Ոստիկան սպանողները պետք է դատապարտվեն, իսկ մյուսները՝ արդարացվեն

Թավշյա հեղափոխությունն արդարության վճռական հաղթանակն էր դեսպոտիզմի նկատմամբ։ Բայց արդարության հաղթանակն իր հետ երևան հանեց հենց այդ նույն արդարության հետ կապված տարատեսակ մարտահրավերներ։

Իհարկե, արդարությունը բացարձակ հասկացություն չէ։ Համաշխարհային պատմության գրեթե ամբողջ ընթացքում, իսկ ավելի կոնկրետ բնությունից կտրվելուց հետո մարդը ձգտել է ինքն իր համար արդար միջավայր ձևավորել։ Այսինքն՝ արդարության հիմքի վրա խարսխված հասարակարգի ստեղծման հիմնախնդիրը մշտապես մտահոգել է մարդուն ու արդյունքում ձևակերպվել են արդարության գաղափարի տարատեսակ սահմանումներ ու գոյակարգի իրարամերժ տարակերպեր։ Հիմնախնդիրը մշտապես գտնվել է մտավոր շրջանակների ուշադրության կենտրոնում։ Դրա շուրջ բանավեճերը հատկապես սուր երանգավորում ստացան 20-րդ դարի երկրորդ կեսին՝ Սառը պետարազմի ընթացքում։ Երկու հակոտնյա աշխարհաքաղաքական ճամբարներն առաջ էին քաշում արդարության իրենց հայեցակարգերն ու դրանց հիման վրա կառուցարկում իրենց հասարակարգերի գաղափարական ճշմարտացիությունն ու գործնական կենսունակությունը։

Եթե խնդիրը մի փոքր պրիմիտիվացնենք, ապա կարող ենք նշել, որ «Ազատ աշխարհը, այսինքն՝ արևմուտքը պայմանականորեն մարմնավորում էր ազատությունը, իսկ սոցիալիստական ճամբարը՝ հավասարությունը։ Այսինքն՝ դիմակայության մեջ էին հայտնվել արդարության երկու հիմնական բաղադրիչները։ Արևմուտքը մատնանշում էր այն փաստը, որ Խորհրդային Միությունում ու առհասարակ Վարշավյան բլոկում ազատության բարձրագույն գաղափարը խեղդված է ու անէացված, իսկ վերջիններս էլ շեշտադրում էին այն իրողությունը, թե «Ազատ աշխարհում» չկա հավասարություն, այսինքն՝ հանրույթը շերտավորված է, կան դասակարգեր, որտեղ հարուստները հարստահարում են աղքատներին, իսկ իրենց մոտ դասակարգեր չկան և բոլորը հավասար են։ Ասվածից չի կարելի ենթադրել, որ Արևմուտքում ամենևին էլ քայլեր չէին ձեռնարկում հավասարության գաղափարի ինստիտուցիոնալ կայացման համար, չենք էլ կարող ասել, թե ԽՍՀՄ-ում չկային այնպիսի մարդիկ, որոնք պայքարում էին հանուն ազատության։ Այն էլ ինչպես կային, և այդ մարդիկ իրենց գործի անձնուրաց նվիրյալներն էին։

Թերևս այս երկար ներածական քննարկումից հետո արժի վերադառնալ հայաստանյան իրականություն՝ արդարության գաղափարի փիլիսոփայական ու պատմական հիմնահարցերը թողնելով մեկ այլ առիթի։

Միանգամից նշենք, որ հայ քաղաքական ու փիլիսոփայական շրջանակների կողմից արդարության հիմնախնդիրը երբևէ չի դիտարկվել որպես դիսկուրսի առարկա։ Կարելի է ասել այդ ուղղությամբ լուրջ քննարկումներ երբեք չեն եղել։ Որպես արդարության գաղափարի մարմնավորում բացառապես դիտարկվել է հանցավոր ռեժիմի տապալումը։ Իսկ մնացյալ բոլոր անարդարությունները՝ աղքատությունից մինչև աշխատավորների իրավունքների ոտնահարում, ռեժիմի գոյության ածանցյալներն էին։

