Այնքան շատ պիտանի կառույցներ չունենք, որ Հանրային խորհուրդն էլ համարենք ոչ պիտանի

Սեպտեմբերի 6-ին կառավարության նիստում մեկնարկեց նոր Հանրային խորհրդի ձեւավորման գործընթացը։ Թեեւ տարիներ շարունակ հանրային շրջանակներում հնչել են հարցեր, թե ինչին է ծառայում Մարտի 1-ից հետո ներքաղաքական կյանքում առաջացած լարվածությունը թուլացնելու, իշխանություն-հասարակություն երկխոսություն նախաձեռնելու նպատակով ձեւավորված կառույցը, ինչ խնդիրներ է լուծում այն, սակայն 2015թ․ ընդունված Սահմանադրության հոդված 161-ում էլ ամրագրվեց․ «Հանրային խորհուրդը Կառավարության խորհրդակցական մարմին է։ Հանրային խորհրդի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով»։ Իսկ այս տարվա մարտին, ապրիլյան հեղափոխությունից մեկ ամիս առաջ, ընդունվեց «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքը, որում հստակ սահմանվում են այդ կառույցի գործառույթները։ Նոր Հանրային խորհրդի նորանշանակ անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը մեզ հետ զրույցում նշում է․

«Պետության կառավարումը ունի երկու կարեւոր խնդիր՝ ընթացիկ եւ ռազմավարական հետադարձ կապ ապահովելը։ Կառավարման մարմինը միշտ ունի այդ երկուսի կարիքը։ Ռազմավարական հետադարձ կապը անհրաժեշտ է, որպեսզի պետությունը հաստատակամ շարժվի նախանշված ուղիներով եւ հարկ եղած ժամանակ իրականացնի կոնցեպտուալ փոփոխություններ։ Իսկ ընթացիկ հետադարձ կապը պետք է, որպեսզի լուծվեն կառավարման համակարգի խնդիրները։ Երկրորդ կարեւոր ուղղությունն այն է, որ հնարավորություն է տալիս տեսնել իրական պատկերը, վերլուծել եւ զգալ պետության զարգացման միտումները։ Երրորդն այն է, որ այդ կառույցը կօգնի տեսնել հայության կոնսոլիդացված պատկերը՝ եւ՛ Հայաստանի, եւ՛ Սփյուռքի կոնսոլիդացված պատկերը։ Իսկ նման խնդիրներ լուծելու համար պետք է այդ կառույցը, էլ չեմ խոսում, որ պետության առջեւ ծառացած խնդիրները լուծելիս պետք է փորձագիտական եւ խորհրդատվական կառույց։ Իսկ իմ նշած խնդիրները «չոքում» են ցանկացած պետության դռանը, եւ դրանք պետք է լուծվեն։ Ես չեմ կարծում, որ մենք այնքան շատ պիտանի կառույցներ ունենք, որ այս մեկն էլ կարող ենք համարել ոչ պիտանի։ Քանդել-փակելը հեշտ է, զարգացնե՛լն է դժվար»։ Մեր հարցին, թե որ երկրներում են գործում Հանրային խորհուրդներ, ինչ հիմունքներով, մեր զրուցակիցն արձագանքեց․

«Տարբեր երկրներում կան տարբեր կարգավիճակներով կառույցներ։ Օրինակ, կան երկրներ, որտեղ գործում են, այսպես կոչված, ուղեղային մտակրողների ակումբներ, որտեղ ներկայացվում են խնդիրները, ախտորոշվում։ Կամ՝ կան փորձագիտական խորհուրդներ։ Այդպիսի կառույցներ ունեն գրեթե բոլոր պետությունները, նրանց կարգավիճակները կարող են տարբեր լինել, ոլորտների ընդգրկումը կարող է տարբեր լինել, բայց առանց նման կառույցների կառավարում չի լինում։ Ցանկացած պետությունում կտեսնեք, որ կան փորձագետներ, խորհդատվական կառույցներ, որոնց դիմում է կառավարող մարմինը այս կամ այն հարցը լուծելու համար»։ Հետաքրքրվեցինք, թե ինչով է զբաղվելու Հարություն Մեսրոբյանը նոր Հանրային խորհրդում։ «Պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, միջազգային փորձը ներկայացնելը, որոնց վերաբերյալ ունեմ աշխատություններ»,- ասաց Հարություն Մեսրոբյանը։ Մամուլում հաճախ է արծարծվում այն հարցը, որ պետք է ընտրել օպտիմալացման ճանապարհը, որպեսզի պետական կառավարումը դառնա արդյունավետ։ Նաեւ առաջարկներ են հնչում, թե որտեղ ինչ կրճատումներ պետք է անել, որպեսզի կարողանանք խուսափել ավելորդ ծախսերից, առանց այն էլ սուղ բյուջեն վատնելուց։

«Այն պետական կառավարման համակարգը, որն ունենք այսօր, սկսել է ձեւավորվել 90-ականներին, խորհրդային կառավարման համակարգի հիման վրա։ 27 տարվա ընթացքում չի պահպանվել ժառանգականությունը, միշտ ինչ-որ մի կառույց ավելացրել են, եւ տեղի է ունեցել պետական կառավարման կարկատան։ Եվ ասել, թե պետական կառավարումն այսօր արդյունավետ է, սխալ կլինի, որովհետեւ դա ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ նախապատմություն։ Հիմա, հաշվի առնելով, որ սպասվում են ԱԺ ընտրություններ, իսկապես արդյունավետության մասին խոսելը, բարձրաձայնելը պետք է լինեն նոր խորհրդարանի եւ կառավարության ձեւավորումից հետո։ Կարծում եմ, որ պետք է պահպանել այն ամենը, ինչ ձեւավորված է, այդ համակարգի շրջանակում անել հնարավորը, որ պետական համակարգում չլինեն սայթաքումներ, եւ միայն ԱԺ ընտրություններից հետո մտածել արդյունավետության բարձրացման մասին։ Այս անցումային փուլում, երբ Երեւանի ավագանու ընտրություններն են, իսկ հետո՝ ԱԺ-ի, որակական փոփոխություններ պետք չէ ակնկալել»,- ասաց Հարություն Մեսրոբյանը։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X