«Սասնա ծռերը»՝ նոր մոտեցումներով եւ ժամանակակից լուծումներով

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 27-ին եւ 28-ին տեղի կունենա 2 մասից բաղկացած «Սասնա ծռեր» ներկայացման առաջնախաղը։

Բեմադրության հիմքում «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսն է։ Հայ ժողովրդի՝ իր ոսոխների դեմ մղած դարավոր պայքարը հանդիսատեսին կներկայացվի նոր մոտեցումներով եւ ժամանակակից լուծումներով։

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ասում է, որ իր եւ թատրոնի գեղղեկավար Արմեն Էլբակյանի սկզբունքն է՝ բաց պահել թատրոնը եւ չգետտոյացնել այն՝ հրավիրել երիտասարդ ռեժիսորների։ «Որովհետեւ հետագա ճանապարհի կողմնորոշման համար՝ իբրեւ ուղեցույց, մենք ակնկալիքներ ունենք։ Եվ երբ քննարկում էինք, թե ովքեր կան դաշտում, որոնց աշխատանքները ե՛ւ Հայաստանում հաջողություն ունեն, ե՛ւ միջազգային ասպարեզում, հասկացանք, որ Սամսոն Մովսեսյանն այդ երիտասարդներից է, հրավիրեցինք իրեն՝ տալով ստեղծագործական ազատություն։ Ինքն առաջարկեց «Սասնա ծռերը» եւ ինքն էլ ցանկացավ իր տարբերակը բեմականացնել, ինչի համար մենք միայն ուրախ էինք եւ չենք խնայել ոչինչ․ ինչ որ բեմադրիչը ցանկացել է, մենք արել ենք՝ չունենալով որեւէ հովանավոր կամ պետական աջակցություն այս ներկայացման համար»,- ասում է Մկրտչյանն ու հավելում, որ ֆինանսավորումն արել են թատրոնի արտաբյուջետային միջոցների հաշվին։

Թե ինչքան է կազմել ներկայացման բյուջեն, Վարդան Մկրտչյանն ասաց, որ այն սկսելուց առաջ երբեք չի հաշվում, սա իր մենեջմենթի գուցե ոչ նորմալ դրույթներից է։ «Ինքս ստեղծագործող մարդ եմ եւ շատ լավ հասկանում եմ, որ ստեղծագործությունն իր հետ բերում է փոփոխություններ, ավելացումներ, եւ, ի վերջո, սա գործարան կամ արտադրություն չէ, որ պետք է այսքան դնես եւ այսքան շահես։ Դրա մոդելը դեռ գտնված չէ մեր իրականության մեջ, եւ ես այն մարդկանց թվին եմ պատկանում, ովքեր ասում են, որ նույն գնումների օրենքը չպետք է վերաբերի ստեղծագործական պրոցեսի առարկաներին, դրանց պատրաստմանը, դա ուղղակի կաթվածահար է անում ստեղծագործական պրոցեսը։ Անկախ ամեն ինչից՝ բավականին ներկայանալի բյուջե ենք դրել մեր թատրոնի հնարավորությունների սահմանում, իսկ արդյունքի մասին հանդիսատեսը կասի պրեմիերայից հետո»,- ասում է նա ու հավելում, որ հիմնականում գոհ է ընթացքից, իսկ ամենակարեւորը, որ երիտասարդական թարմություն է գալիս այս ներկայացումից։

«Սասնա ծռերի» բեմադրության հեղինակը Սամսոն Մովսեսյանն է, նկարիչը՝ Վիկտորիա Հովհաննիսյանը, կոմպոզիտորը՝ Վաչե Շարաֆյանը։ Դերերում հանդես են եկել Հովհաննես Գասպարյանը, Սոնա Մաթեւոսյանը, Դավիթ Գասպարյանը, Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Ծովինար Մարտիրոսյանը, Ռուզաննա Հախնազարյանը, Լուսինե Կոստանյանը, իսկ գլխավոր դերում՝ Խորեն Լեւոնյանը։ «Խորենին մենք հրավիրել ենք դերսանակազմ, որովհետեւ կարծում ենք, որ Խորենի նման դերասանները պետք է լինեն մեր թատրոնում եւ միայն կհարստացնեն մայր թատրոնի դերասանախումբը։ Եվ ընդհանրապես՝ պատրաստակամ ենք շնորհքով աչքի ընկնող արտիստներին բերել մայր թատրոն»,- նկատում է Մկրտչյանը։

Ինչ վերաբերում է այս տարի պետության կողմից բոլոր թատրոններին տրվող պետական ֆինանսավորման կրճատմանը, Վարդան Մկրտչյանը կարծում է, որ դա կաթվածահար է անում աշխատանքը․ «Մայր թատրոնի դեպքում կրճատվել է 20 մլն-ի չափով։ Եթե մենք ուզում ենք ունենալ առողջ, հարուստ, ներկայանալի մշակութային կառույց, մենք պետք է առողջ, ներկայանալի ներդրումներ անենք դրա մեջ, հակառակ դեպքում մնացածը չիրականացվող հեքիաթների ժանրից է։ Եթե պետք է նեղենք մշակութային օջախներին, ուրեմն եկեք չակնկալենք ոչինչ, որովհետեւ մեզ նման նվիրյալ մարդկանց էնտուզիազմն էլ կհերիքի որոշակի ժամանակ, ոչ ավել, իսկ դրա մասին պետք է մտածել»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X