Չարաշահումնե՞ր, բյուջեի ոչ նպատակային օգտագործո՞ւմ, թե՞

Յուրաքանչյուր բուհում կարեւոր է ֆիզդաստիարակությունը, որի ապահովման համար կարեւոր տարրական բաղադրիչներ կան: Բրյուսովի համալսարանի մարզադաhլիճը, մեղմ ասած, վատ պայմաններ ունի. հանդերձարաններն անմխիթար վիճակում են, գույքը, մարզվելու պարագաները՝ նույնպես: Համալսարանը տարիներ շարունակ պատվով ներկայացնող ուսանողական թիմերի մարզահագուստների բացակայության մասին էլ չխոսենք: Այս խնդիրները մենք քանիցս բարձրացրել ենք: Իսկ հիմա, պարզվում է, որ մեր համալսարանում ամռան ընթացքում վերանորոգումներ են տեղի ունեցել, բայց արի ու տես՝ ոչ այն վայրերում, որտեղ առաջնային դրա կարիքը կար: Վերանորոգվել է մեր համալսարանի պրոռեկտոր Գ. Թամրազյանի սենյակը. այն թանկարժեք շքեղություններից զերծ չի մնացել: Այդպիսի ամենաակներեւ շքեղությունը նրա աշխատասենյակի դուռն է, որն էապես տարբերվում է մյուս աշխատասենյակների դռներից։ Այն նույնացվել է ռեկտորի սենյակի՝ նույն բարեկարգման արդյունքում փոխված դռան հետ:

Դրանից անմասն չի մնացել նաեւ մեր համալսարանի ղեկավարի՝ ընդամենը մեկ տարի առաջ վերանորոգված սենյակը: Փաստորեն, վերանորոգվել են բուհի «թոփ» ղեկավարների սենյակները, որոնք դրա կարիքը չունեն, մինչդեռ նույն մարզադահլիճը, որի ժամանակակից հարմարություններով հագեցած լինելը բխում է բուհի գլխավոր մասնիկի՝ ուսանողի շահերից, վատ վիճակում է: Չմոռանանք, որ մեզ մոտ սովորողների ճնշող մեծամասնությունն իգական սեռի ներկայացուցիչներ են: Մեր համալսարանի նոր ղեկավարությունն այդպես էլ չսովորեց, որ ամեն ինչ պետք է անի առաջին հերթին ուսանողի համար, ոչ թե սեփական՝ առանց այն էլ առկա բարօրության:

Հարց 1. Բուհի այս տարվա բյուջեում շինարարության համար գումար նախատեսված կլիներ: Կցանկանայինք իմանալ, թե ի՞նչ սկզբունքով է որոշվել ռեկտորի եւ պրոռեկտորի աշխատասենյակները վերանորոգելու առաջնահերթությունը, այլ ոչ թե բազմիցս բարձրաձայնված հանդերձարանի վերանորոգումը:

Հարց 2. Հարգելի՛ ղեկավարություն, պաշտոնապես ներկայացրեք, թե ինչքա՞ն գումար է ծախսվել Ձեզ լավ պայմաններով ապահովելու համար:

Հարց 3. Ո՞ր շինարարական կազմակերպությունն է իրականացրել վերանորոգումը, եւ արդյոք շինարարական կազմակերպությո՞ւն է այն իրականացրել: Չար լեզուներն ամենայն վստահությամբ ասում են, որ վերջերս բուֆետի (ի դեպ, չգիտենք, թե ով է աշխատեցնում, բայց կխնդրենք ՀԴՄ կտրոն տրամադրել, ինչն օրենքի պահանջ է) վերանորոգման գումարը դուրս է գրվել մի շինարարական կազմակերպության, բայց ամբողջ վերանորոգումն իրականում իրականացրել են մեր համալսարանի բանվորները: Կարո՞ղ է նույն պատկերն ունենք նաեւ հիմա: Հարց 4. Ինչպե՞ս է որոշվել է, թե ինչ կազմակերպություն է աշխատեցնում բուհի բուֆետը, արդյոք տարբեր կազմակերպություններ դիմե՞լ են բուֆետն աշխատեցնելու նպատակով, եւ արդյոք ընտրվե՞լ է լավագույնը՝ գին-որակ սկզբունքով:

ԵՊԼՀ ուսանողական խորհուրդ

Մեկնաբանություն
X