Կհաղթի «Իմ քայլը», անցողիկ են ԲՀԿ-ն, «Լույսը», ՀՅԴ-ն․ քաղաքագետ

Քաղաքագետ Արմեն Բադալյանը Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ նկատում է, որ դեռ առկա է հեղափոխական էյֆորիան, երկրի վարչապետն ունի բարձր հեղինակություն, քաղաքական մյուս ուժերն անցկացնում են ոչ այնքան գրագետ քարոզարշավ։ Այս իրողություններից ելնելով էլ՝ նա կարծում է, որ Երեւանի ավագանու ընտրություններում քվեների «առյուծի բաժինը» կստանա «Իմ քայլը» դաշինքը, որի հիմնական առաջատար ուժը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։ Քաղաքագետը հիշեցնում է, որ դեռեւս ՀՀԿ-ականների ժամանակներից գործում է բոնուսային համակարգը, ինչից էլ կարող ենք ենթադրել, որ «Իմ քայլը» դաշինքը կստանա 40+ տոկոս քվեներ, ինչն էլ նրան հնարավորություն կտա ձեւավորելու քաղաքային իշխանությունը։

«Վարչապետն ինքն է նշել, որ մասնակցելու է իր թեկնածուի քարոզարշավին՝ օրենքով թույլ տրված սահմաններում։ Դիտարկումներն այս առումով ցույց են տալիս, որ «Իմ քայլը» կարող է միայնակ ձեւավորել քաղաքային իշխանություն»,- ասաց մեր զրուցակիցը։ Երկրորդ տեղը, ըստ քաղաքագետի, կարող է զբաղեցնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ հաշվի առնելով նրա ռեսուրսները։ Երրորդ տեղին էլ, քաղաքագետի կարծիքով, հավակնում են «Լույս» դաշինքը եւ ՀՅԴ-ն։ «Թեեւ ՀՅԴ-ն ունի կայուն ընտրազանգված, սակայն Երեւանում 50/50 է հավանականությունը, որ նա կհաղթահարի Երեւանի ավագանու նշաձողը։ Նույնը կարող ենք ասել նաեւ «Լույս» դաշինքի մասին։ Իսկ մնացած ուժերի դեպքում քիչ հավանական է, որ կհաղթեն Երեւանի ավագանու ընտրություններում։ Ուղղակի նրանք էլ բաժանվում են երկու մասի՝ քաղաքական ուժեր, որոնք ձգտում են հաղթահարել վեց տոկոսի շեմը եւ ուժեր, որոնք իրենց մասին հիշեցնելու համար են մասնակցում ընտրություններին»,- ասաց Արմեն Բադալյանը։

Որքանո՞վ Երեւանի ավագանու ընտրությունները կանցնեն ազատ եւ արդար։ Արմեն Բադալյանը նկատում է, որ վարչական ռեսուրսներ օգտագործող ՀՀԿ-ն չի մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին, իսկ այն ուժը, որը բարեգործությունն օգտագործում էր որպես ընտրակաշառք, դրա դեմ ընդունվում են օրենքներ, որոնք թույլ չեն տա, որ դրանք ունենան դերակատարում։ Ըստ այդմ էլ՝ Արմեն Բադալյանը կանխատեսում է, որ երկու տասնամյակ անց Երեւանի ավագանու ընտրությունները կարող են անցկացվել ազատ եւ արդար։

Մեկնաբանություն
X