Մեր կառույցի աշխատակիցները որ կառույցում լինում են, այնտեղ ոտքի են կանգնում

Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը կարծում, է, որ այլ պետության ղեկավարությունը չի կարող որոշում կայացնել, թե մեր պետության մեջ ինչ կադրային քաղաքականություն իրականացնել։ Նրա խոսքով՝ ուղղակի վիրավորական է, երբ ասում են, թե Կրեմլը գոհ չէ Հայաստանում տեղի ուենցող նշանակումներից։ «Գոհ պետք է լինեն ՀՀ քաղաքացիները, ՀՀ վարչապետը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սանասարյանը։

Դիտարկմանը, թե իրենց լուրջ չեն վերաբերվում, երբ իրենց ծառայությունը ստուգումներ, ուսումնասիրություններ է իրականացնում, պարոն Սանասարյանն այսպես արձագանքեց․ «Երեկ լրատվամիջոցներից մեկը նման մի բան գրեց, ես էդ լրատվամիջոցին պատասխանեցի, որ մեր կառույցի աշխատակիցները որ կառույցում լինում են, այնտեղ ոտքի են կանգնում ու, էսպես ասեմ, ովքեր որ հատկապես նախկինում մասնակցել են էդ գործնթացներին, դող են ապրում։ Էնպես որ, մեզ չեն կարող լուրջ չվերաբերվել»։

Hraparak.am-ի հարցին, թե քանի՞ կառույցում են իրենք ուսումնասիրություն իրականացնել և ո՞ր կառույցներն են դրանք, Սանասարյանն ասաց․ «Մենք ուսումնասիրություններ ենք իրականացրել Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում, ոստիկանության ենթակա «Լուսանշան» ՊՈԱԿ-ում, որը որ արդեն լուծարման պրոցեսի մեջ է, ուսումնասիրություն ենք իրականացրել և արդեն ամփոփում ենք Էջմիածնի քաղաքապետարանում, էս պահին ագրարային համալսարանում են մեր աշխատակիցները, ինչպես նաև վարչապետը տարբեր հանձնարարականներ է տալիս, և դրանք մենք զեկուցում ենք վարչապետին։ Մոռացա ասել նաև սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք» ՊՈԱԿ-ի մասին»։

Սանասարյանի խոսքով՝ իրենք օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմին չեն, որ այդ պահին գնան, ինչ-որ նկարահանում անեն, ցուցադրեն։ «Դրա համար մեր գործունեությունը շատերին կարող է թվալ, թե դանդաղում է, բայց ոչ, ստուգվումների մասին օրենքով եթե նայենք, եթե տվյալ օբյեկտում ծախսվել է երեք միլիոնից ավել, դա նշանակում է, որ ամիսուկեսից ավել է տևելու այդ ուսումնասիրությունը»,-ասաց Դավիթ Սանասարյանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X