«Ինդիա՞․․․ Շատ ուրախ եմ»․ հնդիկ քաղաքապետի սելֆին՝ Ծառուկյանի հետ (տեսանյութ)

Այսօր «Փարավոն» ժամացի կենտրոնում տեղի ունեցավ «Կայուն և հարմարավետ քաղաքներ» խորագրով միջազգային կոնֆերանսը, որը կազմակերպել էր ԲՀԿ-ն։ Կոնֆերանսին մասնակցում էին աշխարհի ավելի քան 30 քաղաքներից Հայաստան ժամանած քաղաքապետեր։ Գագիկ Ծառուկյանը միջոցառման սրահ մուտք գործեց հանդիսավոր արարողությամբ, հատուկ երաժշտության ներքո։ Նրան դիմավորեցին պատի տակ շարք կանգնած քաղաքապետերը՝ աշխարհի ամենատարբեր երկրներից։ Ծառուկյանը մոտեցավ ու հերթով բարևեց քաղաքապետերին։ Նրա օգնականը բոլորին հերթով ներկայացնում էր, թե ով որ երկրից է ժամանել և որ քաղաքի քաղաքապետն է։ Ծառուկյանն էլ մեծ ոգևորությամբ էր ընդունում այդ փաստը և փաթաթվում, ողջագուրվում էր նրանց հետ՝ հազար տարվա ծանոթի պես։ Որոշներին գրկում, համբուրում էր նաև Նաիրա Զոհրաբյանը՝ էլի ասես հազար տարվա ծանոթ լինեին, թեպետ՝ գուցե իսկապես վաղուց էին ճանաչում միմյանց։ Ծառուկյանը որոշների բարևին ռուսերեն էր արձագանքում, որոշներին՝ հայերեն, որ շատ ուրախ է, որ նրանց տեսնում է։ Իսկ Հնդկաստանից ժամանած մի քաղաքապետի, երբ իմացավ՝ որտեղից է ժամանել, սկզբում ռուսերեն հարցրեց, ապա հայերեն շարունակեց․ «Ինդիա՞․․․ Շատ ուրախ եմ»։

Պարզվեց՝ Ծառուկյանի հնդիկ հյուրերն էլ էին ուրախ, այնքան ուրախ, որ խնդրեցին Գագիկ Ծառուկյանին, որ իրենց հետ սելֆի անի։ Ծառուկյանն էլ չմերժեց։ Փաստորեն, Հայաստանում սելֆի անում են ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաև Գագիկ Ծառուկյանի հետ, այն էլ՝ Հնդկաստանից ժամանած քաղաքապետերը։

Մանրամասն՝ տեսանյութում

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X