Մեզ չեն կարող ապտակել

Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը կարծում է, որ այլ պետության ղեկավարությունը չի՛ կարող որոշում կայացնել, թե մեր պետության մեջ կադրային ինչպիսի քաղաքականություն իրականացվի։ Նրա խոսքով՝ ուղղակի վիրավորական է, երբ ասում են, թե Կրեմլը գոհ չէ Հայաստանում տեղի ունեցող նշանակումներից։ «Գոհ պետք է լինեն ՀՀ քաղաքացիները, ՀՀ վարչապետը»,-երեկ հայտարարեց Սանասարյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին։ Իսկ մամուլում գրվել է, որ Ռուսաստանի համար շարունակում են անընդունելի մնալ մի շարք առանցքային նշանակումներ Հայաստանում, մասնավորապես՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ու ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասանյանի, որոնք տարիներ շարունակ հակառուսական գծի մեջ են եղել՝ երբեմն անգամ վիրավորական արտահայտություններ անելով այդ երկրի իշխանությունների հասցեին, իսկ այսօր բարձր պաշտոն են զբաղեցնում Հայաստանում:

Սանասարյանին փորձեցինք մի քանի հարց ուղղել այս առնչությամբ, մասնավորապես՝ հայ-ռուսական հարաբերությունների, Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման մասին, բայց նա որքան հնարավոր է փորձեց խուսափել հարցադրումներից՝ նշելով, թե իր պաշտոնը հիմա թույլ չի տալիս այս հարցերի շուրջ գնահատականներ հնչեցնել։ Օրինակ՝ երեք ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ նախատեսվող Փաշինյան-Պուտին հանդիպման եւ դրանից ակնկալվող արդյունքների վերաբերյալ Սանասարյանն ասաց․ «Ես չեմ կարող ասել, իմ ֆունկցիաների մեջ չի մտնում նման գնահատական տամ։ Ես ընդդիմադիր գործիչ չեմ կամ ուղղակի պատգամավոր չեմ, որ իմ գնահատականները տամ։ Իմ գնահատականները պետք է լինեն իմ գործունեությունը»։ Ի դեպ, նախորդ օրվա ասուլիսում նա ճիշտ հակառակ արտահայտությունն էր օգտագործել․ «Ես՝ որպես ընդդիմադիր գործիչ»։

-Երբ Դուք ընդդիմադիր գործիչ էիք, աչքի էիք ընկնում հակառուսական դիրքորոշմամբ եւ հայտարարություններով։

-Ես մի քիչ առաջ ասացի՝ հակառուսական դիրքորոշում ես չեմ ունեցել։ Քաղաքականության վերաբերյալ ես ունեցել եմ այլ դիրքորոշումներ։

-Ինչպիսի՞ն էր այդ դիրքորոշումը նախորդ իշխանության վարած քաղաքականության նկատմամբ, եւ արդյոք նոր իշխանությունը այդ քաղաքականությունը ճի՞շտ հունով է տանում։

-Հարգելի Վահե, ես կարող եմ պարզապես էս մի գնահատականը տալ, որ նոր իշխանությունը բալանսավորված արտաքին քաղաքականություն է իրականացնում։ Եվ նոր իշխանությունն այլ պետությունների ենթակայության բան չունի։ Նոր իշխանությունը կոնկրետ սպասարկում է ՀՀ շահերը։

-Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական կորպուսից հայտարարություններ եղան, որոնք ոմանք Հայաստանին ուղղված ապտակ որակեցին։

-Մեզ չեն կարող ապտակել։

-Ապտակ՝ դիվանագիտական առումով։

-Դիվանագիտական առումով էլ մենք ճշգրիտ քաղաքականություն ենք իրականացնում, ապտակներ չենք ստանում։

-ՀԱՊԿ-ի մասով էլ է այսօր որոշակի խնդիր առաջացել, ճի՞շտ է այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հետ կանչելը։

-Էդ գնահատականը չեմ կարող տալ, դա երկրի վարչապետի տիրույթում է, վարչապետը կպատասխանի էդ հարցին։

-Մենք որեւէ կախում ունե՞նք Ռուսաստանից կամ որեւէ այլ երկրից։

-Ոչ։

-Ո՛չ ռազմավարական առումո՞վ, ո՛չ քաղաքակա՞ն, ո՛չ տնտեսակա՞ն։

-Ոչ։ Հայաստանում իրականացվում է այնպիսի քաղաքականություն, որ հաշվետու ենք բացառապես ՀՀ քաղաքացիների առաջ։

-Եվրամիության հետ եւս հարաբերություններում խնդիրներ են նկատվում, օրինակ՝ վարչապետի հայտարարությունը Բրյուսելում, որ մեզ գումար պետք չէ, մենք կարող ենք այստեղից այդ գումարները հայթայթել։

-Էդպես չի վարչապետը հայտարարել, որ մեզ գումար պետք չի։ Եկեք էսպես անենք, էլի, ես չմեկնաբանեմ վարչապետի ասածները, ասում եմ՝ ի պաշտոնե իմ գործառույթներն այլ են։ Սխալ կլինի իմ կողմից որեւիցե գնահատական տալը ե՛ւ արտաքին քաղաքականությանը, ե՛ւ այլն, ե՛ւ այլն։ Շատերը նաեւ դա դիտարկում են որպես ճնշում, եթե վերաբերում է այլ նախարարությունների։ Ես իմ գործով եմ զբաղվում, իրականացնում եմ հակակոռուպցիոն լիազորություններ՝ իմ կառույցին վերապահված․․․։

-Հենց հակակոռուպցիոն այդ քաղաքականությունը կապ ունի արտաքին հարաբերությունների հետ՝ այն առումով, որ նախորդ կառավարությունը, թեպետ հաճախ գուցե այդ գումարները մսխելով, բայց Եվրամիությունից գումարներ էր ստանում հենց կոռուպցիայի դեմ պայքարելու համար։ Մենք այսօր ակնկալո՞ւմ ենք ԵՄ-ից նման գումարներ։

-Ես էդ հարցերին չեմ կարող պատասխանել, դա իմ լիազորությունների մեջ չի մտնում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X