Մշակույթ

Ցավալի է, որ Օպերայի «շուստրի դիրեկտորները» չեն հասկացել մեր էությունը եՎ եկել, ուզում են «շուստրիություն» անել

Հարցազրույց ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի հետ

-Պարոն Խառատյան, Օպերային թատրոնի տնօրինության վերջին ասուլիսը կիսով չափ նվիրված էր այն հարցին, թե ինչո՞ւ է հայաստանյան մամուլը, հղում անելով ռուսական «Կոմերսանտին», «Գայանե» բալետի մոսկովյան հյուրախաղերը համարել տապալված։ Տնօրինությունը կարծում է՝ պատճառն այն է, որ մամուլը սիրում է սկանդալներ եւ հարթակ է տրամադրում Օպերայից դուրս թողնված բալետմայստերին, այսինքն՝ Ձեզ։ Իսկապե՞ս խնդիրը «Կոմերսանտի» մեջ է, որը, ըստ կարծիքների, Ադրբեջանի կողմից է ֆինանսավորվում։

-Ես լսեցի այդ մամուլի ասուլիսը, որն ինձ շատ տխրեցրեց։ Մոտ 10 տարի առաջ Վաշինգտոնում կազմակերպվեց ամերիկյան քննադատների մեծ ֆորում, որին նաեւ ինձ հրավիրեցին։ Ես խոսում էի, թե ի՞նչ կարող է անել կրթությունը կոնկրետ պարարվեստում, եւ որո՞նք են այսօրվա խորեոգրաֆիկ զարգացումները։ Սա ասում եմ նրա համար, որ մեծ նշանակություն ունի քննադատությունը, եթե այն բալետի առջեւում է, իր հետեւից տանում է, եթե բալետի վերջում է, հրում է։ Հիմա ո՞ւր ենք մենք ուզում տանել բալետը եւ ի՞նչ ենք ուզում տեսնել այսօրվա բեմերում՝ որպես պարային արվեստ, որպես շարժման փիլիսոփայություն։ Ռուսաստանը իր սովետական անցյալով 1908թ․-ից սկսած հաստատվում էր Փարիզում, դառնում էր բարձր արվեստի պետություն, հետո, երբ կազմվեց Սովետական միությունը, Հայաստանը դարձավ մաս ու մինչեւ այսօր էլ մնաց մաս՝ ներկայանալով Ռուսաստանի ամենախուլ գավառներից մեկը։ Եվ երբ այսօր գնում ենք հաշվետվություն տալու Մոսկվայում կամ Սանկտ Պետերբուրգում, Ռյազանի թատրոնը արդեն 5-րդ անգամ գնում է Լոնդոն՝ ցույց տալու իրենց «Կարապի լիճը»։

Սա շատ ցավալի է ինձ համար, մենք չունենք այդ քննադատական դպրոցը, այն դեպքում, որ Ռուսաստանը միացել է ամբողջ աշխարհին։ Եթե նայեք ռուսական կայքերը, կտեսնեք, որ իրենց քննադատները գնում են Լոնդոն, Փարիզ, Նյու Յորք, գրում են այս կամ այն ներկայացման մասին, այսինքն՝ մասնակցում են համաշխարհային արվեստների պրոցեսին, իսկ մենք մնացել ենք շատ հեռվում եւ մասնակիցը չենք այդ գործընթացների։ Այդ ասուլիսի ընթացքում շատ պարզ երեւում էր, որ մերոնք մնացել են դեռ այդ դերի մեջ․ գնանք, հաշվետու լինենք Մոսկվայում ու սուրերով պար պարենք՝ փափախներով ու բեղերով, որ մեզ ասեն՝ բռավո՜՝ միաժամանակ ցանկացած քննադատության հետեւում տեսնելով թշնամական ուժերի ֆինանսավորում։ Սա էժանագին, ոչ պրոֆեսիոնալ, անկիրթ արտահայտություն է, երբ ասում են՝ Ադրբեջանի կողմից է ֆինանսավորվում։ Մյուս թերթերն ուղղակի լրատվական տեղեկատվություն են տվել, այսինքն՝ ոչ մեկը իր վրա չի վերցրել մասնագիտական խոսք ասելու պատասխանատվությունը։ Ավելին՝ ուրեմն Ռուսաստանը մեզ լուրջ է ընդունել, եթե «Կոմերսանտում» մասնագիտական վերլուծություն են արել։ Դա մեր օգուտն էր, որը պետք է հասկանայինք եւ շնորհակալ լինեինք, բայց մենք փնովում ենք, որովհետեւ լինելով Սովետական միության փոքր մաս՝ հերթ էինք կանգնում, թե երբ պետք է գնանք Մոսկվա, հաշվետու լինենք, Մեծ թատրոնի բուֆետում խավիար ուտենք։ Այս գաղափարը մտքի, ոգու ստրուկի մոտեցում է, որը մեր մեջ նստել է ու ժառանգաբար գնում է։

