Գյումրու օրը գնացքը կսպասարկի անվճա՞ր. ՀԿԵ-ի նոր փորձությունը

Սեպտեմբերի 30-ին Գյումրին կտոնի քաղաքի օրը՝«Վերածնվող Գյումրի» խորագրի ներքո:Խորագիրն ընտրվել է 1988թ-ի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի հետ կապված: Օրվա տոնակատարությունների եւ միջոցառումների նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով Գյումրու քաղաքապետարանը երկրորդ քննարկումն է անցկացնում կազմակերպիչների հետ: Մինչ այդ քաղաքապետարանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ հրավիրելով բոլոր շահագրգիռ անձանց, պետական և հասարակական կազմակերպությունների, անհատների ուշադրությունը՝ «Գյումրու օրվա» միջոցառումների իրականացման առնչվող ծրագրի քննարկմանը մասնակցելու և առաջարկություններով հանդես գալու համար:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 30-ին՝ օրվա խորհրդով պայմանավորված՝ մայրաքաղաքից Գյումրի եկող հյուրերի համար էլեկտրագնացքն անվճար է լինելու:Ուշագրավ է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն քաղաքացիներին իրազեկելու նմանատիպ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել: Նկատենք, որ սեպտեմբերի 30-ը կիրակի է: Այդ օրը չվերթ ունի նաև նոր էլեկտրագնացքը, որի տոմսի արժեքը 2500դրամ է: Հետաքրքիր է, թե անվճար հիմունքներով ո՞ր էլեկտրագնացքն է սպասարկելու քաղաքացիներին:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի խոսնակ Վարդան Ալոյանը hraparak.am-ի հարցմանը զարմանքով պատասխանեց. «Մենք նման տեղեկություն չունենք, որ այդ օրը էլեկտրագնացքները պետք է անվճար սպասարկեն: Գուցե քաղաքապետարանը որոշել է, եւ առաջիկայում դիմումով հանդես գա, բայց այս պահին նման որոշում ՀԿԵ տնօրինությունը դեռևս չունի կայացրած»:

Նշենք, որ 1 օրը անվճար լինելու դեպքում երկաթուղին կրելու է զգալի ֆինանսական կորուստ. պատրա՞ստ է արդյոք ռուսական ընկերությանը պատկանող երկաթուղին նման նվեր անել Հայաստանին, իսկ եթե ծախսերը հոգալու է Գյումրու քաղաքապետարանը, ապա ոլորտի աշխատակիցների խոսքերով՝ այն գերազանցելու է մի քանի միլիոն դրամը: Սակայն սա խնդրի ֆինանսական կողմն է:

Հիշեցնենք, որ դեռ մի քանի ամիս առաջ կոմերցիոն նպատակով ՀԿԵ-ն նման ակցիա կազմակերպեց եւ կանգնեց անկախատեսելի փաստի առաջ: Անվճար Գյումրի մեկնել ցանկացողների թիվը 10անգամ ավել էր նախատեսվածից, ինչն էլ պատճառ դարձավ, որ կայարանում վեճ, հրմշտոց եւ մեծ աղմուկ բարձրանա: ՀԿԵ տնօրինությունն ստիպված եղավ վերանայել հետագայում նմանատիպ ակցիաներ կազմակերպելու որոշումը: Նշենք, որ օգստոոսի 5-ին՝ երկաթուղայինների օրը, գնացքները նույնպես անվճար են գործում, բայց տարօրինակ կերպով այդ օրերին որևէ արտառոց դեպք չի գրանցվում, միայն այն, որ ուղևորների թիվը եռապատկվում է:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X