Հանրային նոր խորհուրդը որքանո՞վ կլինի հանրային

Սեպտեմբերի 6-ին կառավարությունը հաստատեց Հանրային խորհրդի կազմը։ Մինչ այդ գրել էինք, որ, ըստ օրենքի, Հանրային խորհուրդը պետք է ձեւավորվեր կառավարության ձեւավորումից 1 ամիս անց, բայց միայն 2 օր առաջ պարզ դարձան կառավարության կողմից նշանակված առաջին 15 անդամների անունները։ 45 անդամից կազմված Հանրային խորհրդի վերջնական ձեւավորումը կատարվում է հետեւյալ ընթացակարգով․ կառավարության ներկայացրած 15 անդամները ձեւավորում են 15 հանձնաժողով, դրանք էլ իրենց հերթին փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրում են հանձնաժողովի նախագահ, եւ նրանք դառնում են ՀԽ մյուս 15 անդամները։ Ապա առաջին 30 հոգին ընտրում է եւս 15 անդամի, եւ արդյունքում ձեւավորվում է 45 անդամից կազմված Հանրային խորհուրդը։

Կառավարության ներկայացրած 15 հոգանոց ցուցակը գլխավորում է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը։ Այստեղ են նաեւ «Կոնվերսբանկի» գործադիր տնօրեն, ՀԽ անդամ Արմեն Տեր-Տաճատյանը, բժիշկ-հիգիենիստ, գենդերային հիմնահարցերի փորձագետ, ՀԽ անդամ Անահիտ Աղոյանը, ՀԽՍՀ եւ ՀՀ ռազմական եւ պետական գործիչ, գեներալ-մայոր Կառլոս Ղազարյանը՝ ՆԳ նախկին նախարար, «Սինոփսիս» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Կովկաս» կենտրոնի նախագահ, ՀԽ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը, «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, արվեստաբան Վարդան Ազատյանը, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, ազգագրական պարերի մասնագետ Գագիկ Գինոսյանը, Թումանյանի թանգարանի տնօրեն, ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Նարինե Թուխիկյանը, Աշոտ Հակոբյանը, «Հայջրնախագիծ» ՓԲԸ տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Յուրի Ջավադյանը, պաշտպանության փոխնախարար Արկադի Տեր-Թադեւոսյանը, Հրանտ Աբրահամյանը։ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նշանակված անդամների մասին ընդհանուր գնահատական տվեց՝ ասելով, որ արժանավոր մարդիկ են, իսկ իր՝ եւս մեկ անգամ նախագահ ընտրվելու մասով էլ ասաց, որ դեռ շուտ է․ «Ես որեւիցե բան ասել չեմ կարող, 15 հոգու ցուցակը ներկայացրել են, ես ոչ մեկին առանձնապես քննարկել չեմ կարող, 7-ը նախկին Հանրային խորհրդից են, 8-ը նոր մարդիկ են, ցուցակը երբ նայել եմ, կարծես թե բոլորն արժանավոր մարդիկ են, բայց պրոցեսը նոր է սկսվում, դեռ 2-2.5 ամիս կտեւի, նոր Հանրային խորհուրդը կձեւավորվի, կնշանակվի նախագահ, այնպես որ, մենք դեռ առիթ կունենանք դրա մասին խոսելու»։

Փոխվել է նաեւ խորհրդի տեղակայման վայրը․ այժմ ՀԽ-ն նստելու է Բաղրամյան 26-ում, սակայն Վազգեն Մանուկյանը մտահոգ է՝ այնտեղ աշխատել հնարավոր չէ․ «Այո, իսկապես, Բաղրամյան 26 են տեղափոխել, որը շատ սխալ է, որովհետեւ Բաղրամյան 26-ում Հանրային խորհուրդն աշխատել չի կարող, այնտեղ ռեժիմային շենք է, իսկ ՀԽ-ն, բացի իր անդամներից, հանձնաժողովների 2 հազար անդամներ ունի, որոնք անընդհատ հավաքվում են, գալիս են բողոքողներ, այցելողներ։ Ես կարծում եմ՝ կա՛մ պետք է Բաղրամյան 26-ի ռեժիմային համակարգը փոխվի, կա՛մ ՀԽ-ին ուրիշ տեղ տան։ Բաղրամյան 26-ի այս ռեժիմային պայմաններում Հանրային խորհուրդն աշխատել չի կարող․ դա իմ կարծիքն է»։

