Շատերը չեն կողմնորոշվում, թե ով էր կանգնած մեր երկրում տեղի ունեցած իշխանափոխության հետեւում

Առայսօր մարդկանց ներկայացվել է ու կներկայացվի աշխարհում տիրող կարգերի աղավաղված պատկեր, որպեսզի մարդիկ չհասկանան իրենց հետ տեղի ունեցող պրոցեսների բուն էությունը, որպեսզի նրանց միշտ հեշտությամբ կարողանան խաբել եւ ուղղորդել, որպեսզի նրանք միշտ կառավարելի լինեն: Դա է պատճառը, որ, օրինակ, մեր երկրում ամեն անհեթեթության մարդիկ կհավատան, բայց ճշմարտությունն իրենց համար ընկալելի չի լինի, քանի որ սերնդեսերունդ խաբվել են (պետական քարոզչության, կրոնի, կինոյի, գրականության, դպրոցների ու համալսարանների միջոցով), որի արդյունքում իրենց գիտակցությունն այնքան է տրանսֆորմացվել, որ ի վիճակի չի այլեւս հասկանալ աշխարհի հասարակական, քաղաքական ու տնտեսական կյանքում տեղի ունեցող խորքային գործընթացները եւ այն պատճառները, համաձայն որոնց դրանք տեղի են ունենում:

Այս ամենը գրում եմ, որովհետեւ գիտեմ, որ իմ հետագա տեքստը չեք հասկանա ու չեք ընդունի (բացառությամբ մի քանի հոգու), դրա համար էլ, այնուամենայնիվ, ուզեցի այդ ամենը հիշեցնել ձեզ: Բանն այն է, որ աշխարհում տեղի ունեցող խմորումները շատ ավելի բարդ են, քան այն պրիմիտիվ մոդելը, որը ներկայացվում է ձեզ: Դա ինչ-որ սպորտային խաղի տարբերակով է ներկայացվում, որտեղ խաղացողները պետություններն են, որոնք մրցում են միմյանց հետ: Իրականությունը լրիվ այլ է. աշխարհում կան մարդկանց փոքր, բայց շատ կազմակերպված խմբեր (ֆինանսատնտեսական կլաններ, որոնք հատկապես 2-րդ եւ 3-րդ աշխարհի երկրներում հանդես են գալիս որպես օլիգարխիաներ), որոնք իրենց օրակարգն ու ինչ-որ իմաստով նաեւ խաղի կանոններն են թելադրում մյուսներին: Բայց այդ «մյուսներ» ասվածը շատ բազմաշերտ է, քանի որ կան կազմակերպված հանրույթներ, որոնց հետ այդ ֆինանսատնտեսական հզոր կլանները հաշվի են նստում, եւ կան խիստ անկազմակերպ հանրույթներ, որոնք ուղղակի ստրկացվում են այդ կլանների կողմից: Հայաստանյան մեր հանրույթը խիստ անկազմակերպներից է, որի համար էլ մեր երկիրը փաստացի ստրկացված վիճակում է գտնվում, եւ քանի որ մեր ժողովուրդը դա չի հասկանում, ուրեմն դա դեռ շատ երկար կտեւի. ամեն ինչ վերջին հաշվով սեփական վիճակի ճիշտ գիտակցումից է կախված՝ եթե այն չկա, ուրեմն չկա եւ գործողությունների ճիշտ ծրագիր` աղետալի վիճակը հաղթահարելու համար:

Դուք պիտի իմանաք, որ Հայաստանում իշխանությունները երբեք Հայաստանի ժողովրդին չեն ներկայացրել, այդ իշխանություններն ընդամենը դրսի հզոր ուժերի մարիոնետներ են, կոնկրետ այն կլանի, որը ժամանակին ԽՍՀՄ-ն էր ղեկավարում ու մի գեղեցիկ օր որոշեց ապամոնտաժել այն (ԽՍՀՄ-ն արդեն իր միսիան կատարել էր, ժամանակն էր սկսել նրա հսկայական բնական ռեսուրսների թալանն ու մարդկային ռեսուրսների ստրկացման գործընթացը)։ Այդ ուժը համաշխարհային մասշտաբի ամենահզոր ֆինանսատնտեսական 3 կլաններից մեկն է, բնականաբար՝ այդ ուժին է ենթարկվում նաեւ այսօրվա Ռուսաստանը, պուտինյան խունտան իրենց դրածո ռեժիմն է, նրանք իրենց մարդկանց ու ռեժիմներն են հաստատում աշխարհի տարբեր երկրներում։ Նույնիսկ Թրամփն է իրենց դրածոն, բայց Թրամփի եւ, օրինակ, Պուտինի միջեւ կա շատ սկզբունքային տարբերություն․ եթե պուտինյան ռեժիմը Ռուսաստանն իր բռի մեջ է պահում, եւ այդ ռեժիմի միջոցով վերը նշված օլիգարխիկ կլանը կարողանում է ստրկության մեջ պահել Ռուսաստանին, ապա Թրամփի պարագայում լրիվ այլ է, Թրամփի միջոցով անհնար է ամբողջությամբ վերահսկել ԱՄՆ-ն, քանի որ ԱՄՆ-ի հանրույթն իմ նշած խիստ կազմակերպված հանրույթներից է։ Այդ հանրույթի հետ հաշվի են նստում բոլորը, էլ չեմ ասում, որ ԱՄՆ-ում իր հզորագույն դիրքերն ունի ֆինանսատնտեսական մեկ այլ կլան, որին հավաքական «անգլոսաքսեր» անունով են ոմանք հիշատակում (նույնպես այն երեքի մեջ է մտնում), եւ որն այս մյուսին այնքան էլ մեծ շանսեր չի տալիս ԱՄՆ-ում իր ծրագրերն առաջ մղելու առումով:

