Ցուցահանդեսների որակն ահավոր ընկել է, մարդիկ պատասխանատվություն չեն կրում լավ ու վատի համար

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հայ կերպարվեստի օրակարգային հարցերի շուրջ հանդիպումների շարք է նախաձեռնել նկարիչների հետ։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին, որին մասնակցել է մոտ 20-25 նկարիչ։

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը նույնպես մասնակցել է այդ հանդիպմանը, ասում է, որ լավ տպավորություն է ստացել, քանի որ տեսել է նախարարի մտահոգությունը, ով փորձել է այդ ոլորտի խնդիրների հետ ծանոթանալ։ «Ոգեւորիչ էր, որ ինքը պատրաստակամությամբ փորձում էր լսել եւ այդ խնդիրներն ուշադրության կենտրոնում պահել, իսկ բոլոր խնդիրները միանգամից չեն լուծվի, որովհետեւ կան խնդիրներ, որ օրենսդրական միջամտություն են պահանջում»,- ասում է Շահումյանը։

Հանդիպման ընթացքում գեղանկարիչները բարձրաձայնել են նաեւ անձնական հարցեր, եղել են նաեւ այնպիսի հարցեր, որոնք համընդհանուր բնույթ են կրել. «Ինձ համար հաճելի էր տեսնել, որ նախարարը հակված էր նկատելու, ծանոթանալու միջավայրի խնդիրներին։ Լավ կլինի, որ հանձնախումբ գործի՝ հասարակական հիմունքներով, որը խնդիրների դեպքում խորհրդատվական բնույթ կկրի։ Մեր կերպարվեստը, որը եղել է մեր մշակույթի առաջատարը, ցավոք, վերջին 25-30 տարիներին լուսանցքում է հայտնվել՝ ուշադրությունից դուրս է եղել։ Վերջին տարիներին մեր թանգարանային ֆոնդերը չեն լրացվել ժամանակակից արվեստի գործերով, գուցե ներքին կարգով արվել է ինչ-որ բան, բայց ես տեղյակ չեմ։ Բացի այդ, մեր ցուցահանդեսների որակն ահավոր ընկել է, որովհետեւ չկա խրախուսման մեխանիզմ, մարդիկ ձեւական մասնակցում են ու պատասխանատվություն չեն կրում լավ ու վատի համար։ Մեր ցուցահանդեսները դարձել են ահավոր գավառական որակի, եւ համեմատել չի լինի 60-70-80-ականների ցուցահանդեսների հետ»։

Գեղանկարիչն ընդգծում է՝ որեւէ պետական միջամտություն լավագույն գործերի համար՝ խրախուսանքի ձեւով, չկա, ինչը որ կա ամբողջ աշխարհում։ Ավելին՝ կերպարվեստն այսօր պետության ուշադրությունից լրիվ դուրս է մնացել․ «Ամերիկայում, օրինակ, գործարանային ահռելի տարածքներ տվել էին նկարիչներին, որպեսզի արվեստանոցներ, ցուցասրահներ սարքեն, նույնը՝ Փարիզում։ Իսկ մեզ մոտ, եթե նկատել եք, գալերեաները հենց բացվում են, չեն գոյատեւում, որովհետեւ հարկային արտոնություն չկա։ Մինչդեռ պետք է խրախուսվի այդ միջավայրի զարգացումը, որպեսզի նաեւ տուրիզմը զարգանա։ Փարիզում հազարավոր գալերեաներ կան՝ հայտնի եւ անհայտ, որոնք ունեն որոշակի արտոնություններ, ասենք՝ 3 տարի ազատվում են հարկերից, մինչեւ ոտքի են կանգնում»։ Բազմաթիվ հարցեր են եղել, որոնք ժամանակի սղության պատճառով Հաղթանակ Շահումյանը չի հնչեցրել։ Նա ընդգծում է 10 հարց, որոնք բոլորն էլ առնչվել են կերպարվեստի խնդիրներին։ Ամեն դեպքում հույս ունի, որ հետագայում էլի նման առիթներ կլինեն, իսկ առաջին հանդիպման ընթացքում հնչած խնդիրները, որոնք նկարիչները բարձրաձայնել են, նախարարն իր մոտ նշել է։

