Մտահոգիչ հարցեր Ամուլսարի ծրագրի վերաբերյալ

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՄՏԱՀՈԳԻՉ ՀԱՐՑԵՐ ԱՄՈՒԼՍԱՐԻ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամուլսարի ոսկու հանքավայրը Հայաստանում ոսկու խոշոր հանքերից միակն է, որը գտնվում է՝

  • Հայաստանի կենտրոնական հատվածում (մյուս խոշոր հանքավայրերը գտնվում են սահմանամերձ տարածքներում),

  • Հայաստանի երկու խոշոր գետերի՝ Արփա և Որոտան գետերի, ակունքային գոտում (Արփա-Սևան թունելի միջոցով ջուրը տեղափոխվում է նաև Սևանա լիճ),

  • Հայաստանի կարևորագույն հիդրոէներգետիկ կառույցներից մեկի՝ Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգի մասը կազմող Սպանդարյան-Կեչուտ ջրատար թունելի վրա:

Յուրաքանչյուր իրազեկ և գիտակից քաղաքացու կհետաքրքրի այն հարցը, թե Ամուլսարի հանքարդյունահանման ծրագրի իրագործումը կարող է արդյո՞ք բացասական և անդառնալի հետևանքներ առաջացնել: Կարող է արդյո՞ք, մեր անտարբերության հետևանքով տուժեն մեր սերունդները:

Այս առումով, ողջունելի է իրականությունը պարզելուն ուղղված գործադիր իշխանության նախաձեռնությունը:

Կարծում եմ, պետք է պարզել՝

  • «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը Ամուլսարի մասով հանքարդյունահանման թույլտվություն տրամադրելու գործընթացում օրինականության պահպանման (այդ թվում՝ կոռուպցիոն ազդեցությունների բացակայության) հարցը.

  • Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման արդյունքում Հայաստանի ազգային հարստություն համարվող Ջերմուկի հանքային ջրերի վրա ազդեցություն ունենալու հարցը.

  • Արփա և Որոտան գետերի (արդյունքում նաև Սևանա լճի) վրա ազդեցություն ունենալու հարցը.

  • Սպանդարյան-Կեչուտ ջրատար թունելի՝ և՛ որպես հիդրոտեխնիկական կառույցի և՛ որպես ջրատարի, վրա ազդեցություն ունենալու հարցը.

  • հանքավայրի փոշու տարածման հարցը, մասնավորապես փոշու տարածման հնարավոր հեռավորությունը և դրա ազդեցությունը մարդու և էկոհամակարգի վրա:

Ձևավորված փաստաբանների խումբը դեռ կատարում է իր ուսումնասիրությունը, որի արդյունքները կհրապարակվեն»:

Մեկնաբանություն
X