Դավիթ Սանասարյանը դուրս չի եկել ընդդիմադիր ակտիվիստի իմիջից

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանից սենսացիոն բացահայտումներ էին սպասվում, չարաշահումների վերաբերյալ թվեր, փաստեր, «չարաշահողների» անուններ։ Թվեր եւ փաստեր եղան՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերություն, Ագրարային համալսարան, ոստիկանության «Լուսանշան» ՊՈԱԿ, որը լուծարման ընթացքում է հունվարից, եւ որով ՊՎԾ-ն «շտապ է զբաղվել», որ հետքերը շատ չվերանան, «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ, որում հայտնաբերված չարաշահումների մասին խոսվում է արդեն մոտ երեք ամիս, Էջմիածնի քաղաքապետարան, գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիք։ Ի դեպ, սա միակ ազգանունն է, որ հնչեց Դավիթ Սանասարյանի 100 օրվան նվիրված ասուլիսի ժամանակ։

Մեր երկրում, ցավոք, ընկածին հարվածելու սինդրոմը վարակի պես է տարածվել։ Սանասարյանը հայտնեց, որ Էջմիածնի քաղաքապետարանը խախտել է գնումների ընթացակարգերը, որ ՊՎԾ-ն գնային առաջարկների մինչ օրս չբացված ծրարներ է հայտնաբերել, որոնց վերաբերյալ մրցույթները վաղուց ավարտված են, որոշ մրցույթներում հաղթել են բարձր գնային առաջարկ ներկայացրած ընկերությունները։ Մրցույթները կազմակերպել են Գրիգորյանների ընտանիքին փոխկապակցված անձինք։ Գրիգորյանները քաղաքապետարանի հաշվին ստացել են բժշկական ապահովագրություն՝ տեղեկություն, որը Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, հերքել է։ Հանցանքներում ու չարաշահումներում մյուս կասկածվողների դեպքում Դավիթ Սանասարյանն անմեղության կանխավարկածը պահպանում էր։ Նա նույնիսկ մի քանի անգամ շեշտեց, որ անուններ չի հրապարակելու, որ իր կառույցն ընդամենը ուսումնասիրություններ է կատարել։ Միակ նոր տեղեկությունը թերեւս հնչեց մեր հարցին ի պատասխան․ «Դատախազությունն ամբողջ թափով քրեական գործ է հարուցել, մենք ունենք հանձնարարություն վարչապետից, վաղը-մյուս օրը կիմանանք, թե ինչ փուլում են դրանք (հավանաբար, նկատի ունի դատախազությանը՝ Ս․Ս․), եւ կհայտարարենք»։ Բայց դատախազությունը չսպասեց «վաղվան-մյուս օրվան» եւ ասուլիսից մեկ ժամ անց հայտարարեց․ ««Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում թույլ տրված առերեւույթ չարաշահումներով պետությանը 23,5 մլրդ դրամի վնաս է հասցվել, հարուցվել է քրեական գործ»:

