Ես նրանց կաշին դաբաղանից գիտեմ․ Խորեն Թռչունիչը` նախկին իշխանությունների մասին

Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, կոմունիստ Խորեն Սարգսյանը (Թռչունիչ) կարծում է, որ ապրիլյան հեղափոխության ամենակարեւոր ձեռքբերումը ժողովրդի մեջ հույսի արթնացումն է։ Այսպես պատասխանեց նա, արձագանքելով Hraparak.am-ի այն հարցին, թե ինչ փոփոխություններ է նկատել ԱԺ նախկին պատգամավորը Հայաստանում վերջին չորս ամիսների ընթացքում։

«Կոմունիստները եղել են իշխանություն եւ լավ են պատկերացնում, թե ինչ չարչարանքներ են պահանջվում, որ երկիրը ոտքի կանգնի, շենացվի։ Կոռուպցիան քիչ-քիչ վերանում է, կաշառակերությունը վերանում է, աշխատողին գնահատում են, նոր են ընդունում աշխատանքի, ոչ թե ծանոթ-բարեկամ-խնամիությամբ։ Երկիրն այդ դեպքում ինքնըստինքյան ոտքի կկանգնի։ Ինչ վերաբերում է նախկիններին, ապա, ինչպես ասում են, ես նրանց կաշին դաբաղանից գիտեմ։ Նրանք ստրուկի կարգավիճակով եկան Հայաստան, եւ նրանց սիրտը չկպավ այս հողին, ջրին ու մարդկանց։ Այն մարդը, որն այս երկրում պապ ու ծնող է թաղել, նրա սիրտը կարող է ցավալ այս երկրի համար»,- ասաց Խորեն Թռչունիչը։ Մեր դիտարկմանը, թե արդյոք արդյունավե՞տ է համարում կոռուպցիայի դեմ պայքարը, իրավապահ համակարգի գործունեությունը, Խորեն Թռչունիչն արձագանքեց․ «Նրանք այդ բոլոր փաստերը գիտեին դեռ վաղուց, հիմա դրանք հանում են, ներկայացնում։ Կար ժամանակ, որ արգելված էր դրանք ներկայացնելը, իսկ հիմա ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս։ Երկիրը քսան տարուց ավելի է, ինչ թալանի էր մատնված, եւ այդ թալանողներին իրավապահները գիտեին, բայց չէին կարողանում խոսել։ Հիմա կարողանում են պայքարել»։

Մեկնաբանություն
X