Իրավունք

Հայկ Սարգսյանն ազա՞տ կարձակվի. որոշումը կհրապարակվի երկուշաբթի (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Սաշիկ Սարգսյանի որդու` Հայկ Սարգսյանի կալանքի վերաբերյալ դատական նիստին վերջինիս շահերի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը` մեղադրող Աբգար Առաքելյանի բացարկ հայտնելու վերաբերյալ մերժվեց։

Պաշտպանը դատարանից ողջամիտ ժամկետ խնդրեց` դատարանին ինքնաբացարկ հայտնելու համար։ Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը 15 րոպե ժամանակ տվեց ինքնաբացարկ ներկայացնելու համար։ Ընդմիջումից հետո Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ տրամադրված ժամանակը բավարար չէր ինքնաբացարակ հայտնելու համար։ Դատարանը կրկին նշեց, որ տրամադրվել է ողջամիտ ժամկետ։

Պաշտպանն էլ որոշեց լքել դատական նիստերի դահլիճը` նշելով, որ տպավորություն է, թե իրեն պաշտպանություն իրականացնելու հնարավորություն չի տրվում դատարանի կողմից: Մեղադրողը առարկեց Հայկ Սարգսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությանը.

«Փաստենք, որ սույն գործի նախաքննության ընթացքում որ միայն առկա է կասկածը, որ հնարավոր է խոչընդոտվի ամբաստանյալի կողմից գործի քննության ընթացքին, այլև դեռ 2007-ին ինչպես Հայկ Սարգսյանի, այնպես էլ հարազատների կողմից ճնշումներ են գործադրվել դեռ տուժողի գործով վկայի նկատմամբ, ինչի հետևանքով դեռ այն ժամանակ չի բացահայտվել իրական հացանք կատարած անձը: Այս հանգամանքները բավարար են, որ դատարանը Հայկ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը թողնի նույնը»:

Երեմ Սարգսյանը հայտնեց, որ Հայկ Սարգսյանի ընկերները գրավի հարցով պատրաստակամություն հայտնել են. «Մենք պատրաստ ենք վճարել այնքան գումար, որքան օրենքով է սահմանված՝ ողջամիտ ընդունված պրակտիկայի համաձայն»:

Դատախազը հայտնեց՝ գրավի կիրառումն անթույլատրելի է: Դատարանը հեռացավ խորհրդակցաան սենյակ։ Որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին:

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X