Քոչարյանի ու Փաշինյանի տված անձնագրերը տարբեր են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրեր է հանձնել Արսինե Խանջյանին եւ Ատոմ Էգոյանին։ Ժամանակին նրանց անձնագրեր էր հանձնել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանից հետաքրքրվեցինք, թե ինչու են Արսինե Խանջյանին եւ Ատոմ Էգոյանին նորից ՀՀ քաղաքացիության անձնագրեր տրամադրում։

«Ռոբերտ Քոչարյանի ժամանակ նրանք ստացել են 10 տարվա հատուկ կացության կարգավիճակ՝ որպես օտարերկրացի, տրվել է հատուկ անձնագիր, որը Հայաստանի անձնագիր չէ։ Հիմա իրենք ստացել են Հայաստանի քաղաքացու անձնագրեր։ Կա երեք տեսակի կացության կարգավիճակ՝ ժամանակավոր, մշտական եւ հատուկ։ Ժամանակավոր եւ մշտական կարգավիճակ տալիս է անձնագրերի եւ վիզաների վարչությունը, տասը տարվա հատուկ կարգավիճակ տրվում էր ՀՀ նախագահի կարգադրությամբ։ Հինգ տարվա կարգավիճակը քարտի ձեւով է, տասը տարվա կարգավիճակը անձնագրի բլանկի ձեւով է»,- ասաց Մնացական Բիչախչյանը։

Մեկնաբանություն
X