Նոր ուժ՝ սոցիալիստներին եւ կոմունիստներին միավորելու համար

Հետհեղափոխական Հայաստանում սպասվում է նոր կուսակցության ծնունդ՝ «Հայաստանի սոցիալիստական շարժում» անունով։ Այդ մասին այսօր ազդարարեց այդ շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը, որը քննարկում էր հրավիրել «Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը, քաղաքական-հասարակական կազմակերպությունների գործունեությունը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով։ Քննարկմանը մասնակցում էին մի խումբ երիտասարդներ։ Ռոբերտ Ահարոնյանը նախ նշեց, որ այդտեղ հավաքվել են ոչ սեւերը, ոչ էլ սպիտակները։ Հետո հարց ուղղեց՝ կա՞ արդյոք նոր կուսակցություն ստեղծելու անհրաժեշտություն։ Ասաց, որ իրենք նախաձեռնել են հիմնել նոր կուսակցություն։ Հետո անդրադարձավ ապրիլյան հեղափոխությանն, ասաց, որ այն սովորական իշխանափոխություն էր, աթոռի կռիվ։ Սա չխանգարեց, իհարկե, որ հաջորդ պահին նորընծա քաղաքական ուժի ղեկավարը Նիկոլ Փաշինյանի քայլերը դրական գնահատի՝ նշելով, որ կան նաեւ բացթողումներ։

Պարզվեց, որ չեն արդարացել Ռոբերտ Ահարոնյանի սպասելիքները՝ ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեին հեղափոխությունից մեկ-երկու ամիս անց, բայց հետաձգվեցին, հասարակությունն էլ բաժանվել է նիկոլականների եւ ՀՀԿ-ականների։ Եվ հիմա վարչապետ Փաշինյանին Ռոբերտ Ահարոնյանը հիշեցնում է, որ նա պետք է կատարի իր խոստումը՝ անցկացնել Երեւանի ավագանու եւ ԱԺ ազատ եւ արդար ընտրություններ։ Մի երիտասարդ հետաքրքրվեց, թե ինչ է տալու նոր կուսակցությունը մեր քաղաքական դաշտին, չէ՞ որ 80-ից ավելի կուսակցություն կա գրանցված, դրանց մեջ մի քանիսն էլ ունեն սոցիալիստական ուղղվածություն։ Ռոբերտ Ահարոնյանն արձագանքեց, որ նոր ուժի մեջ պետք է միավորվեն բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են սոցիալիստ կամ կոմունիստ։

Իրենց նպատակն էլ ոչ թե Սովետը հիշեցնելն է, պոպուլիզմով զբաղվելը, ասելը, թե չպետք է լինեն օլիգարխներ, բանանի գինը պետք է իջեցնել, այլ սոցիալիստական գաղափարները։ Իսկ իրենք կարծում են, որ ծրագրերը չպետք է ներկայացնեն Հանրապետության հրապարակում։ Ըստ երեւույթին՝ նորահայտ սոցիալիստների համար ծրագրերի ներկայացման նախընտրելի վայրը «Անի» հյուրանոցն է։ Չմոռանանք, Ռոբերտ Ահարոնյանը խոսեց նաեւ այլասերվածությունից, ազգի պառակտվածությունից։ Փաստորեն՝ նա ուզում է նաեւ համախմբող դեր ստանձնել։

Մեկնաբանություն
X