Սույն քրեական գործը ամբողջովին անօրինական է. Հայկ Սարգսյանի պաշտպան․ տեսանյութ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի դատարանում ընթանում է Սաշիկ Սարգսյանի որդու` Հայկ Սարգսյանի կալանքի վերաբերյալ նախնական դատական նիստը։ Նիստի ժամանակ նախագահող դատավոր Աննա Դանիելյանը Հայկ Սարգսյանից հետաքրքրվեց` ամուսնացա՞ծ է, որտե՞ղ է սովորել, որտե՞ղ է փաստացի ապրել եւ այլն։ Այնուհետեւ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանից 5 րոպե ժամանակ խնդրեց` գործի նյութերին ծանոթանալու համար, հետո հանդես եկավ միջնորդությամբ` խնդրելով դատարանին վարույթն իրականացնող մարմնից պահանջել փաստաթղթերի պատճենների հավաստիությունը։

Դատարանը միջնորդությունը թողեց առանց քննության։ Պաշտպանն էլ բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրողին. «Օրենքը պետք է միատեսակ գործի բոլորի համար, այնուամենայնիվ, որոշ մարմիններ` ոստիկանություն, քննչական կոմիտեն, գլխավոր դատախազությունը խախտել են բոլոր նորմերը, որպեսզի իրականացնեն իրենց առաջ դրված նպատակները։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պետական որոշ մարմիններ մրցակցության մեջ են մտել, թե ով ավելի հրապարակային գործ կբացահայտի։

Նախաքննությունը իրականացվել է կոպիտ խախտումներով, նախաքննությունը կատարվել է միակողմանի։ Սույն քրեական գործն ամբողջությամբ անօրինական է, վերահսկող դատախազը ինչ-ինչ հանգամանքներից ելնելով կաշկանդվածություն ունի... Սույն քրեական գործով բացարկ եմ հայտնում մեղադրող Աբգար Առաքելյանին»։

Նշենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X