Հայկ Մարությանին չէ՞ր հետաքրքրում քաղաքացիների բողոքը (տեսանյութ)

Կառավարության շենքի առջեւ այսօր մարդաշատ էր․ տարբեր խմբեր հավաքվել էին տարբեր խնդիրներով, սակայն գլխավոր պահանջը վարչապետի հետ հանդիպումն էր։ Այնտեղ էին Ամուլսարի հանքի շահագործման դեմ, Նաիրիտի շահագործման համար պայքարողները, «Զատիկ» մանկատան նախկին սաները, զոհված ազատամարտիկների հարազատները, նախկին օդաչուները, Ռոբերտ Քոչարյանի անհապաղ կալանավորումը պահանջողները եւ այլ քաղաքացիներ, որոնք եկել էին տարբեր խնդիրներով՝ սկսած ֆինանսական աջակցության խնդրանքներից մինչեւ թոշակի վերականգնման պահանջ։

Երբ քաղաքացիները, տարբեր բովանդակությամբ պաստառները պարզած, պահանջում էին, որ վարչապետը իջնի եւ հանդիպի իրենց հետ, ցուցարար քաղաքացիների շարքերն աննկատ ճեղքեց Երեւանի ավագանու սպասվելիք ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի առաջին համար, քաղաքապետի թեկնածու, սեւ ու սպիտակ «շորտիկ-մայկայով» Հայկ Մարությանը։ Նա քաղաքացիներից մեկի բարեւն ընդունեց եւ դրան ի պատասխան՝ նրան ձեռքով արեց։

Զարմանալի է, որ շարքային անցորդները, որոնք վարչապետին ուղղված որեւէ բողոք կամ առաջարկ չունեին, հետաքրքրվում էին իրենց հայրենակիցների խնդիրներով․ կանգնում էին, հարցուփորձ անում, երբեմն՝ քննադատում, երբեմն՝ հայտնում իրենց անհամաձայնությունը բարձրացված խնդրին, երբեմն՝ կարեկցում, երբեմն էլ միանում էին պայքարին։ Բայց մոտ ապագայում քաղաքապետ դառնալու հավակնություններ ունեցող, քաղաքապետի ֆավորիտ թեկնածու համարվող Հայկ Մարությանին, կարծես թե, այդ ամենը ամենեւին չէր հետաքրքրում։ Դատելով նրա արտաքինից՝ նա, «բոթասներով», սեւ-սպիտակ համազգեստով, դուրս էր եկել առավոտյան նախավարժանքի։ Բայց ավելի հետքրքիր է, որ քաղաքացիները չնկատեցին եւ ուշադրություն չդարձրին իրենց կողքով վազող ապագա «քաղաքապետին»։ Մինչ այդ կառավարության շենքի առջեւ հավաքված քաղաքացիները մոտենում էին կառավարության շենք ելումուտ անող, փողկապով ցանկացած մարդու՝ փորձելով ճշտել, թե արդյոք կառավարությունո՞ւմ է աշխատում՝ ակնկալելով, որ գուցե նրա միջոցով կարողանան բողոքը տեղ հասցնել կամ վարչապետի հետ կապ հաստատել, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկին «ձեռքներից բաց թողեցին»։

Քանի որ «լավ մարզավիճակում գտնվող» Հայկ Մարությանին չկարողացանք տվյալ պահին հարցեր տալ, որոշեցինք մեր հարցերը նրան ուղղել հեռախոսազրույցի ընթացքում՝ նրանից վերոնշյալի վերաբերյալ պարզաբանում ստանալու ակնկալիքով, սակայն, ինչպես միշտ, նա չպատասխանեց մեր զանգերին։ Ի դեպ, Մարությանն ապրում է Հանրապետության հրապարակի մերձակայքում՝ Բուզանդ-Հանրապետություն փողոցների հատման կետում գտնվող էլիտար շենքում։

Մեկնաբանություն
X