Անմեղ մարդուն բռնում են, ասում՝ ատոմային ռումբ ես բերել․ Սամվել Բաբայան

2017թ․ ԱԺ ընտրություններից առաջ «Իգլա»-ի գործով ազատազրկված, իսկ ապրիլյան հեղափոխությունից հետո ազատության մեջ հայտնված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը (հիշեցնենք, որ նրա խափանման միջոցը փոխվեց ԱԺ «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների պատգամավորների երաշխավորագրերի հիման վրա) մեր վերջին զրույցի ժամանակ ասել էր, որ ինքը ակտիվանալու է սեպտեմբերին։ Քանի որ սեպտեմբերից արդեն ութ օր է անցել, Սամվել Բաբայանից փորձեցինք իմանալ, թե կոնկրետ ինչ ծրագրեր ունի, ինչպես է արտահայտվելու իր քաղաքական ակտիվությունը առաջիկայում։

«Անձնական գործերով եմ զբաղվում, առողջական խնդիրներով, սեպտեմբերի երկրորդ կեսից հետո կիմանաք, թե ինչով եմ զբաղվում»,- ասաց մեր զրուցակիցը։

-Ձեզ Սերժ Սարգսյանի օրոք կալանավորեցին, դատ սկսեցին․․․

-Ինձ միայն Սերժ Սարգսյանի օրոք չեն դատել, ինձ դատել են Սովետմիության օրոք, ինձ դատել են Ռոբերտ Քոչարյանի օրոք, ինձ դատել են Սերժ Սարգսյանի օրոք, երեք անգամ դատել են։ Հետո՞․․․

-Իսկ պայքարելո՞ւ եք, որ Ձեր իրավունքները վերականգնվեն։

-Վճռաբեկ դատարանն իմ գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան։ Դեռ առաջին ատյանի դատարանում պետք է պայքարեմ, որ չլինի անօրենություն, ինձ անօրեն են ձերբակալել։

-Դուք պնդո՞ւմ եք, որ Ձեզ քաղաքական հրահանգով են ազատազրկել։

-Ի՞նչ է, Դուք չե՞ք գտնում, որ քաղաքական հրահանգով է արվել։ Եթե անմեղ մարդուն բռնում են, ասում՝ ատոմային ռումբ ես բերել, հետո պարզվում է, որ չէ, ի՞նչն է անհասկանալի։

-Դիմելո՞ւ եք նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։

-Անպայման։ Թող տեսնենք առաջին ատյանում ինչ են անում, հետո կխոսենք ՄԻԵԴ-ից։

Մեկնաբանություն
X