ՀԽ նորանշանակ անդամ Բաբկեն Պիպոյանը չցանկացավ խոսել ներկայացված ցուցակի մասին՝ ասելով, որ դեռ շուտ է այդ մասին խոսելը, քանի որ խորհուրդն ամբողջովին ձեւավորված չէ, սակայն խոսեց Հանրային խորհրդի դերի ու նշանակության մասին՝ նշելով, որ պետք է ՀԽ-ի վերաբերյալ հասարակական ընկալումները փոխվեն․ «Ցուցակի հետ կապված գնահատական չեմ կարող տալ այս փուլում, այնպես է, որ 45 հոգուց բաղկացած խորհուրդ է, իսկ այս պահին միայն 15-ն են հայտնի, մինչդեռ կազմի ամբողջական չլինելու պարագայում, կարծում եմ, տեղին չէ գնահատական տալը՝ ո՛չ լավը եւ ո՛չ վատը։ ՀԽ դերի եւ նշանակության մասով կարող եմ ասել, որ այն, ըստ էության, պետք է կարողանա հանրային կարծիքի ուսումնասիրությունների եւ մասնագիտական փորձի հիման վրա գնահատական տալ կարեւոր պրոցեսին, որը տվյալ պահին տեղի է ունենում երկրում՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական իմաստով՝ սկսած իրավական բարեփոխումներից, ավարտած առողջապահական, մշակութային եւ այլ ոլորտներից։ Այս իմաստով կարեւոր է, որ Հանրային խորհուրդը հասարակության կողմից ընդունվի ոչ թե մարմին, որը ստեղծվել եւ գործում է իշխանությունների կողմից ստեղծված քաղաքականությունը, ռազմավարությունը, մեթոդաբանությունը լեգիտիմացնելու համար, այլ ստեղծվել է իրապես օբյեկտիվ գնահատելու, ճիշտ հանրային կարծիք ձեւավորելու եւ ճիշտ մասնագիտական վերլուծություններ գործադիրին ներկայացնելու համար։ Եթե ՀԽ-ն կարողանա իր առջեւ դրված այս կարեւորագույն առաքելությունը կյանքի կոչել, ապա կարող ենք ասել, որ հաջողել է, եթե չի կարողանա, ապա միանշանակ կարող եմ ասել, որ չի հաջողել։ Իմ մասով կարող եմ ասել, որ այն մարդկանցից չեմ, որ խուսափում է աշխատանքի բեռից եւ պատասխանատվությունից, բայց, մյուս կողմից՝ այն մարդկանցից էլ չեմ, որ տեսնեմ՝ չի ստացվում ու շարունակեմ գործել։ Եթե չստացվի, ուրեմն, բնականաբար, անելիք չունենք, որեւէ բան այս կյանքում ինքնանպատակ չպետք է արվի»։

Նախորդ խորհրդի աշխատանքները գնահատելիս Պիպոյանը նշեց․ «ՀԽ-ն, ըստ էության, կառավարության համար խորհրդատվական մարմին է, դա հասարակական հիմունքներով փորձագիտական աշխատանք է՝ չվճարվող հասարակական հիմունքներով։ Չեմ կարող ասել, որ փորձ չի եղել, բայց չեմ էլ կարող ասել, որ այդ փորձը եղել է հավուր պատշաճի։ Կարող եմ ասել մի բան՝ Հանրային խորհուրդը լեգիտիմացնում է իշխանությունների քաղաքականությունը։ Այս փիլիսոփայությունը հասարակության մոտ եղել է արմատացած։ Անկախ ամեն ինչից, թե որն է եղել պատճառը՝ լեգիտիմացրե՞լ է, կամ ավելի շատ երեւացել է լեգիտիմացնե՞լը, քան թե չլեգիտիմացնելը, ես իրականում այդքան էլ նախորդի գործունեության ակտիվությանը չեմ տիրապետում, եղել են դեպքեր, երբ քննարկումներն անցել են օբյեկտիվորեն փակ, օրինակ՝ «Էլեկտրիկ Երեւանի» ժամանակ, նույն «100 դրամների» ակցիայի ժամանակ։ Իրականում չի բացառվում, որ տարբեր հարցերում եղել են բավականին դրական արդյունքներ, եւ զուտ իրազեկման խնդիր ենք ունեցել, հանրությանը չի իրազեկվել։ Հնարավոր է, որ իշխանությանը դեմ են դուրս եկել եւ հասել են որոշակի փոփոխությունների։ Չի բացառվում, որ դա էլ է եղել, պարզապես մենք տեղեկացված չենք։ Բայց գլոբալ խնդիրը չի լուծվել, իսկ գլոբալ խնդիրն այն է, որ եթե կա ասոցացում, ուրեմն ունենք պրոբլեմ»։

Նորանշանակ անդամներից մեկը՝ Նարինե Թուխիկյանն էլ է կարծում, որ ՀԽ-ի մասին նախկինում այլ պատկերացումներ են եղել, մինչդեռ բուն առաքելությունը լրիվ այլ է․ «Բոլորին չէ, որ ճանաչում եմ, բայց ում որ ճանաչում եմ, շատ բարձր կարծիք ունեմ իրենց մասին։ Եթե կարծիքներ կան, որ Հանրային խորհուրդը մինչեւ հիմա ոչինչ չի արել, կարծում եմ, որ պատճառը բացատրելի է։ Գուցե նրանից է, որ նախկինում ինչ որ ստեղծվում էր, ստեղծվում էր որպես կցորդ, իբրեւ արբանյակ համապատասխան իշխող կուսակցության կամ վերնախավի, բայց իրականում Հանրային խորհուրդը բացարձակ հակառակ իմաստը պետք է ունենա, այսինքն՝ այն նպատակն ու առաքելությունը, ինչի համար որ ստեղծվում է»։

Նոր Հանրային խորհուրդը կծառայի՞ այդ առաքելությանը։ «Անպայման պետք է ծառայի, այլապես անիմաստ կլինի։ Եթե այդպես չլինի, առաջինը ես կլքեմ խորհուրդը։ Անպայման պետք է լինի, եւ ես կարծում եմ՝ Հանրային խորհուրդը կամուրջ կդառնա հասարակություն-կառավարություն ճանապարհին։ Այն բոլոր հարցերը, որոնցից շատերին կառավարությունը գուցե տեղյակ չէ, կամ որ շատ ժողովրդական են, հասարակական են, այն, ինչի մասին չեն հասցնում իրազեկվել, մեր կառույցը պետք է առաքելություն ունենա՝ այդ ցանկություններն ու պահանջները ներկայացնելու կառավարությանը»։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X