Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում՝ մի՞ֆ, թե՞ իրականություն

Սեպտեմբերի 8-ին Պուտին-Փաշինյան սպասվող երրորդ հանդիպումից հայաստանյան ակտիվ հանրությունն ու քաղաքական ուժերը տարբեր սպասումներ ունեն։ Եթե նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից ահազանգ է հնչում հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման վերաբերյալ, ապա Նիկոլ Փաշինյանի թիմում առերեւույթ հանգստություն է։ Փաստն այն է, որ Ռուսաստանում միանշանակ չեն ընդունվում հեղափոխական իշխանության որոշ գործողություններ, որոնք հատկապես առնչվում են հայ-ռուսական հարաբերություններին, մասնավորապես՝ միջազգային կառույցներին, ինչպիսին ՀԱՊԿ-ն է։ Հիշեցնենք, որ այդ կառույցի ղեկավարումն այժմ ռոտացիոն սկզբունքով ստաձնել է Հայաստանը, մինչդեռ շաբաթներ առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ Մարտի 1-ի գործով քրգործ է հարուցվել, ու հնարավոր է պաշտոնական Երեւանն այս հանդիպման ընթացքում բարձրացնի Խաչատուրովի հետկանչի հարցը։

Ռուսական կողմի մտահոգությունները երկու անգամ բարձրաձայնեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ արձանագրելով, որ Հայաստանի իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ քաղաքական հետապնդումներ չեն իրականացվի։ Վարչապետ Փաշինյանը սրան ի պատասխան հայտարարեց․ «Սա այլ իրավիճակ է, բոլորս պետք է այս իրավիճակին ադապտացվենք, այդ թվում՝ մեր ռուս գործընկերները, այնպես որ, ամեն ինչ նորմալ է»։ Լավրովի երկրորդ հայտարարությունը, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ, ինչն իրենց մտահոգում է, Փաշինյանը հումորի վերածեց․ «Դե, շոգ էր էսօր բավականին, իսկապես»:

Այս հումորին ի պատասխան՝ Հանրապետական շրջանակներից սկսեցին «լրջանալու» կոչեր ուղղել Փաշինյանին՝ զգուշացնելով, որ հումորները կարող են թանկ նստել հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Հատկապես ակտիվ հարցազրույց- հայտարարություններով հանդես եկան Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովը՝ տեղեկացնելով նաեւ, որ հայ-ռուսական հարաբերությունները ծայրաստիճան վատթարացել են, ինչը կարող է Հայաստանի անվտանգության սպառնալիք հանդիսանալ։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը համամիտ է գործընկերների հետ․ կան որոշ մտահոգություններ, սակայն հույս ունի, որ խնդիրները ժամանակավոր են․«Ես հուսով եմ, որ բոլոր գործողությունները, որոնք մեր իշխանությունների կողմից ձեռնարկվում են կամ կձեռնարկվեն, դրանք կբխեն բացառապես Հայաստանի Հանրապետության ազգային պետական երկարատեւ շահերից եւ կլինեն նախորդ փորձի համակողմանի ուսումնասիրությունից բխող որոշումներ: Եվ, ի վերջո, գուցե մի օր վերանան նաեւ այն խութերը, այն չհասկացվածությունը, որոնք արտահայտում էի ոչ միայն ես, այլ նաեւ շատ փորձագետներ»։ Ֆարմանյանի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերությունների շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները գետնի վրա չպետք է մնան, եւ նոր իշխանությունները պետք է շարունակեն նախորդների վարած կուրսը։

Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս կազմող ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւս խնդիրներ է տեսնում հայ-ռուսական հարաբերություններում՝ ասելով, թե դրանց ապացույցը ռուսական կողմի հայտարարություններն են։ Սեպտեմբերի 8-ին կայանալիք Պուտին-Փաշինյան հանդիպումից պատգամավորն ակնկալում է, որ գոյություն ունեցող խնդիրները կհարթվեն, եւ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը չի խաթարվի․«Այլապես այդ խնդիրները, եթե չհարթվեն, մեզ համար կունենան ճակատագրական հետեւանք»։ Ըստ նրա՝ պարտադիր անդրադարձ պետք է կատարվի ՀԱՊԿ-ին․«Պետք է քննարկվի եւ ըստ ամենայնի որոշում կայացվի, թե ինչպես գործընթացը տանել առաջ։ Դա մեր տեղն է, անկախ նրանից, թե ով կզբաղեցնի այդ տեղը, ռոտացիոն կարգով մենք ենք ղեկավարում։ Հիմա էդ տեղը կշարունակե՞ն տալ մեզ, թե՞ ․․․Այն ժամանակ, երբ այդ տեղը հատկացրին մեզ, Դուք հիշում եք, որ անդամ երկրների ղեկավարների կարծիքը միանշանակ չէր, եւ միայն Ռուսաստանի պայմանավորվածության արդյունքում դա տվեցին մեզ, այնպես որ, շատ կարեւոր է, որ հիմա էլ, եթե Խաչատուրովը չէ, ապա այդ տեղը շարունակենք մենք ղեկավարել»։

Ռուստամյանը հիշեցրեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը նախկինում եղել է հստակ, այն, ինչ հայտարարվել է Մոսկվայում, կրկնվել է այլ երկրներում, նրա պնդմամբ՝ պետք է շարունակել այդ կուրսը․«Որեւէ գերտերության հարաբերությունները այդ երկրի հետ չպետք է անդրադառնան Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների վրա»։ Ռուստամյանի կարծիքով՝ Պուտին-Փաշինյան այս հանդիպումը լավ առիթ է, որպեսզի երկրների առաջին դեմքերը խոսեն ղարաբաղյան հիմնախնդրի մասին:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը հորդորում է չանհանգստանալ․ հայ-ռուսական հարաբերություններում անհանգստանալու որեւէ բան չկա, մեր ռուս գործընկերները պարզապես ուսումնասիրում են մեզ: «Անհանգստանալու որեւէ բան չկա հայ-ռուսական հարաբերություններում: Դրանք լավ մակարդակի վրա են, եւ մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի այդ հարաբերություններն ավելի լավանան»։ Նրա խոսքով՝ Հայաստանում անսպասելի փոփոխություններ տեղի ունեցան, եւ ոչ միայն Ռուսաստանը, այլ նաեւ գերտերություններն են մեզ ուսումնասիրում։

Քաղաքագետ Մանվել Սարգսյանի գնահատմամբ՝ որոշակի շրջանակներ հակված են իրավիճակն այդպես ներկայացնելու, իրականության մեջ էլ ռուսական մամուլում են որոշակի անհանգստություններ նկատվում․«Փորձում են պրետենզիաներ ներկայացնել Հայաստանի ցանկացած գործողության վերաբերյալ, ու հասկանալի է մի բան, որ նրանք անընդհատ պարզություն են ուզում Հայաստանի քաղաքականությունից։ Համաձայնեք նաեւ, որ հետխորհրդային տարածքում Քոչարյանի հետ նախադեպն էր աննախադեպ, եւ կարծում եմ՝ այս հարցերն են, որ որոշ մտահոգություններ են առաջացրել, իսկ մեծ խնդիրներ, կարծում եմ, չկան։ Ճիշտ հակառակը՝ մենք տեսանք, թե ապրիլից մինչեւ հուլիս Ադրբեջանը որքան մեծ ջանքեր թափեց, հիմա էլ մեծ հիստերիա է բարձրացրել, որպեսզի վերաբերմունքը փոխվի դեպի Հայաստանը, ուկրաինական սցենարներ լինեն եւ այլն, բայց մենք տեսանք վերաբերմունքը, եւ մինչեւ հիմա պատերազմի մասին չեն խոսում։ Այսինքն՝ շատ շահագրգռված կողմեր կան ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Ադրբեջանում վիճակը մտահոգիչ ներկայացնելու համար, սակայն պետք է ընդամենը հանգիստ աշխատել»։ Քաղաքագետի կարծիքով՝ ՀԱՊԿ-ի հետ կապված մտահոգություններ չպետք է ունենալ, քանի որ դա, իր բնորոշմամբ, վաղուց մեռած կառույց է, եւ դրա հեղինակության հարցը միայն Ռուսաստանին է հետաքրքրում։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Մեկնաբանություն
X