Որպեսզի շատ չերկարացնեմ, ասեմ, որ նախկին ԽՍՀՄ տարածքում (չհաշված բալթյան երկրները, Ուկրաինան ու Մոլդովան, ինչպես նաեւ Վրաստանն ու Թուրքմենստանը՝ որոշ վերապահումով) այդ կլանը (ոչ անգլոսաքսերը, իհարկե) դեռ բավականին ամուր կանգնած է ոտքերի վրա, ու ԵԱՏՄ պրոյեկտը հենց իրենց մտահղացումն է, ՀԱՊԿ-ն՝ նույնպես։ Նրանք մի նոր կայսրություն են ստեղծում նախկին ԽՍՀՄ տարածքում, որտեղ իրենք բացարձակ իշխանություն կունենան, իսկ այդ կայսրությունը բնակեցնող ժողովուրդները ստրուկի կարգավիճակում կլինեն։ Դրա համար էլ այդ տարածքում ապրող ժողովուրդների մեջ ճնշում են ցանկացած ազատատենչություն եւ երբեք թույլ չեն տա ապագա այդ կայսրության տարածքի մեջ ներառված երկրների բնակիչներին ժողովրդավարական ու իրավական պետություններ կառուցել, քանի որ դա կհանգեցնի նրան, որ այդ ժողովուրդներն անկազմակերպ հանրույթներից կվերածվեն կազմակերպված հանրույթների։ Այդ դեպքում իրենք ստիպված կլինեն հաշվի նստել այդ ժողովուրդների հետ՝ այնպես, ինչպես ստիպված են դա անել արեւմտյան զարգացած երկրների պարագայում:

Այս ամենը գրեցի, որ հասկանանք, թե ով էր կանգնած Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետեւում: Եթե նրանք չլինեին, ապա Մոսկվան կամ նույնիսկ Մոսկվայի տեղական սատրապ արյան մեջ կխեղդեր այդ հեղափոխությունը, որովհետեւ Փաշինյանը Մոսկվայի մարդը չէր, բայց քանի որ նրանք էին այդ ամենի հետեւում կանգնած, Մոսկվան ու իր տեղական սատրապները ստիպված էին հաշտվել դրա հետ: Այդ կլանը մինչ վերջերս արհամարհում էր Հայաստանի գործոնն ու Հայաստանը հանձնել էր Մոսկվայում նստած իր վասալների կառավարմանը, բայց այժմ, կարծես թե, որոշել է անձամբ զբաղվել մեզնով, ինչպես որ դա անում է ԵԱՏՄ կազմի մեջ մտնող մյուս երկրների պարագայում (չնայած Ռուսաստանը նույնպես իր ենթակայության տակ գտնվող երկիր է, սակայն, այնուամենայնիվ, պուտինյան ռեժիմն ունի որոշակի ինքնավարություն, եւ դա է պատճառը, որ կլանը երբեմն զգուշավորություն է ցուցաբերում Մոսկվայում նստած ռեժիմի հետ հարաբերություններում):

Դա ինչ կտա մեզ, դեռ պարզ չէ, բայց ես ինքս ոչ մի լավատեսություն չունեմ դրա հետ կապված։ Սա այդ կլանի կողմից իրագործվող «Նոր Առաջավոր Ասիա» մեծ ծրագրի մի փոքրիկ բաղադրիչ է, որտեղ մեր երկիրը, ի հակադրում մեր ազգային շահի, հերթական անգամ կօգտագործվի հանուն իրենց ինչ-որ նպատակների իրագործման: Ու ամենակարեւորը․ ելնելով այս ամենից՝ խորհուրդ կտամ ձեզ այլեւս չվիճաբանել այն հարցի շուրջ, թե ում է ներկայացնում Փաշինյանը` Արեւմուտքի՞ն, թե՞ Մոսկվային: Նա ներկայացնում է այն կլանը, որը, իհարկե, Արեւմուտքից է, սակայն երբեք չի ասոցացվում Արեւմուտք կոչվող աշխարհաքաղաքական հասկացության հետ. դա ԵԱՏՄ կառուցող, արեւմտյան իսկական լիբերալ արժեքներին ընդդիմացող, մարդկանց իրավունքներն ու ազատությունները սահմանափակող գլոբալ մասշտաբի ֆինանսատնտեսական կլան է, որը կանի ամեն ինչ, որպեսզի Հայաստանը չդառնա արեւմտյան քաղաքակիրթ աշխարհի մաս, քանի որ այդ դեպքում ստիպված է լինելու հաշվի նստել մեզ հետ ու հարգել մեր իրավունքները, որն իր պլանների մեջ չի մտնում ընդհանրապես:

Թորոս ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Մեկնաբանություն
X