Բաց նամակ ՀՀ վարչապետ պրն Փաշինյանին

Պարոն Փաշինյան, Ձեր՝ իշխանության գալուց հետո շատ մարդկանց մեջ հույսեր արթնացան, որ Հայաստանի իրավական համակարգի հետ կապված իրենց խնդիրները դրական եւ ճիշտ լուծում կստանան։ Սակայն իմ օրինակով կարող եմ ասել, որ, ցավոք, դա այդպես չէ, հատկապես՝ դատախազության աշխատանքը։ Իմ բոլոր դիմումներն ու գանգատները մնում են անպատասխան եւ մերժվում են, իսկ հանցագործները վայելում են հանցավոր ճանապարհով զավթածը։ 1972թ․ Ոսկեհատ Հակոբի Գեւորգյանն Արտաշատի նոտարական գրասենյակում կտակ էր ձեւակերպել իմ անունով։ Նա մահացավ 1978թ․։ Ես կտակի մասին իմացա 1981թ․, վաղեմության ժամկետը լրանալու պատճառով դիմեցի դատարան, որն էլ իր 22․04․1981թ․ որոշմամբ վերականգնեց վաղեմության ժամկետը՝ ժառանգություն ընդունելու համար։ Սակայն նոտարն այն չէր ձեւակերպել՝ չունենալով դրա իրավունքը։ Նա ասում էր, որ գործը կլսվի դատարանում, հետո կտեսնենք։ Դատարանն ինձ կտակված տունն իր անօրինական որոշմամբ բաժանեց իմ եւ հորս միջեւ՝ հաշվի չառնելով կտակի առկայությունը եւ դատարանի որոշումը։ Այդ որոշումը մի քանի անգամ բեկանվել է եւ լսվել տարբեր դատարաններում։

Հետո ես մեկնել եմ Ուկրաինա։ Օգտվելով իմ բացակայությունից, հանցավոր համաձայնության գալով կադաստրի, նոտարի, զագսի ծառայությունների հետ, խաբելով հորս՝ ինձ կտակված տունն իր անունով որպես նվիրատվություն է ձեւակերպել իմ նախկին կինը՝ Անուշիկ Վաչիկի Պետրոսյանը։ Կադաստրում կեղծվել է հորս ստորագրությունը, զագսում կեղծվել է հորս ծննդյան օրը, ամսաթիվը, իմ ծննդյան օրը եւ ամսաթիվը, իբր ես երբեւիցե չեմ էլ ծնվել։ Հայրս չուներ դրա իրավունքը, նա ո՛չ օրենքով, ո՛չ կտակով ժառանգ չէ։ Այս պահին տարբեր ատյաններում քննություններ են ընթանում, բայց իմ հանդիպումները ոչ մի հույս չեն ներշնչում, որ հարցը ճիշտ լուծում կստանա։ Ես դիմել եմ Ձեր աշխատակազմին 06․08․2018թ․, սակայն մինչեւ օրս, ինչպես միշտ, չունեմ պատասխան, հույս էլ չունեմ, թե կունենամ։ Ինձ նորմալ ընդունում են, սակայն արդյունք չկա։ Դիմելով Ձեզ՝ հուսով եմ, որ Ձեր միջամտությունը կօգնի հարցի արդարացի լուծմանը։ Հայաստանի իրավական համակարգը շատ հզոր է ու համախմբված, եւ ես զգում եմ, որ մարդիկ անզոր են նրանց դեմ, չնայած Ձեր բոլոր ջանքերին։ Ես չեմ կարծում, որ 37 տարի կապրեմ, որպեսզի պայքարեմ, հասնեմ արդարության։ Խնդրում եմ Ձեզ ուշադրություն դարձնել հարցին, որ հասնենք որեւէ արդյունքի։

Օնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ուկրաինայի քաղաքացի

Մեկնաբանություն
X