Խելքներդ գլուխներդ հավաքեք, թե չէ ձեզնով ԱԱԾ-ն կզբաղվի

Երևանի համալսարանում լեզվաբանություն ուսումնասիրած Իզաբելլա Աբգարյանի հետևյալ ֆեյսբուքյան գրառումը կարդալուց հետո եկա այն եզրակացության, որ կամ պետք է մայր բուհը փակել և կամ՝ համակերպվել այն մտքի հետ, որ Փաշինյանի թիմում գրագիտության պահանջարկ, առհասարակ, չկա: Ահավասիկ այդ գրառումը, որից հիմա փորձում եմ ինչ-որ բան հասկանալ: «ՀՅԴ ցանկով Ավագանու անդամ դառնալ հավակնող Էդիկ Անդրեասյանին փոխանցեք, որ օրենքներ կարդա ու ԶԼՄ-ների հետ աշխատելիս ուշադիր լինի իր խոսքին, այլապես ավագանու փոխարեն կարող է դատարանում հայտնվել:

Մի կողմ դրած մրցակիցների հանդեպ սույն թեկնածուի՝ էթիկայի մասին պատկերացումները, նա իրեն թույլ է տալիս մի մեծ խումբ անձանց հասցեին զրպարտանք հնչեցել:

Խուլիգանությունը պատժվում է ՔՕ համապատասխան հոդվածով: Եթե նա թիմը մեղադրում է խուլիգանության մեջ, ապա կամ պետք է անհապաղ հաղորդում ներկայացնի իրավապահներին, կամ էլ պատրաստ լինի դատական կարգով պատասխան տալ:

Ինչպես տեսնում եք, սիրո և համերաշխության տրամաբանության մեջ զգոնության և պատասխանատու լինելու հուշում եմ անում դեռ... Բայց դա միակողմանի չի կարող լինել»:

Կարծում եմ՝ հայերենի ուսուցիչները կզբաղվեն Իզաբելլա Աբգարյանի մտքի այս գոհարով, իսկ ես կփորձեմ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ավագանու ընտրությունների գնացող սույն տիկնոջը վայրկյան առաջ ուրախացնել և ասել, որ իր պահանջներից մեկը, այն է՝ խուլիգանության մասին հաղորդում տալ իրավապահներին, արդեն իսկ արել եմ` թերթում հրապարակելով իմ հոդվածը, իսկ մյուս պահանջին էլ՝ դատական կարգով պատասխան տալ, պատրաստ եմ շուրջօրյա ռեժիմով:

Իսկ հիմա բուն եղելության մասին, որովհետև Իզաբելլան միտումնավո՞ր, թե՞ չիմանալով, իր գրառմանը որևէ հղում չի կցել, որպեսզի կարդացողը հանկարծ չհասկանա, թե ինչու է Էդիկ Անդրեասյանը Իզաբելլայի դուխով թիմին «խուլիգաններ» անվանել: Ասեմ: Ամեն ինչ պարզ կդառնա Էդիկ Անդրեասյանի՝ «Իմ քայլը» դաշինքը պետք է վերանայի իր որոշումը» հոդվածը ընթերցելուց հետո, որտեղ հեղինակը, որպես այլ կուսակցությունից ավագանու թեկնածու, իր վրդովմունքն է արտահայտել Հայկ Մարությանի կողմնակիցներից մեկի՝ ոմն Էդգարի ֆեյսբուքյան հայհոյախառն արտահայտությունների կապակցությամբ: Ի դեպ, Իզաբելլային տեղեկացնեմ, որ Հայկ Մարությանի հետ խիստ մտերմիկ լուսանկարում երևացող Էդգարն արդեն նոր գրառում է կատարել՝ ներողություն խնդրելով իր նախորդ գրառման մեջ թույլ տված սխալի համար: Բավականին խելամիտ քայլ՝ Էդգարի կողմից, բայց նույնը չեմ կարող ասել ներողամտություն հայցող նրա գրառման տակ հայտնված մեկնաբանությունների մասին, որոնց հեղինակները՝ պետք է ենթադրել՝ այս նույն թիմի անդամներ, այդպես էլ չեն հասկացել, որ բառիս բուն իմաստով «խուլիգանություն» է հարյուր հազարավոր ընտրողների և այլ կուսակցությունների ու դաշինքների ցանկերում ներառված թեկնածուների, որոնք, վստահաբար, ձայն չեն տալու «Իմ քայլ»-ին, անվանել «բոզի տղա»: Չգիտեմ, ինձ թվում է՝ ես մի բան էլ մեղմ եմ արտահայտվել, որովհետև նման հայհոյանքի համար Հայաստանում, սովորաբար, այլ պատասխան են տալիս:

Այսքանից հետո Իզաբելլա Աբգարյանը Էդիկ Անդրեասյանից էթիկա է ակնկալում՝ այս խառնամբոխին (իր խոսքով՝ մեծ թիմին) զրպարտելու համար: Տիկին թեկնածու, ավելի ուշադիր կարդացեք հոդվածը: Այնտեղ «Իմ քայլը» դաշինքին նախշել եմ շատ այլ էպիտետներով, որոնց համեմատ «խուլիգաններ» եզրույթն ուղղակի կատակ կարող է թվալ: Ասել եմ, որ «ձեզ ձայն տալը հանցագործություն է», որ «դուք քանդող ու հայհոյող բրիգադ» եք: Եվ սա դեռ այն ամենը չէ, ինչ մտածում եմ ձեր «մեծ թիմի» մասին: Գնացեք, շնորհակալություն հայտնեք «Հրապարակի» գլխավոր խմբագրին, որ հոդվածս իր ողջ «հմայքով» չի տպագրել:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X