Բաց նամակ աշխատանքից մշտապես ուշանալու սիրահար ԵՊԼՀ ռեկտոր տիկին Հարությունյանին

Երբ իշխանության ղեկին ՀՀԿ-ն էր, մեր համալսարանի ռեկտորը՝ տիկին Կարինե Հարությունյանը, տարիներ շարունակ ՀՀ ԿԳ փոխնախարարն էր: Դեռեւս այդ ժամանակներից նա կարծես թե «գեղեցիկ» ավանդույթ է ձեւավորել՝ ուշանալ աշխատանքից մեկ-երկու ժամ: Լավ, եթե նախարարությունում սա ինչ-որ չափով գուցե կարելի էր հասկանալ, ապա բուհում անթույլատրելի է, քանի որ բուհի ղեկավարը պետք է պարտաճանաչության օրինակ ծառայի բոլորի համար՝ ուսանողից մինչեւ դասախոս եւ վարչական աշխատակիցներ: Մեր համալսարանում աշխատանքային ժամը սկսվում է ժամը 9-ից, բայց տիկին Հարությունյանը միշտ ուշացած է գալիս աշխատանքի: Մինչդեռ երբ մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը մի քանի րոպե ուշանում է աշխատանքից, արժանանում է տհաճ եւ բռի հանդիմանանքի, ընդհուպ կարող է նկատողություն ստանալ: Ուշացումների համար խնդիրների առաջ ենք կանգնում նաեւ մենք՝ ուսանողներս: Ստացվում է՝ բուհի ղեկավարը պահանջում է բոլորից, իսկ ինքն անում է այնպես, ինչպես հարմար է գտնում: Հարց. մեր համալսարանի աշխատակիցների աշխատավարձերը մեծամասամբ գոյանում են ուսանողներիս վճարած վարձերից, հիմա տիկին Հարությունյանն այսքան ժամանակ իր ամբողջ աշխատավարձը ստացե՞լ է, թե՞ ամենօրյա ուշացումների համար աշխատավարձից համապատասխան պահումներ են արվել: Պահանջում ենք պաշտոնական պարզաբանում այս հարցի շուրջ:

ՀԳ 1․ Հուսով ենք՝ հետայսու նոր Հայաստանում բուհի ղեկավարությունն աշխատանքի կներկայանա ժամանակին, իսկ մենք կհետեւենք դրան եւ հարկ եղած դեպքում նորից կանդրադառնանք խնդրին: Կրկին շնորհավոր նոր ուսումնական տարին:

ՀԳ 2․ Այս նամակն ուսանողների կողմից ուղարկվելու է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն՝ պաշտոնական պատասխան ստանալու նպատակով:

Մեկնաբանություն
X