Արա Մինասյանն՝ ընդդեմ առողջապահության նախարարի

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանը դատական նոր հայց է ներկայացրել ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի: Ըստ հայցի՝ Մինասյանը պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին նախարարի հրամանն ու վերականգնել նախկին աշխատանքը: Այս մասին տեղեկանում ենք «DataLex» դատական տեղեկատվական համակարգից:

Մինասյանի շահերի պաշտպան Վահագն Գրիգորյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ Մինասյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ նախարարի հրամանում որեւէ փաստական հիմք կամ օրինական հիմնավորում չկա. անգամ պատշաճ ծանուցում չի արվել, տնօրենը մամուլից է տեղեկացել իրեն աշխատանքից ազատելու՝ նախարարի որոշման մասին: Փաստաբանն ասաց, որ դատական նիստի օրը դեռ նշանակված չէ, միայն հայտնի է, որ գործը մակագրվել է դատավոր Արա Կուբանյանին: Հիշեցնենք, որ սա Մինասյանի միակ դատական հայցը չէ ընդդեմ առողջապահության նախարարի:

Ավելի վաղ նա մեկ այլ դատական հայց էր ներկայացրել՝ Արսեն Թորոսյանից պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները: Այս գործի առնչությամբ էլ փաստաբանն ասաց, որ Մինասյանը նյութական պահանջ չի ներկայացրել, դատական նիստի օրը դեռեւս չի նշանակվել: Հիշեցնենք, որ նախարարը հուլիսի 27-ի ֆեյսբուքյան «լայվում» խոսել էր «կազմակերպված հանցավորության», «բանդայի պարագլխի», «վիշապին գլխատելու» մասին՝ խախտելով անմեղության կանխավարկածն ու զրպարտելով հիվանդանոցի անձնակազմին ու տնօրենին:

Մեկնաբանություն
X