Հիշում եմ Օպերային թատրոնում անցյալում մեզ անընդհատ ասում էին, որ պետք է գնանք «Մարս»՝ հյուրախաղերի, հետո հետ գալուց կարող է մտնենք «Լուսին», որի հետ հիմա բանակցությունների մեջ ենք, այսինքն՝ մեզ անընդհատ այս ստերով կերակրում էին, քնեցնում, բայց Ռուսաստանում այդ ժամանակ ստեղծվեցին քննադատական դպրոցներ, որոնք մինչ օրս էլ ակտիվ են, ինչը մեզ մոտ չկա։ Դրա համար մերոնք մեղավոր չեն, որովհետեւ տեղյակ չեն ու իրենց համար միշտ էլ Ադրբեջանն է մեղավոր լինելու, որ իրենց կա՛մ լավ չեն վերաբերվում, կա՛մ լավ խոսք չեն ասում։ Ու դրա համար գեղղեկավարի դուրս թռնելն ու սուսերով պար չափ տալը ցույց են տալիս, որ մենք դեռ չենք հասունացել այս մակարդակի, որպեսզի իրենց հետ հավասարը հավասարի պես լինենք։

-Բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ եթե «Գայանեն» լավը չլիներ, ապա Մեծ թատրոնի ղեկավարությունը չէր թողնի, որ այն բեմ բարձրանա։ Ասվածի մեջ կա՞ տրամաբանություն։

-Նախ ուզում եմ իմանալ, երբ ասում են բալետի ղեկավար, ինքը ի՞նչ ղեկավար է՝ ադմինիստրատո՞րը, այստեղ պետք է առանձնացնել կատարողներին եւ մտածողներին։ Հիմա այդ ղեկավարը ո՞ր կատեգորիայի մեջ է մտնում, որպես կատարող՝ թույլ, միջակ կատարող է, իսկ որպես մտածող, երեւում է, որ ընդհանրապես մտածել չի սովորել։ Դրա համար չարժե անդրադառնալ նրան, որովհետեւ ինքը չի կարող լինել նշաձող, ինքը, Օրբելյանը չգիտեն թատրոնն ուր տանել, եթե իմանային, կանեին։ Դժվա՞ր է ներկայացնել Օպերային թատրոնի ռազմավարական ծրագիրը, որը փոքր մոդելն է մեր Հայաստանի, որովհետեւ Օպերային թատրոնի խաղացանկը ցույց է տալիս, թե մենք ուր ենք գնում, այսինքն՝ որն է ռուսականը, եվրոպականը, մանկականը, հայկականը, էքսպերմինետալը։ Երբ այս ամենը դրեցի Օրբելյանի դիմաց, շատ վատ զգաց, որովհետեւ հասկացավ, որ ինքը չգիտի այս ամենի մասին։

