Մեկը չսիրած մարդուն է աշխատանքից փորձում հեռացնել, մյուսը փորձում է աշխատանքի տեղավորվել

Մեր տեղեկություններով, օրերս Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը ստուգումներ է կատարել Գյումրիում գործող «Շիրակ հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ում:

Մեր խմբագրություն ահազանգած քաղաքացու փոխանցմամբ հեռուստաընկերությունում անառողջ մթնոլորտ է ձևավորվել, նոր խնդիրներ են առաջ եկել. աշխատավարձերի շարունակաբար ուշացումներ, կադրերի կրճատում եւ համալրում նորերով՝ խնամի-ծանոթ-բարեկամ, ինչպես նաև տնօրենի կողմից հեռուստատեսության գույքը անձնական նպատակներով օգտագործելու փորձեր ու էլի մի շարք խնդիրներ: Հեռուստատեսության ռեյտինգը բավականին ցածր է, եւ այդ պատճառով տնօրենը՝ Արթուր Ղանդիլյանը, ով նաև «Ցայգ» հեռուստաընկերության համասեփականատերերից է, Շիրակ հ/ը եկած հաղորդումների եւ գովազդների պատվերներն ուղղորդում է դեպի Ցայգ հ/ը։

Հեռուստաընկերության աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում հերքեց այս տեղեկությունները. «Վերջերս մեր տնօրենի դստեր հարսանեկան արարողությունն էր, մեր օպերատորներն ինքնակամ, նույնիսկ մեծ սիրով տեսանկարահանել են միջոցառումը՝ որպես նվեր մեր տնօրենի աղջկան, դա ի՞նչ է ՝ նշանակում է գույքն ու մեզ օգտագործեցի՞ն, այ քեզ անհեթեթություն….»: Հեռուստատեսության ադմինիստրացիայից մեզ փոխանցեցին, որ գործադիր տնօրեն Արթուր Ղանդիլյանը աշխատավայրում չէ: Զանգահարեցինք նրա բջջայինին եւ փորձեցինք պարզաբանում ստանալ: Ղանդիլյանը պատասխանեց մեր մի քանի հարցերին:

«Մեր ներքին աուդիտի ստուգումներն են եղել, ամեն ինչ նորմալ է: Աշխատավարձերի հետ կապված ոչ մի խնդիր չունենք, խնդրեմ՝ համեցեք, շուրջ 55 հաստիքային աշխատող ունեմ, կարող եք տեսնել, համոզվել: Խնդիրը հետևյալն է՝ երկու աշխատակցի հաստիքային կրճատման հիման վրա ազատել եմ աշխատանքից, միգուցե խոսակցություններն այդտեղից են: Իրադրություն փոխվեց, երկիրը փոխվեց եւ յուրաքանչյուր մարդ հիմա փորձում է օգտվել առիթից, մեկը չսիրած մարդուն աշխատանքից է փորձում հեռացնել, մյուսը նույն տարբերակով տեղավորվի աշխատանքի, ես ենթադրում եմ, թե այդ խոսակցությունները որտեղից են: Այդ ամեն ինչի գնահատականը մեր կատարած աշխատանքներն են տալիս, որը կարող եք տեսնել՝ հետևելով մեր կայքին: «Շիրակը» մասնավոր հեռուստաընկերություն չէ, պետական է, ոչ իշխանամետ ենք եղել, ոչ էլ ընդդիմությանն ենք շատ նեղը գցել, ընտրություններ ենք անցկացրել, կարող եք խոսքի ազատության կենտրոնից հետաքրքրվել, թե ինպես ենք ներկայացրել: Մենք, որպես հանրային հեռուստաընկերություն, մեր դեմքը կարողացել ենք պահել: Իսկ եթե կան մարդիկ, որ իսկապես դժգոհություն ունեն, թող ներկայանան, դատարանով անգամ վիճարկեն, եթե ես անհիմն եմ ազատել աշխատանքից, թող դատարանը որոշի»,-ասաց նա: Անդրադառնալով գովազդների ուղղորդմանը՝ փոքր-ինչ վրդովվեց. «Մենք հանրային ենք, օրենքով գովազդն արգելված է, թույլատրվում է մարզային, հասարակական հնչեղություն ունեցող իրադարձությունները լուսաբանել, սոցիալական գովազդ կարող ենք տալ: Ինչքան հասարակական կազմակերպություններ կան, մեծ մասին անվճար տրամադրել ենք, թույլատրվում է մեկ հովանավոր ունենալ, ունեցել ենք»:

«Ցայգ» հեռուստատեսության տնօրեն Մարգարիտա Մինասյանն էլ պարզաբանեց գովազդների հետ կապված․ «Նման բան չկա: Իրենց մոտ նույն օրենքներն են՝ ինչ հանրային հեռուստաընկերությունում, չեն կարող գովազդի րոպե վաճառել: Ոչ մի կամակատարություն չկա, անգամ մենք համատեղ աշխատող կադրեր չունենք, մեզ մոտից ազատել ենք, այնտեղ են տեղավորվել: Իսկ գովազդը հո իր ոտքով չի գալիս, գովազդային գործակալներ կան , այդպես չէ՞»,-ասաց «Ցայգի» տնօրենը:

«Շիրակ», Հ/ը -ն ինչպես մարզային շատ հեռուստաընկերություններ, ունի թվային հեռարձակման խնդիր: Տնօրենը խոստովանեց, որ դա ազդում է լսարանի վրա եւ ստիպված են հաղորդումների քանակը կրճատել: «Մենք հիմա պատրաստվում ենք ոչ թե նոր եթերաշրջանի բացմանը, որը սեպտեմբերից արվում է, այլ թվային եթերաշրջանին անցնելու: Հիմա նամակ ենք գրել վարչապետին, փորձում ենք գտնել տարբերակներ, որպեսզի թվայնացվեն մոտ 7-8 հեռուստաընկերությունները, որոնք դուրս մնացին գործընթացից»,-ասաց տնօրենը: Նշենք, որ ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին է վերապահված «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները։ Նախկինում այս հեռուստաընկերության գործունեությունն ուղղված էր ռեժիմին ծառայելուն, եւ պատահական չէր, որ անցյալ տարի՝ սեպտեմբերի 21-ին նախագահ Սերժ Սարգսյանը «Մովսես Խորենացու» մեդալով պարգևատրեց հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արթուր Ղանդիլյանին:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X