Եվ ահա 2018 թ․ գարնանը թավշյա հեղափոխության զորեղ ալիքը մարմնավորեց այդ արդարությունը՝ ռեժիմը տապալվեց։ Բայց բանից պարզվում է, որ արդարության հաղթանակը դեռ չի ենթադրում արդար հասարակարգի ձևավորում։ Այսինքն հայ հանրույթի առաջնային նպատակներից մեկը պետք է դառնա արդարության՝ հավասարության և ազատության, հիմքի վրա խարսխված պետություն ստեղծելը։ Խոստովանենք, որ դա հեշտ գործ չէ և հայաստանցիները պետք է մեծագույն ճիգ գործադրեն այդ ճանապարհին։ Հատկապես որ կատարյալ արդարությունը վերմարդկային ու վերբնական ուտոպիա է, այսինքն խոսքը ոչ թե կատարելության մասին է, այլ՝ ներհասարակական կոմպրոմիսի, որը պետք է փոխակերպվի փոխզիջումային հանրային դաշինքի։ Իսկապես արդարությունը նախ և առաջ կոմպրոմիս է և հենց ինքն իր ներսում։

Արդարությունը պետք է ի վերջո ինստիտուցիոնալ դրսևորումներ ստանա՝ ներառելով մարդկանց կյանքի գրեթե բոլոր ոլորտները՝ առողջապահությունից, կրթությունից մինչև իրավական համակարգ։ Կարելի է ասել, որ Հայաստանում միջին խավ չկա և հանրույթը ծայրահեղ երկփեղկված է ու շերտավորված հարուստների և աղքատների։

Շրջանցելով վերևում նշված չափազանց կարևոր հիմնախնդիրների քննարկումը՝ նշենք, որ հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո նոր կառավարության, ինչպես նաև հանրության առջև ծառացավ չափազանց վտանգավոր մի մարտահրավեր, որն է՝ նախկին ռեժիմից ժառանգություն մնացած քաղբանտարկյալների ու «Սասնա ծռերի» հիմնախնդիրը։ Հարցն այս այնքանով է առանձնահատուկ, որ արդարության գաղափարն այստեղ ուղղակիորեն երկփեղկվում է։

Տեսեք Շահեն Հարությունյանն ու նրա կողմնակիցները պահանջում են արդարացնել Շանթ Հարությունյանին, և ըստ էության նրանց պահանջն արդար է։ Իսկապես Շանթը քաղբանտարկյալ է և անազատության մեջ է հայտնվել սադրանքի արդյունքում։ Բայց ներկայումս չկա որևէ իրավական մեխանիզմ նրան արդարացնելու համար և իշխանություններն այլընտրանքային լուծում են առաջարկում, որն անընդունելի է դիտարկվում Շանթ Հարությունյանի կողմից։

Այս հարցում իշխանությունների մոտեցումն էլ ավելի քան ընկալելի է, քանի որ նրանք էլ առաջնորդվում են արդարության իրենց իսկ հարացույցով։ Կառավարությունը չի կարող քանդել Հանրապետության իրավակարգը՝ մի խմբի արդարության պահանջը բավարարելու նպատակով, քանի որ թեկուզ տխրահռչակ պրակտիկա ունեցող համակարգի կազմաքանդումը կարող է իր փլատակների տակ առնել ողջ պետությունը։ Այսինքն անհնար է արդարության նպատակով անարդարություն գործել ու որպես վերջնական արդյունք արդարություն ակնկալել։ Իրավակարգի խախտման նախադեպն իսկապես կարող է տխուր հետևանքների հանգեցնել։

Գրեթե նույն խնդիրն առկա է Ծռերի պարագայում։ Զինված խմբի անդամների ճնշող մեծամասնությունը արդեն ազատության մեջ են՝ բացառությամբ ոստիկաններին սպանողները (Դատական գործընթացը դեռևս չի ավարտվել և ոստիկանների սպանության խնդիրը դեռևս շարունակում է առեղծվածային մնալ)։

Այս հարցում նույնպես հանրային կարծիքը երկփեղկված է։ Մի մասը պնդում է, թե զինված խմբի բացառապես բոլոր անդամները, այդ թվում և ոստիկաններին սպանողները պետք է արդարացվեն։ Մյուս հատվածն էլ՝ մասնավորապես զոհված ոստիկանների հարազատները պնդում է, որ նրանց ազատ արձակումն անթույլատրելի է ու անընկալելի։