«Նկարիչների միության անդամ լինելը սովետական ժամանակ համարվում էր ամբողջ կյանքի ստաժ։ Այսօր շատ քիչ հնարավորություն կա ստեղծագործող նկարչի համար, ով ցուցահանդեսային, ստեղծագործական գործունեությամբ է զբաղվում, օր ծերության իրեն ապահովել նաեւ ստաժով։ Եթե դատավորը, օրինակ, թոշակի գնալուց հետո ստանում է 1 մլն դրամ թոշակ, նկարիչը, ով իր ամբողջը կյանքն ապրել է իր ազգի մշակույթի մտահոգությամբ, լրիվ զրկվում է այդ հնարավորությունից։ Ինչո՞ւ չի կարելի ստեղծագործող մարդու ամբողջ կյանքը ստաժ դիտել։ Հետո՝ եթե մարդկանց պետական մրցանակ են տալիս, պետք է դա ցուցահանդեսներով անել, թե չէ այդ պետական մրցանակներին երբեմն այնպիսի մարդիկ են մասնակցում, որոնց գործերն անգամ սովետական տարիներին ցուցահանդեսներում չէին ցուցադրվում․ զուտ պրոֆեսիոնալ իմաստով եմ սա ասում»,- նկատում է Շահումյանը։

Աշխարհի հայ նկարիչների միության նախագահ Ղազար Միրզոյանն ուրախալի է համարում նախարարի այս նախաձեռնությունը։ «Մենք, իհարկե, պետք է իր կողքը կանգնենք, որովհետեւ ինչքան էլ ինքը հզոր նախարար լինի, միեւնույն է՝ եթե այդ բնագավառի մարդկանցից աջակցություն չստանա, չի կարողանա այդ ոլորտի հարցերը կարգավորել»,- ասում է Միրզոյանն ու նշում, որ տարբեր տեսակի հարցեր են առաջ քաշել, կոնկրետ իրենց միությունը բարձրաձայնել է նկարիչների արվեստանոցների հարցը, որոնք ցանկալի է՝ ազատվեն պետական գույքահարկից, ինչը նկարչի համար կլինի հոգսը թեթեւացնող մի քայլ պետության կողմից։

«Առաջարկեցինք նաեւ, որ նկարիչը, օրինակ, դառնալով Աշխարհի հայ նկարիչների միության անդամ, դա համարվի նրան ստաժ, որովհետեւ նկարիչը ոչ մի տեղ չի աշխատում, բայց ամեն դեպքում ստաժ պիտի ունենա՞, թե՞ ոչ։ Հետո՝ երբ նկարիչը նկար է վաճառում, այնտեղ պետական տուրքեր եւ հարկեր են առաջանում․ լավ կլինի այդ հարկերից ու տուրքերից էլ ազատված լինի, որովհետեւ վերջնահաշվարկում պետբյուջեի համար դա մեծ օգնություն չէ, բայց դրա համար նկարիչը ստիպված մեծ գին է դնում, որ այդ հարկերից բացի մի բան էլ իրեն մնա։ Արդյունքում նկարի գինն ավելանում է, եւ ամեն մարդ չէ, որ ուզում է եւ կարող է նկար առնել»,- ասում է նա ու հավելում, որ նախարարին առաջարկել են քաղաքի վթարված, քանդվող շենքերի տարածքները հանձնել իրենց, որոնք վերակառուցելուց հետո կդարձնեն արվեստանոցներ եւ վարձակալության սկզբունքով կբաժանեն իրենց միության նկարիչներին։ Դա պետությանը կփոխհատուցեն նկարների տեսքով՝ գումարի փոխարեն։ «Այդ միտքը նախարարին դուր եկավ, այնտեղ էլի լավ մտքեր հնչեցին, որոնց նա շատ պատրաստակամորեն արձագանքում էր։ Դա մեկ օրվա բան չէ, ժամանակ է պահանջում, բայց որ ինքը հաստատ ուզում է օգնած լինել, դա երեւում է»,-ասաց Միրզոյանը։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X