-ը թույլ տվեց 20-րդ դարի վերջին Բալկանյան թերակղզում: Դեյտոնյան համաձայնագիրը կայուն անվտանգության հիմքեր չի երաշխավորում: Հարավսլավիայի փլուզումից և էթնոքաղաքական տարաբնույթ հակամարտությունների ժամանակավոր սառեցումներից հետո տարածաշրջանում հաստատվել է ժամանակավոր և խախուտ խաղաղության համակարգ, ինչպես Վերսալյան համակարգի դեպքում էր: Մասնավորապես, ինչպես Առաջին աշխարհամարտից հետո գերմանացիները, այնպես էլ Հարավսլավիայի փլուզումից հետո սերբերը կարծում են, որ իրենց հետ անարդար են վարվել: Այս տեսանկյունից սերբերի միջավայրում լայն թափ են առնում ռևանշիստական տրամադրություններն ու արդարությունը վերականգնելու ձգտումը: Այս հարցում հատկապես առաջամարտիկի դերում են Բոսնիայի սերբերը:

Ըստ էության ԱՄՆ-ը կոպտագույն սխալ է թույլ տվել, այն նույն սխալը, ինչ Ֆրանսիան գործեց Առաջին աշխարհամարտից հետո: Չէր կարելի սերբերին այդ աստիճան ստորացնել, ինչպես ժամանակին գերմանացիներին:

Նշենք նաև, որ վերջին տասնամյակներին ԱՄՆ-ը և ԵՄ-ն, կարծես թե, փորձում են ուղղել իրենց սխալը, մասնավորապես՝ փորձելով Բալկանյան թերակղզու երկրներին ինտեգրել ու ադապտացնել նոր աշխարհակարգին:

Հիմա վերադառնանք մեր տարածաշրջան, որտեղ հակամարտության կիզակետում են Հայաստանը, Արցախն ու Ադրբեջանը: Վերջինս պարբերաբար հանդես է գալիս ՀՀ-ն ու Արցախը ոչնչացնելու պոպուլիստական կոչերով: Մենք պետք է հետևողական կերպով Ադրբեջանի հասարակությանը բացատրենք Ասորեստանի և Ուրարտուի պրակտիկան: Եթե Հայաստանը կործանվի, ապա դրան հետևելու է Ադրբեջանի գոյության տրամաբանական իմաստազրկումն ու որպես վերջնական արդյունք՝ կործանումը: Վակուումային տարածությունը հնարավոր չի լինելու այդպես բաց թողնել:

Իսկ հայ հասարակությունը պետք է հասկանա, որ Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկելու գաղափարն անհեռանկար է ու անիրատեսական: Վերջինիս կապիտուլացվելուց հետո սկիզբ են առնելու ռևանշիստական տրամադրություններ, որոնց գործնական կիրառումը կարող է վերահաս աղետ դառնալ ամբողջ տարաշրջանի համար:

Առաջին աշխարհամարտի դասերը հայ և ադրբեջանական հանրությունները պետք է լավ սերտեն ու դրա հիման վրա մեկ ընդհանուր տարածաշրջանում խաղաղ գոյակցելու եզրեր գտնեն: Ինչպես որ հիմա անում են Ֆրանսիան ու Գերմանիան, բայց մի՞թե արժի անցնել ֆրանսիացիների ու գերմանացիների այդքան արյունոտ ճանապարհը ընդամենը մի պարզ ճշմարտություն հասկանալու համար:

Մեկնաբանություն
X