Փաստորեն արդարության գաղափարը նորից հայտնվում է փակուղու մեջ։ Մի կողմից ակնայտ է, որ ՊՊԾ գնդի գրավումն որպես այդպիսին շարքային գործընթաց չէր, այլ՝ հեղափոխական իրավիճակ։ Դա էլ ենթադրում է անկառավարելիության ու քաոսի տրամաբանություն, այսինքն՝ գործընթացը իրավականից զատ ունի նաև քաղաքական ենթատեքստ և գնահատականն էլ պետք է լինի դրան համապատասխան։

Բայց հանրային արդարությունը համընդանուր և բազմաբևեռ իրողություն է։ Պետք է հաշվի առնել բոլոր բևեռների տեսակետները, նույնիսկ եթե դրանցից մեկը ոչ այնքան ազդեցիկ փոքրամասնություն է։ Խոսքը ոստիկանների հարազատների մասին է։ Չի կարելի է բավարարել մեծամասնության ցանկությունը՝ անտեսելով ու մոռանալով այդ մարդկանց, որոնք նույնպես ձգտում են արդարության։

Ինչպես տեսնում ենք երկու դեպքում էլ գործ ունենք չափազանց բարդ խնդիրների հետ, որոնք որպես ամբողջություն տեղավորվում են արդարության հիմնախնդրի տրամաբանության ծիրում։ Այստեղ միակողմանի լուծումներն անթույլատրելի են և որքան էլ որ ցավոտ լինի, բայց հակոտնյա բոլոր կողմերը պետք է գան կոմպրոմիսի, քանի որ հանրային դաշինքը կոմպրոմիսի ու փոխզիջման արդյունք է։

Շանթ Հարությունյանի պարագայում մենք կիսում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը։ Նա պետք է համաձայնի առաջարկված պայմանների հետ, ազատ արձակվի ու պայքարի իր արդարացման համար։

Սասնա ծռերի համար առաջարկում ենք հետևյալ մոտեցումը․ Զինված խմբի բոլոր այն անդամները, որոնք չեն առնչվում սպանությունների հետ, պետք է արդարացվեն, իսկ ոստիկաններին սպանողները, որքան էլ որ ցավոտ լինի, պետք է դատապարտվեն։ Այս հարցում միակ կոմպրոմիսը սա կարող է լինել, որը փոխզիջումային տրամաբանությամբ մի կողմից կգոհացնի և մյուս կողմից էլ բնականաբար չի գոհացնի բոլոր կողմերին։ Ավելի լավ է գնալ այսպիսի փոխզիջման, այլ ոչ թե առաջնորդվել մի կողմին ամեն ինչ, իսկ մյուսին՝ ոչինչ սկզբունքով։ Վերջին տարբերակը ոչ մի լավ տեղ չի տանի՝ ինչ-որ մի օր պայթելու հեռանկարով։ Այսպիսի պայմաններում հանրային պայմանագրականությունը դառնում է անհնար։

Բացի այդ մի առանձնահատկություն էլ կա։ Մենք չենք կարող վերցնել ու ստորացուցիչ ապտակ հասցնել պետական այնպիսի կարևորագույն ինստիտուտի, ինչպիսին ոստիկանությունն է։

Ոստիկանության առաքելությունն է պաշտպանել պետության ու հանրության անվտանգությունը։ Եթե հիմա ոստիկան սպանողը հայտնվի ազատության մեջ, արդյո՞ք ապագայի ֆորս-մաժորային իրավիճակներում ոստիկանն անձնուրացություն կդրսևորի քաղաքացիներին պաշտպանելու համար։ Ծառայության մեջ գտնվող սպան ինքն իրեն հարց կտա․ մի՞ թե արժի վտանգել կյանքը, չէ՞ որ սպանվելու դեպքում սպանողները արդարացվելու են։ Ինչպես տեսնում ենք չափազանց բարդ ու նուրբ թեմա է։

Մեկնաբանություն
X