Իրավունք

Ընդդեմ «ֆեյք- նյուզի», վիրավորանքի եւ զրպարտանքի

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը որոշել է պայքարել կեղծ լրատվության՝ «ֆեյք նյուզի», «քոփի փեյսթի», ինչպես նաեւ համացանցում տեղ գտնող վիրավորանք եւ զրպարտություն պարունակող լուրերի, մեկնաբանությունների դեմ։ Սրա վերաբերյալ Հովհաննիսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հանդիպումների շարք է նախաձեռնել շահագրգիռ անձանց հետ։ Երեկ նա առաջին հանդիպումն է ունեցել որոշ խմբագիրների հետ՝ լսելով նրանց կարծիքներն ու դիտողությունները, քանի որ այս ամենն ուղղակիորեն առնչվում է մամուլին եւ կարող է բխել նախեւառաջ մամուլի շահերից։ Արփինե Հովհաննիսյանն այսպիսի նախաձեռնության մտադրություն է ունեցել նաեւ տարիներ առաջ, երբ իրենց կուսակցությունն իշխանություն էր, բայց տարբեր պատճառներով չի ստացվել դրան ընթացք տալ, իսկ ներկայացված նախագիծն էլ դուրս եկավ նախորդ խորհրդարանի օրակարգից։ Սա, իրականում, բարդ ու համակողմանի լուծում պահանջող խնդիր է, որն օրակարգային է նաեւ այսօր՝ նոր իշխանության օրոք, երբ համացանցում արդեն աննախադեպ ծավալների են հասնում ազատ խոսքի անվան տակ չարաշահվող հայհոյանքները, վիրավորանքն ու զրպարտանքը, որոնց մի զգալի մասը հասցեագրվում է հին իշխանության ներկայացուցիչներին, մի զգալի մասն էլ՝ մամուլին ու լրագրողներին, որոնք համարձակվում են թթու խոսք ասել գործող իշխանությունների հասցեին կամ հիշեցնել, որ նրանց աչքի վերեւն էլ հոնք կա։ Թեպետ մամուլին ու լրագրողներին չեն սիրել նաեւ նախորդ իշխանությունների օրոք։ Բայց խնդիրը միայն մամուլին չի վերաբերում, այլեւ առհասարակ՝ վիրավորանքի եւ զրպարտության, կեղծ լուրերի տարածմանը, որ կարող են բաց թողնվել նաեւ շարքային օգտատերերի կողմից, ինչն այս պահին գոնե անվերահսկելի է թվում։

Հովհաննիսյանը զերծ մնաց բովանդակային առումով որեւէ բան հայտնելուց, թե ինչ կոնտենտ է ունենալու նախագիծը, քանի որ այս պահին դեռ քննարկվում է գաղափարը, որը միս ու արյուն կստանա մասնագիտական տարբեր շրջանակների հետ քննարկումների արդյունքում միայն։

«Այսօր առկա են խնդիրներ, մարտահրավերներ, որոնք տարեցտարի խորանում են՝ առաջացնելով մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, բազմաթիվ պրոբլեմներ, այդ թվում՝ լրատվամիջոցների գործունեության համար, իրական աշխատանք կատարող լրագրողների համար, որոնց աշխատանքը վատնում են ուրիշները կամ ֆինանսական հոսքերի հետ կապված խնդիրներ են ստեղծում նույն լրատվամիջոցների համար եւ այլն։ Սա էր պատճառը, որ որոշեցի ոչ թե նախագիծ ներկայացնել, այլ նախեւառաջ քննարկումների շարք կազմակերպել եւ դրանից հետո նախագիծ ներկայացնել»,- ասաց տիկին Հովհաննիսյանը։

ԱԺ փոխնախագահը նաեւ հիշեցրեց, որ առաջիկայում միջազգային կազմակերպություններն անդրադառնալու են այս խնդրին, եւ կլինեն բանաձեւեր, որոնք պարտադիր կլինեն Հայաստանի Հանրապետության համար, քանզի խնդիրը միայն մեզ չէ, որ բնորոշ է։

Իսկ հնարավո՞ր է նմանատիպ նախաձեռնությունը խոսքի ազատության սահմանափակման մասով ռիսկ առաջացնի։ Արփինե Հովհաննիսյանը նախ նշեց, որ ինքը նման ռիսկ չի տեսնում, ապա հիշեցրեց, որ խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ, եւ պետք է գտնել այն անհրաժեշտ լուծումները, որոնք հնարավորություն կտան մի կողմից չսահմանափակել խոսքի իրական ազատությունը եւ մյուս կողմից թույլ չտալ, որ մարդու իրավունքների խախտումներ տեղի ունենան․ պետք է լրագրողների աշխատանքը կարգավորվի, կամ ֆինանսական կորուստներ չկրի լրատվամիջոցը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X