Դաշնակցությունը երեք անուն է քննարկել, կանգ առել Միքայել Մանուկյանի վրա

Հայ հեղափոխական դաշնակցությունը որոշել է հուսախաբ անել նրանց, ովքեր կարծում են, թե ՀՅԴ-ն այնքան է կորցրել ռեյտինգը, որ այլեւս շանս չունի որեւէ ընտրությունում հաղթելու։ Թերեւս այդ նպատակով էլ ցուցակի առաջին համար գրեցին Անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանի անունը։ Մանուկյանը նախկինում պատգամավոր է եղել, ՀՅԴ ԳՄ անդամ է, բայց առանձնապես հռետորական տաղանդով, կամ՝ օրենսդրական նախաձեռնություններով աչքի չի ընկել երբեւէ։ Հակառակը՝ միշտ խուսափել է լրագրողների հետ շփումներից եւ ժամանակին նրա անունը շոշափվել է Համբարձում Գալստյանի սպանության կոնտեքստում։ Այսինքն, տեսականորեն Դաշնակցությունը նման թեկնածուի չպետք է առաջադրեր Երեւանի քաղաքապետի պաշտոնում։

Ի դեպ, ՀՅԴ-ում, մինչ որոշում կայացնելը քննարկվել է նաեւ Սպարտակ Սեյրանյանի եւ Արթուր Խաչատրյանի թեկնածությունները, սակայն կանգ են առել Միքայել Մանուկյանի վրա, ով կարող է կազմակերպել մարդկանց եւ ձայներ ստանալ, քանի որ մեծ ընկերական շրջապատ ունի, եւ հարգանք է վայելում կուսակցությունում։ «Շրջապատն» արդեն իսկ գործի է անցել՝ հանդիպում են տարբեր մարդկանց հետ, փորձում մոբիլիզացնել բոլոր ուժերը, անգամ Հանրապետականներին ու չինովնիկական շրջանակներին են ներգրավել։

Սակայն ուշագրավ է, որ որպես կարգախոս ընտրել են «Միասին՝ հանուն Երեւանի» կոչը։ Հավանաբար մոռացել են, որ նախորդ ընտրություններին Տարոն Մարգարյանը եւ ՀՀԿ-ն Երեւանի ընտրություններին մասնակցում էին «Հանուն Երեւանի» կարգախոսի տակ։

Մեկնաբանություն
X