ՀՀԿ-ն կանաչ լույս է վառել նոր իշխանության համար

Երբ մի քանի տարի առաջ Հայաստանում բոլոր օրենքները, առանց բացառության, Հանրապետականի եւ նրա առաջնորդի «վրայով էին կարվում», այդ կուսակցության փայլուն ուղեղների մտքով, հավանաբար, չէր անցնում, որ մի օր իրենց «սրած մախաթը» հենց իրենց է ցավեցնելու։ Օրինակ, Ընտրական օրենսգրքի կնքահայր Դավիթ Հարությունյանն այնպիսի հանճարեղ համակարգ է մտածել, որը տեսականորեն անհնար է դարձնում իշխանական թեկնածուի պարտությունն ընտրություններում։ Խոսքը, այսպես կոչված, բոնուսային համակարգի մասին է, որը 2016-ին կիրառվեց Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում։

Բանն այն է, որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո ավագանու մանդատների բաշխմանը մասնակցելու են այն կուսակցությունները, որոնք նվազագույնը 6 տոկոս քվե են ստացել, իսկ դաշինքների դեպքում՝ 8 տոկոս: Եթե ավագանու տեղերի 40 տոկոսից ավելին ստանում է մեկ կուսակցություն, բայց նրա մանդատները բավարար չեն բացարձակ մեծամասնություն ունենալու համար, ապա այդ կուսակցությունն ավտոմատ ստանում է մանդատների կեսից ավելին: Այսինքն, եթե որեւէ ուժ Երեւանում ստանա 27 մանդատ, արդեն իսկ նրա ձայներին է գումարվում պակասող 5-ը, ու այդպիսով վճռվում է ապագա քաղաքապետի հարցը։ Ի դեպ, եթե երկու կուսակցություն, կուսակցությունների դաշինք են ստանում ձայների 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այն կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին, որը ստացել է առավել թվով մանդատներ: Սակայն ուշադրություն պետք է դարձնել, որ խոսքը ոչ թե ընտրողների 40 եւ ավելի տոկոսի մասին է, այլ ավագանու տեղերի։ Իսկ Երեւանի քաղաքապետարանի ավագանին կազմված է 65 մանդատից։ Այսինքն, տեսականորեն ընտրողների 20 տոկոսի քվեին արժանացած ուժն անգամ կարող է հավակնել քաղաքապետի պաշտոնին, քանի որ մանդատների բաշխման գործընթացին մասնակցում են միայն հաղթած ուժերը, սակայն հաշվարկը կատարվում է ընդհանուրի միջև։ Օրինակ, ենթադրենք՝ երեք ուժ է հաղթահարել անցողիկ շեմը ու ընտրողների թվի տոկոսային հարաբերակցությամբ միասին ստացել 60 տոկոս ձայն, այդուհանդերձ, ավագանու տեղերի 100 տոկոս մանդատները բաժանվելու են երեքի միջեւ։ Կամ՝ ինչպես օրենքում է ձեւակերպված․ «Ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջեւ՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետեւյալ կերպ. յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, եւ առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են»:

Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջեւ բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ընտրական ցուցակին, որին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ:

Մանդատների բաշխումից հետո էլ տեղի են ունենում քաղաքապետի թեկնածուի առաջադրում եւ ընտրություն։ Եթե մանդատների բաշխման արդյունքում, այդուհանդերձ, որեւէ ուժ չկարողանա ավագանու տեղերի 40 տոկոսից ավելին հավաքել եւ բոնուսով ստանալ բացարձակ մեծամասնություն, ապա ցանկացած ուժ կարող է թեկնածու առաջադրել, եւ ավագանու ընտրությամբ կորոշվի, թե ով է դառնում քաղաքապետ։ Հիշեցնենք, որ Վանաձորում հենց այդպես էլ եղավ, եւ գաղտնի քվեարկության արդյունքում ՀՀԿ-ն ստացավ ՕԵԿ-ի աջակցությունը, որի հետ այժմ կոալիցիոն կառավարում է իրականացնում։ Հաշվի առնելով քաղաքական նոր իրավիճակը՝ ավագանու ընտրություններին սահմանված հնարավորությունից կարող է օգտվել հենց «Քաղաքացիական պայմանագիրը», որն այս ընտրությունների ֆավորիտն է, իսկ եթե աջակցության խնդիր առաջանա, ապա նրան օգնության կհասնի «Լույս» դաշինքը, ում շանսերը եւս բարձր են գնահատվում առաջադրված ուժերի շարքում։

ՀԳԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը մեր զրույցում չհամաձայնեց, թե այդ մոդելը հատուկ նպատակով է ներդրվել, եւ ժամանակին բխեցրել են կուսակցության շահերից։ Ասաց, որ այն ընդունելի է միջազգային պրակտիկայում, շատ տարածված մոդել է, եւ բոնուսային համակարգի նպատակն այն է, որ ձայները չփոշիանան։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Մեկնաբանություն
X