Պետք է զգուշանալ, որ ժողովուրդը չզբաղվի Նիկոլ Փաշինյանի գովերգությամբ

Ուկրաինահայ նկարիչ Բորիս Եղիազարյանը, ամիսներ անց համեմատելով Ուկրաինայում եւ Հայաստանում ստեղծված հետհեղափոխական իրավիճակները, կարծում է, որ կան թե՛ նմանություններ, թե՛ տարբերություններ։ «Նմանություններն ու տարբերությունները կախված են թե՛ ազգային առանձնահատկություններից, թե՛ աշխարհաքաղաքական իրողություններից։ «Ուկրաինան հետհեղափոխական շրջանում ուժգին ձեւով դուրս պրծավ ռուսական ազդեցության ոլորտից, եւ, որպես դրա պատասխան, ստացավ պատերազմ։ Սակայն Ուկրաինան չուներ այլ տարբերակ։ Այդ պետությունը կա՛մ պետք է դառնար եվրոպական, ժողովրդավարական պետություն, կա՛մ պետք է մնար որպես Ռուսաստանի մարզ։ Դրա համար էլ նոր իշխանությունները գնացին դեպի Եվրոպա, դեպի ՆԱՏՕ։ Այլ հարց է, որ ամեն ինչ հարթ չէր, բայց այդ շարժումը չունի հետդարձի ճանապարհ»,- ասաց մեր զրուցակիցը։

Վերլուծելով Հայաստանում ապրիլյան հեղափոխությունից հետո ստեղծված իրավիճակը՝ ուկրաինահայ նկարիչը կարծում է, որ ՀՀ-ում վիճակը եւ՛ պարզ է, եւ՛ բարդ։ «Հայաստանի նոր իշխանությունները որդեգրել են ժողովրդավարական պետություն դառնալու ուղին, բնական է, որ այն պետք է ինտեգրվի եվրոպական ժողովրդավարական պետությունների ընտանիքում։ Բայց գոյություն ունի Ռուսաստանը, հայ-ադրբեջանական հակամարտությունը, ՌԴ-ի ազդեցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի վրա, եւ ստեղծվել է շատ բարդ իրավիճակ։ Հայաստանը խրված է Արեւելքի մեջ, քաղաքակիրթ երկրներին հարեւան չէ, ինչի պատճառով էլ դժվար է նրանց հետ համագործակցելը։ Հիմա ես տեսնում եմ, որ վարչապետը չի կարող իրականացնել մի քաղաքականություն, որը դեմ է ՌԴ-ին եւ հարեւան պետություններին։ Շատ բարդ վիճակ է։ Ես կարծում եմ, սակայն, որ Հայաստանը չունի հետդարձի ճանապարհ, հեղափոխության արժեքները պետք է պահպանել։ Ես կողմնակից եմ, որ մամուլը, մտավորականությունը կարող են քննադատել, կարող են ցույց տալ սխալները, որոնք հաճախ տեղի են ունենում։ Ժողովուրդը, որը հեղափոխություն է իրականացրել, դառնում է մասսայի նման։ Պետք է զգուշանալ, որ ժողովուրդը շարունակ չզբաղվի Նիկոլ Փաշինյանի եւ հեղափոխության գովերգությամբ, այլ կառուցողական վերաբերմունք ցուցաբերի։ Ոչ թե չարախոսի, այլ քննադատի։ Եթե նախկին իշխանությունները վերադառնան, ապա Հայաստանը կկորցնի ամեն ինչ՝ եւ՛ անկախությունը, եւ՛ ժողովրդավարությունը, կհայտնվի ավելի վատ վիճակում, քան նախկինում էր։ Դրա համար պետք է նեցուկ կանգնել Փաշինյանին եւ ժողովրդավարական պրոցեսներին եւ գնալ առաջ։ Խնդիրը Փաշինյանի անձը չէ, նա այսօր վարչապետ է։ Իսկ նեցուկ կանգնել՝ նշանակում է ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրել նորից Փաշինյանին եւ նրա ղեկավարած քաղաքական ուժին, քննադատել նրանց սխալներն ու գնալ առաջ։ Այս փուլում ես այլ լուծում չեմ տեսնում»,- կարծում է նկարիչը։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X