Իրավունք

Գրպանահատությունը կքրեականացվի

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ մի նախագիծ, որով առաջարկվում է տարբերակված մոտեցում ցուցաբերել հափշտակությունների դեպքում և քրեականացնել բնակարանից գողությունները, նաև քրեականացնել գրպանահատությունը։ Որպես հիմնավորում նախարարը նշեց այն հանգամանքը, որ հափշտակության պարագայում, երբ դրա չափը չի գերազանցում հինգ հազար դրամը, դա չի դիտվում որպես զգալի չափ, և դրա համար պատասխանատվության տեսակը և չափը տարբերակված չէ։ Իսկ եթե հափշտակություն իրականացվել է բնակարանից կամ մի խումբ անձանց կողմից, նույնպես տարբերակված մոտեցում չկա։ Կարճ ասած՝ մինչև հինգ հազար դրամի հափշտակության դեպքում քրեական պատասխանատվություն չի նախատեսվում։

«Մենք առաջարկում ենք, որպեսզի դա պայմանավորված չլինի զգալի չափով՝ հինգ հազար դրամով, և պատասխանատվություն վրա հասնի, քանի որ դրա վտանգավորության աստիճանը շատ բարձր է, քանի որ բնակարանից գողություն անողը նախապես չի պլանավորել, որ գողանալու է մինչև հինգ հազար դրամ գումարը»,-ասաց Զեյնալյանը։

Այնուհետև նշեց, որ նախագծով առաջարկվում է նաև քրեականացնել գրպանահատությունը, որն ասյօր լուրջ պրոբլեմ է։ «Գողության դեպքերի կեսից ավելին իրականացվում են հասարակական տրանսպորտում, դրանք կազմում են շուրջ 65 տոկոս, և դրանց չափը չի գերազանցում 50 հազար դրամը։ Հանցագործություններ կատարած անձինք նախաքննության փուլում, որպես կանոն, չեն կալանավորվում, և շարունակում են կատարել հանցագործությունը, քանի որ սա մասնավոր մեղադրանքի դաշտից է, և հարկավոր է, որ լինի տուժողի բողոքը»,-ասաց Զեյնալյանը՝ նշելով մի դեպք, երբ նույն անձը գրպանահատություն է կատարել 121 անգամ։ Կառավարությունում, ինչպես արձագանքեց վարչապետը, կա ամբողջական ըմբռնում նախարարի ներկայացրած հարցի վերաբերյալ, հարցը դրվեց քվեարկության և միաձայն ընդունվեց։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X