Չեմ պատկերացնում ընտրությունների ելքը․ արվեստաբան

Արվեստաբան Վարդան Ջալոյանը կարծում է, որ Երեւանի ավագանու ընտրություներին մասնակցող քաղաքական ուժերի միջեւ կա առողջ մրցակցություն, մարդկանց վերաբերմունքն էլ թեկնածուների նկատմամբ միանշանակ չէ։ «Դա ցույց է տալիս, որ սպասվում են հետաքրքիր ընտրություններ։ Մյուս կողմից չեմ պատկերացնում ընտրությունների ելքը»,- ասաց Վարդան Ջալոյանը։ Հարցին, թե վստա՞հ չէ, որ կհաղթի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, մեր զրուցակիցն արձագանքեց․ «Ոչ, այդքան վստահ չեմ։ Մյուս թեկնածուներն էլ ունեն շանսեր, ռեսուրսներ»։

Ինչ վերաբերում է Երեւանի մասին ներկայացված ծրագրերին, ապա Վարդան Ջալոյանը նշում է, որ ինքը շատերի մոտ է նկատել գաղափարներ, ինչն ավելի կարեւոր է։ «Կարեւոր է, որ հնարավոր լինի փոխել Երեւանի կառավարման հին մոդելը։ Ինձ թվում է, որ ցանկացած դեպքում այդ մոդելը կփոխվի, եւ ընտրությունների դրական ելքը միայն դրա մեջ է։ Կարծում եմ, որ ավագանիում կլինեն քննարկումներ, թե ինչպես պետք է փոխել Երեւանի կառավարման մոդելը, ինձ հետաքրքրում է արդյունքը։ Շատ կարեւոր է, որ լինեն նոր գաղափարներ»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեկնաբանություն
X