ՀՀ ԱԽՔ-ի ապաշխարանքը Noyev Kovcheg.ru-ում

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ժամանակին, երբ դեռ ԱԽՔ չէր դարձել, ընդգծված արեւմտամետ հայացքներով քաղաքական գործչի համբավ ուներ, ով չէր վախենում հարկ եղած դեպքում քննադատել ռուսներին, նախկին իշխանություններին՝ ռուսամետության համար։ Սակայն նույն Արմեն Գրիգորյանի մոտ կարծես զարմանալի մետամորֆոզներ են տեղի ունեցել։ Նա Noyev-Kovcheg.ru կայքին ընդարձակ հարցազրույց է տվել, որտեղ ավելի ռուսամետ հայտարարություններ է արել, քան իրենց թույլ կտային նախկին իշխանությունների ներկայացուցիչները։ Ընդ որում, հարցազրույցը լայնորեն տարածում են ֆեյսբուքյան տիրույթում, եւ հրապարակումն էլ եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր Մոսկվա կատարելիք այցից բառացիորեն մեկ օր առաջ։

Մենք ժամանակին գրել էինք, որ ռուսական կողմը հայկական նոր իշխանությունների որոշ ներկայացուցիչների հանդեպ ունի ընդգծված անվստահություն, նույնիսկ այն աստիճան, որ հասկացրել է, որ ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթերը, օրինակ, պետք է այնպես շրջանառվեն, որ Արմեն Գրիգորյանին չհասնեն։ «Հրապարակը» նաեւ գրել էր, որ այն բանից հետո, երբ Քոչարյանն արդեն բացահայտ վերադարձավ քաղաքականություն, նրա թիմը, տիտանական գործ անելով, Մոսկվային ներկայացրել է հսկայածավալ փաթեթ՝ նոր իշխանությունները ներկայացնող յուրաքանչյուր կադրի մասին ծավալուն դոսյեով։ Միաժամանակ, ընթերցողը հիշում է, անշուշտ, թե ինչպես EADaily լրատվական կայքում օգոստոսի 12-ին ՀՀ վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով այժմ արդեն նախկին խորհրդական Արսեն Խառատյանի մասին հոդվածի հրապարակումից օրեր անց Խառատյանը հանկարծակի «կարոտեց» իր ընտանիքը, որն ապրում է Թբիլիսիում, եւ հրաժարականի դիմում գրեց ու մեկնեց Վրաստան։ Իսկ ռուսական EADaily-ն գրել էր, օրինակ, որ նախագահ Քոչարյանի եւ հատկապես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալման, այսպես ասած, «շտապողականության» մեղքը հիմնականում Արսեն Խառատյանի «վզին» է։ Նաեւ գրել էր, որ Խառատյանի կինն աշխատում է Թբիլիսիի ամերիկյան դեսպանատանը, իսկ Խառատյանն ինքը Պետդեպի հովանու ներքո գործող ֆոնդերի ֆինանսավորմամբ «աշխատեցնում» է «Ալիք մեդիա» լրատվական կայքը Վրաստանում։

Մի խոսքով, Արսեն Խառատյանից ստեղծել էին ամերիկացի «շպիոնի» դասական կերպար։ Եվ ահա այս հրապարակումից օրեր անց Խառատյանը հեռանում է պաշտոնից։ «Հրապարակը» նաեւ որոշ մանրամասներ էր հայտնել՝ գրելով, որ այդ հեռացումն արվել էր անմիջականորեն Մոսկվայից հնչած հեռախոսազանգով եւ ուղղակի ցուցումով, մի բան, որ 1991-ից մինչ օրս չէր եղել։ Ու այս ամենի ֆոնին Արմեն Գրիգորյանի «Պուտինը մեր պապան է, եւ օրհնվի էն սհաթը, որ ռուսի օրհնյալ սապոգը մտավ հայոց աշխարհ» տրամաբանությամբ հարցազրույցը կարծես թե նման է զղջման եւ ապաշխարանքի կամ էլ հատուկ մարտավարություն է, որպեսզի չկորցնի պաշտոնը։ Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, եւ ռուսական մամուլն էլ պարզորոշ գրել է այն անձանց անունները, որոնք Փաշինյանի թիմում համարվում են անցանկալի Մոսկվայի համար։ Արսեն Խառատյանն այդ ցանկում էր, Արմեն Գրիգորյանը՝ եւս։ Ու հիմա կարելի է նույնիսկ մտածել, որ ՀՀ ԱԽՔ-ն վախենում է, որ Մոսկվա այցից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լիովին կադապտացվի ռուսական սապոգին», ինքը կարող է համալրել ՀՀ գործազուրկների մի քանի հարյուր հազարանոց բանակը, եւ որոշել է այսկերպ գալիքի մռայլ ստվերը հեռացնել իրենից։

Տիգրան ՎԱՀԱՆԵ

Մեկնաբանություն
X