Այսօր «երկրի տերը դարձել են» ամենաբարձր ձայնով Նիկոլ գոռացողները․․․

Շատերը ֆեյսբուքյան ստատուսներում Նիկոլ Փաշինյանին նվիրվածության խոստովանություն են անում՝ մենք քոնն ենք, քո մեջքին կանգնած ենք․․․ Ոմանք բավարարվում են զուսպ գրառումներով, իբր թե իրենք ժողովրդին են պաշտպանում, ոմանք չար ու անանդուժող ստատուսներ են գրում, ոմանք հայհոյում են կառապանների նման, ոմանք էլ սպառնալիքներով, շանտաժով փորձում են ահաբեկել հակառակ գրառում անողներին։

Նրանք կամ նախորդ իշխանությունից խռոված մարդիկ են կամ էլ նախկին իշխանությունից սահունորեն անցում կատարող անձինք ։ Անձնական ճշգրտումներով, ինչքան կարողացել եմ նկատել, այն մարդիկ, (ակԾիվիստները), ովքեր ավելի լսելի են դարձնում իրենց ձայնը, կարճ ժամանակում ինչ որ գործ, պաշտոն են ստանում։ Դե իշխանությանը քծնելը ե՞րբ չի իր նպատակին ծառայել։

Հետաքրքիրը գիտե՞ք որն է։ Այդ մարդկանց թվում է, թե իրենք իշխանությանը չեն գովում․ դեռ շարունակում են քննադատել նախորդ իշխանությանը գովաբանողներին՝ դուք ծախված եք, մոռանալով, որ իրենք էլ նույն գործին են։

Ինչևէ նախկին իշխանության ժամանակ էլ եմ անդրադարձել այս թեմային․ «Էդ «դոշ տվողներից, սմերծելնիկներից հեռու պիտի փախչել»։ Մարդիկ կան, ովքեր, իրոք, հավատում են պայքարին, բարեփոխումներին և այդ առումով նոր իշխանության հետ հույս են կապում՝ սթափ հետևելով գործընթացներին։ Նրանց պիտի տեղ տալ։ Բայց ցավոք, այսօր «երկրի տերը դարձել են» թունդ հայհոյողները, ամենաբարձր ձայնով Նիկոլ գոռացողները։ Էլ չասեմ ինչ պատվի են արժանանում «գործ տվողները»։ Եթե նախկինից դժգոհում էի, այսօր էլ գոհանալու բան չկա։

Քծնանքը, ծառայամտությունը մեղրի պես բան է, պաշտոնյային է կպնում։ Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմություն էր, լավ էր տարբերակում քծնանքն ու բուն գործը։ Հիմա, երբ իշխանություն է, ոնց որ թե «մեղրը դուրն է գալիս»։ Նշանակած կադրերից է երևում։ 2016 թվականին, երբ ընդդիմություն էր, ֆեյսբուքյան իր էջում այսպիսի մի գրառում էր արել, որը հենց իմ ասածի մասին է խոսում։ Այսօր իմ գրածի հետ համաձայն չի լինի, որովհետև իշխանություն է․

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

«Մոտ 65 տարեկան մի պատկառելի գյումրեցի տիկին, ընտրական տեղամասից դուրս գալիս.

-Փաշինյան ջան, բոլորին կսեմ, թե դու իմ տղեն ես։ Կհարցնեն ի՞նչղ։ Կսեմ հաշվեք թե խորթ մերըն եմ։

-Շնորհակալ եմ, մայրիկ ջան։ Իսկ եթե գաղտնիք չէ, ու՞մ օգտին եք քվեարկել։

-Բալասանյանի, բալես։

։))))))»։

Ավելացնելու բան կա՞․․․

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X