Այսօր Հայաստանը ո՞ւմ հետ պետք է համեմատվի։ Ինքը գնում է Մոսկվա ոչ թե ցույց տա իր արվեստը, այլ հաշվետու լինի, որովհետեւ նույն «Կոմերսանտում» գրված էր, որ 60 տարի առաջ է բեմադրվել այս ներկայացումը, այսինքն՝ դեռ 60 տարի առաջ ռուսները մեր վրա դրել էին չոբանների դերը, որովհետեւ պոլիտբյուրոն էր որոշում, թե մենք ինչ չափի խնձոր պետք է ուտենք Հայաստանում, ինչ արվեստ պետք է ներկայացնենք, եւ որն է մեր եղբայրության գաղափարը, որն արտացոլվում էր «Գայանե» բալետի մեջ, որտեղ կային քրդական, ռուսական պարեր, իսկ հայերը ներկայացվում էին փափախներով եւ բեղերով։ Սովետը 1988-ին Հայաստանը թերթերում ներկայացնում էր անատամ ծերունիների նկարներով։ Հայաստանը ինչո՞վ կարող էր մասնակցել այս պրոցեսներին, նա կարող էր ներակայանալ ոչ թե իր գյուղական կյանքով, այլ ֆոլկլորով, այստեղ տարբերություն կա․ գյուղացու ոգին է պետք բերել բեմ, այլ ոչ թե տրեխը, ցեխը։ Մեր իրականության մեջ մենք չենք ունեցել մտածողներ, այլ՝ միայն կատարողներ։

Երբ ինձ հրավիրեցին Վաշինգտոնից, ես հասկացա, որ պետք է գալ հայրենիք եւ ստեղծել այդ ուղիղ կապը աշխարհի հետ, որովհետեւ այսօր մենք նայում ենք աշխարհին ռուսական պատուհանից, մենք չենք խոսում հավասարը հավասարի հետ, միտքը մտքի հետ։ Եթե ուզում ես հաստատվել կամ մասնակիցը լինել այսօրվա արվեստների զարգացման պրոցեսում, պետք է գնաս, Եվրոպայում հաստատվես։ Բայց մենք այսօր չենք կարողանում Եվրոպա գնալ։ Երբ եկա, ինձ ստիպում էին, որ պետք է «Գայանեն» գնա Եվրոպա, ես լավագույն կտորները ուղարկեցի Վենետիկի օպերային թատրոն, որտեղից ինձ գրավոր ասացին, որ ամոթ է այս ներկայացումը տանել Եվրոպա։ Այն դեպքում, որ մենք պոտենցիալով շատ բան ունենք ասելու, անելու, բավական է նայել Խորենացուն, մեր առասպելներին, դրանցից ամեն մեկը մի սյուժե է, բալետային մի գործ։ Մի տեղ կարդացի, որ Օրբելյանն ասել էր՝ պետք է 2020թ․-ին գնան ԱՄՆ, այսինքն՝ ինտուիտիվ հասկանում է, որ պետք է գնալ, այդ կողմերում հաստատվել, հետո ուրիշ մի բան կարդացի, որտեղ էլ ասել էր, որ պետք է Ասիա գնալ, այսինքն՝ դեռ չի կողմնորոշվում։ Բայց, օրինակ, այսօր Հայստանը խելացի է գտնվել ու կարողացել է Մետրոպոլիտեն թանգարանում ներկայանալ իր միջնադարյան արժեքներով։

-Այդ միջնադարյան արժեքները եւ ոչ միայն դրանք ինչպե՞ս կարելի է ներկայացնել բալետային բեմի վրա, որոնք էսթետիկայից մինչեւ կատարողական արվեստ կարողանան խոսել աշխարհի հետ։

