Մեսիջ՝ այցի նախօրյակին

Երկու ուշագրավ դեպք տեղի ունեցավ երեկ։ Նախ՝ ռուսական Interfax լրատվական գործակալությունը, վկայակոչելով սեփական աղբյուրներին, հաղորդեց, որ Ռուսաստանում որոշում է կայացվել չեղյալ հայտարարել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ ԱՊՀ տարածքում հայտարարված միջազգային հետախուզումը ՌԴ տարածքում։ Ընդ որում, համաձայն պարբերականի, ռուսական կողմն ուսումնասիրել է 2008-ի մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերը եւ եկել այն եզրակացության, որ հետախուզումը պետք է չեղյալ հայտարարվի։ Այս լուրը դեռ հայկական լրատվական հարթակում լիովին «չմարսված», ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրեց․ «Բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչվեն, թալանվածը մինչեւ վերջին լուման պետք է վերադարձվի ժողովրդին: Ուրիշ տարբերակ պարզապես չկա»:

Իհարկե, կարելի էր նաեւ այս գրառման մեջ ավելացնել, որ արեւն արեւածագին պետք է դուրս գա արեւելքից, իսկ մայրամուտին՝ անհետանա, կամ որ գետերը պետք է ունենան երկու ափ՝ աջ եւ ձախ, սակայն կարծում ենք, որ հասարակությունը դեռ այդ մակարդակի չի դեգրադացվել։ Ռուսական Interfax-ի հրապարակումից հետո վարչապետ Փաշինյանի գրառում-հայտարարությունը մի քանի միտք առաջացրեց․

1․ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Interfax-ի՝ հայկական թեմատիկայով արված հրապարակումները, պարզվել է, լիովին արժանահավատ են, եւ կարելի է դրանք ընդունել որպես կիսապաշտոնական հրապարակումներ։ Այսինքն, 2 տարբերակ կա՝ կա՛մ հայկական կողմին իրազեկվել է պաշտոնապես, որ Միքայել Հարությունյանի մասով հույս չունենան, թե կկարողանան կանչել եւ ձերբակալել, կա՛մ էլ, ինչն ավելի վատ է, վարչապետ Փաշինյանը հավատում է անանուն աղբյուրների հայտնած տեղեկությունների հիման վրա արված հրապարակումներին։

2․ Պուտին-Փաշինյան հանդիպման, այսպես ասենք՝ նախաշեմին Միքայել Հարությունյանի մասով Մոսկվայի կայացրած որոշումը «գոտկատեղից ներքեւ» հարված էր Փաշինյանին ու նրա թիմին։ Մոսկվան պարզ հասկացնում է, որ հանդիպմանը խոսակցությունը լինելու է շատ լուրջ եւ շատ կոնկրետ, առանց ավելորդ սիրալիրությունների։ Փաշինյանը, անշուշտ, սա հասկանում է։ Ով-ով, բայց լրագրող Նիկոլ Փաշինյանը լավ քաղաքական հոտառություն ունի եւ կարող է կարդալ տողատակերն ու մեսիջը, որն ուղարկվեց իրեն Մոսկվա մեկնելուց ընդամենը մի քանի ժամ առաջ։

3․ ՀՀ վարչապետի գրառումից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նա չափազանց նյարդային է, կարելի է ասել՝ նույնիսկ անհավասարակշիռ վիճակում, նման այն մարդու, ում ոտքերի տակից հողը սկսում է փախչել։ Ընդ որում, այդ զգացողությունը մեկօրյա պատմություն չունի, այլ շատ ավելի խորը արմատներ, քան կարելի է պատկերացնել առաջին հայացքից։

Տիգրան ՎԱՀԱՆԵ

Մեկնաբանություն
X