Բանավեճի է հրավիրում քաղաքաշինության դոկտորներին

«Երկիր ծիրանի» կուսակցության ավագանու ցուցակի 14-րդ տեղում ընդգրկված է նաեւ Փարիզ Էսթ համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը, ով վերջին տարիներին մամուլի էջերում պարբերաբար քաղաքաշինական խնդիրներին վերաբերող հարցեր է բարձրաձայնում։

«Լինելով Երեւանի բնակիչ եւ ՀՀ քաղաքացի` ունեմ մեծ պարտքի զգացում՝ իմ մասնագիտական կարողությունները որպես քաղաքաշինության մասնագետ ծառայեցնելու իմ քաղաքի համար, ու քանի որ «Երկիր ծիրանի»-ի քաղաքական հայտն ինձ հոգեհարազատ է, որոշում կայացրեցի մասնակցել ավագանու ընտրություններին»,- ասում է Մարիամ Խաչատրյանը, ով նույնպես աշխատել է «Երկիր ծիրանի»-ի նախընտրական ծրագրի վրա։ Նա ընդգծում է՝ կարեւորել են բոլոր խնդիրները։ «Երեւանի բոլոր խնդիրները ներառում են մեր ծրագիրը, եւ քարոզարշավի ընթացքում այն մատչելի եւ հասանելի կլինի բոլորին»,- ասում է նա ու հավելում, որ կցանկանար քարոզարշավի ընթացքում բանավեճեր ունենալ մասնակից քաղաքական ուժերը ներկայացնող քաղաքաշինության դոկտորների հետ ու ներկայացնել իրենց ծրագրի առաջնահերթությունները․ «Երեւանի քաղաքապետարանը լայն պահանջարկ ունի հետխորհրդային քաղաքների արդիականացման մասնագետների: Իմ մասնագիտությունը հենց այդ ոլորտն է ներառում, մենք մոտենալու ենք Երեւանում առկա քաղաքաշինական խնդիրներին համալիր լուծումների ներքո, որը մանրամասն կներկայացնենք քարոզարշավի ընթացքում»:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X