-Հնուց մնացած բաներ են, երբ ասում են՝ ազգային բալետ, որովհետեւ բալետը ազգային չի լինում, ազգայինը ֆոլկլորն է, որն այսօր Կարեն Գեւորգյանը եւ Գագիկ Գինոսյանը արդեն հրաշալի անում են, բալետը դրա ավելի բարձր տեսակն է՝ մշակված, որը համամարդկային է։ Բալետը ներկայացնում է ոգին, ու այդ ոգով մենք կարող էինք կիսվել աշխարհի հետ՝ մեր պատմությունների, լեգենդների, թագավորների մասին, այլ ոչ թե մեր փափախի, բեղերի, «սապոգների» մասին։ էլ չասեմ մեր Էպոսի մասին, որը շատ հետաքրքիր է, շատ խորություններ ունի։ Հայաստանը այնքան հարուստ է եղել հոգեւոր արժեքներով, բայց այսօր մենք հասկանում ենք միայն մատերիալ աշխարհը, ու ցավալի է, որ օպերայի «շուստրի դիրեկտորները» չեն հասկացել մեր էությունը եւ եկել, ուզում են «շուստրիություն» անել, թռնում են, որ չափ տան սուսերով պարը, մի քիչ անհարմար է, ես իրեն հասկանում եմ ու հասկանում եմ նաեւ՝ ինչի պետք է ինձ հեռացնեին։ Բայց եթե իրենց թվում է՝ ինձ հանելով ինչ-որ հարցեր են լուծելու, այդպես չի լինի, այսօր ես այնքան գործեր ունեմ անելու, գնալու եմ Կորեա, որտեղ բեմադրել եմ հենց իրենց պատմությունը, հետո կգնամ Գյումրի՝ նոր կենտրոն ենք սարքում, հետո գնալու եմ Ամերիկա՝ դասընթացների համար եւ այսպես բազմաթիվ նախաձեռնություններ։

-Բայց նոր բեմադրությունների՝ «Կարմենի», «Կախարդական սրինգի» գումարն Օրբելյանն իր հաշվին է հոգում։

-Այսօր Հայստանը մի մեծ փոփոխությունների մեջ է, խոսվում է կոռուպցիայի, թալանի մասին, բայց նույն բանը եղել է եւ կա արվեստի մեջ, հոգեւոր կոռուպցիան նույնպես առկա է։ Եվ երբ նա ասում է՝ ես իմ գրպանից եմ դնում, ինքն իր գրպանից ոչ մի բան չի դնում, նախօրեին Օպերային թատրոնում եղել է դրամահավաք, ինքը հրավիրել է մի շարք մարդկանց եւ առաջարկել գումար նվիրաբերել թատրոնին, ինչն ընդունված ձեւ է աշխարհում, բայց ինքն իր գլխավոր գաղափարը չի կարողանում ձեւակերպել։ Այսինքն՝ մինչեւ այսօր մենք իր ծրագիրը չենք տեսել, թե ուր է տանում թատրոնը հոգեւոր Հայաստանը։ Իսկ ես այս ընթացքում բերել եւ բեմադրել էի մոտ 30 ներկայացում, որոնք ամբողջությամբ մաքրվել են Օպերայի խաղացանկից, հանել են, ոչ թե որ վատն են, այլ որովհետեւ չեն հասկանում դրա արժեքը եւ չգիտեն աշխարհում ինչ ուղղվածություններ կան, ինչ է կատարվում, ու սա սահմանափակում է մեր ոգին։ Լավ կլիներ, որ շատ գումար հավաքած լիներ, որ կարողանային թատրոնը աշխուժացնել, բայց վախենամ՝ ինքը չգիտի, թե ինչի համար է դա անում, որովհետեւ հենց իմանա, ծրագիր կգրի։ Ո՞րն է այսօր մեր միսիան, ինչպես պետք է մեզ հաստատենք աշխարհում։ Ի վերջո խաղացանկն է որոշում, թե մենք ոնց պետք է զարգանանք, ուր ենք գնում, մեր արժեքները կմիացնենք համաշխարհային արժեքների հետ, թե ոչ։

Ու երբ այսօր մեր մշակույթի նախարարն ասում է՝ այդ 3 պաշտոնը չի կարող լինել մի հոգու ձեռքում, շատ խելացի միտք է ասում, որովհետեւ դրանք կոնֆլիկտային են, դրանց մեջ երկխոսություն, քննարկում պետք է լինի, որ տանի զարգացման, իսկ մեր «շուստրի դիրեկտորի» խոսակցությունը պարետի խոսակցություն էր, երբ ասում էր, որ տանիքը կաթում է։ Հարգելի՛ տնօրեն, ես ուզում եմ լսել, թե մեր թատրոնը ո՞ւր է գնում, ո՞րն է մեր խաղացանկը, որովհետեւ այն, ինչ բեմի վրա կատարվում է, դա է ցույց տալիս հոգեւոր Հայստանի գաղափարը, որը վստահված է մի մարդու, որը գաղափար չունի այդ բաներից։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X