Քառօրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդի թոշակը նվազել է 21 հազարով․ տեսանյութ

>

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Հայկը արդեն մի քանի ամիս է իրեն հատկացվող հաշմանդամության թոշակը 21 հազար դրամով պակաս է ստանում։ Բանն այն է, որ փոխել են նրա հաշմանդամության խումբը՝ պատճառաբանելով, որ վնասվածքները այլևս խիստ արտահայտված չեն։ Հայկն էլ իր հերթին ասում է, որ ի վիճակի չէ ֆիզիկական աշխատանք կատարելու՝ չնայած այն բանին, որ փաստաթղթերում նշված է, որ մասամբ աշխատունակ է։ Քառօրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած Հայկը ձախակողմյան հեմիպարեզ ունի, դժվարությամբ է քայլում, քառօրյայի ժամանակ ճակատային հատվածում վիրավորվել է․ «Անունս Հայկ է, ծառայել եմ Մարտակերտի շրջանում, մասնակցել եմ ապրիլյան քառօրյա պատերազմին, ստացել եմ գանգուղեղի թափանցում, բեկորային կոտրվածք։ Վերջին բժշկափորձաքննության ընթացքում ճանաչեցին ինձ 2-րդ խմբի հաշմանդամ՝ առաջինի փոխարեն՝ պնդելով, որ խիստ արտահայտված չէ իմ վնասվածքի հետևանքները, բայց ես ուղղակի չեմ հասկանում, թե խիստ արտահայտվածը ո՞րն է, իմ ձեռքն ու ոտքը չեն աշխատում։ Սկզբից 1-ին կարգ են տվել, համարյա 2 տարի առաջին կարգով եմ եղել, 2-րդ կամիսիայից արդեն իջեցրել են այն հիմնավորմամբ, որ իբր սկզբից խիստ արտահայտված է եղել, հիմա խիստ արտահայտված չէ։

Վերականգնողական բուժում ստացել եմ, բայց արդյունքը այն չէր, ինչ իրենք են ներկայացնում, ես հիմա ֆիզիկական աշխատանքի հնարավորություն չունեմ, բայց թղթի մեջ գրված է, որ մասնակի ֆիզիկական աշխատանք կարող եմ անել։ Կարգը փոխելու ժամանակ իրենց բժշկական հետազոտությունն եմ անցել, ընդհանուր չեմ անցել, իրենք պահանջում են վերջին էպիկրիզը։ Նախկինում ստանում էի 91 հազար դրամ, հիմա՝ 70 հազար։ Արդեն 2 ամսից ավել է, կարգը փոխվել է»։

Հայկի խոսքով՝ հանդիպել են նաև սոցապ նախարար Մանե Թանդիլյանի հետ, վերջինս էլ ասել է, որ վստահում է իր փորձագետներին։ «Մանե Թանդիլյանի հետ հանդիպում ենք պահանջել և հանդիպել ենք, ուղղակի պնդումը այն էր, որ ինքը վստահում է իր փորձագետին, իսկ մենք չենք վստահում իր փորձագետին։ Լրացուցիչ բողոքարկել ենք, ուղղակի նույն մարդիկ են էլի եկել ստուգել, իսկ իրենք իրենց որոշումը անփոփոխ են թողել»։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X