Դավիթ Սանասարյանը բացատրեց, որ իր գործը ուսումնասիրել, վարչապետին եւ իրավապահ մարմիններին ներկայացնելն է, որից հետո փողերի «հետվերադարձի» բազմաթիվ խոստումներ են լինում։ Այսպես․ 140 մլն դրամ խոստացել է վերադարձնել «ԲԷՑ» տնօրեններից մեկը, 100 մլն դրամ՝ «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ը, 210 մլն՝ «Լուսանշան» ՊՈԱԿ-ը, 1,5 մլն դոլար երեք ամսվա ընթացքում կներկայացնի մի միջազգային կապալառու կազմակերպություն, որի անունը Սանասարյանը հրաժարվեց հայտնել՝ հավանաբար, լավ հասկանալով, որ միջազգային կազմակերպության անվան հետ խաղալը հղի է ծանր հետեւանքներով։ Ինչքան ժամանակում նրանք կկատարեն իրենց խոստումները՝ Սանասարյանը չասաց։ Վերահսկողական ծառայության բացահայտումներից տպավորիչ էր «ԲԷՑ» տրանսֆորմատորների հետ կապված դրվագը։ Տրանսֆորմատորների մակերեսից «լեզվիով», ըստ Սանասարյանի, ջնջված են եղել իրական արժեքները, եւ գրիչով այլ գներ են գրված եղել։ 300 մլն դրամ արժեքով տրանսֆորմատորն ուտիլիզացվել է որպես ջարդոն՝ 12 մլն դրամով։ Գրվել է, որ այն վերանորոգման ենթակա չէ, սակայն Սանասարյանի աշխատակիցներն այն հայտնաբերել են աշխատող վիճակում՝ «Միկմետալ» գործարանում։ «Հանցակազմ պարունակող իրավիճակներ ունենք բոլոր ոլորտներում, բայց առաջին արդյունքը…»։ Դավիթ Սանասարյանի խոսքը տեղ-տեղ անըմբռնելի էր դառնում։ Օրինակ, նա ասում էր բառացի հետեւյալը․ «40 մլն դրամով նվազեցրել ենք նախահաշվային արժեքը։ Շարունակելու է բազմավոլտին ծառայություն մատուցել, բայց սա մի կազմակերպության մասին է։ Նրանք կվերադարձնեն 40 մլն դրամը։ 2014 թվականից ենք սկսել, եւ հեսա հերթով կասեմ, հա՞։ Իրանք ընդունել են, որ պատրաստ են վերադարձնել պետբյուջե։ Իրենք եկել են ինքնակամ։ Մենք ոչ մեկին չենք խնդրել»։ Կամ՝ «Միջազգային կապալառուներից մեկի գործն ենք ուսումնասիրել եւ 3 մասով, 1,5 մլն դոլարով կիջեցնենք պայմանագրային արժեքը»։

Թվում էր, թե Սանասարյանը պարբերաբար կորցնում է մտքի թելը եւ թուղթն աչքի առաջ պահելով՝ մի պատահական տեղից որևէ պարբերություն է կարդում։ Երբ լրագրողները նրան ասում էին, որ ոչինչ չեն հասկանում, նա հակադարձում էր․ «Ժողովուրդ ջան, անպայման ասելու եմ, ժպտացեք, շատ կարեւոր է, որ ժպտաք»։ Կամ՝ «Տպավորություն ունեմ, որ դժգոհ եք, որ բյուջե գումարներ ենք վերադարձնում»։ Սանասարյանի թվարկած ընկերություններից քրեական գործ է հարուցվել միայն «Հայրենիք-Սփյուռք» կազմակերպության դեմ։ Ի դեպ, իշխանական լրատվամիջոցը՝ Հանրայինը, որը նույն ղեկավար կազմով Նիկոլենք ժառանգել են նախկիններից, Սանասարյանը ներկայացրեց որպես տուժող։ «Ունենք մի դեպք, երբ սփյուռքի նախարարությունը 75 մլն դրամ նախատեսել է փոխանցել Հանրային հեռուստաընկերությանը՝ ֆիլմեր պատրաստելու համար, բայց Հանրայինը թուղթ է ներկայացրել, որ ֆիլմերը նկարվել են Հ1-ի միջոցներով։ Իրավապահները պետք է որոշեն, թե այդ փողն ուր է գնացել»։ Դավիթ Սանասարյանն անընդհատ ընդգծում էր Հ1-ի առավելությունը մյուս հեռուստաընկերությունների նկատմամբ։ Նա ասում էր՝ Հ1-ը ցույց է տվել, կամ՝ ասուլիսից հետո համեցեք Հ1, ես կպատասխանեմ ձեր հարցին։

Նա ոչ մի կերպ չի կարողանում հարմարվել, որ այլեւս պետության ներկայացուցիչ է, իշխանություն։ Երեկ էլ ասուլիսի ժամանակ խոսում էր որպես նախկին ակտիվիստ եւ ընդդիմություն։ «Ես՝ որպես ընդդիմադիր գործիչ, որպես ակտիվ քաղաքացի, միշտ պատկերացրել եմ, թե երկրի միջոցներն ինչպես են կերել։ Բայց էմոցիաներ են, ու իմ գնահատականն է, որ այս մարդիկ խոպան են եկել, որ հարստանային։ Շատերը հարստացել են, ու մեր գործունեության արդյունքում դուք գիտեք, որ վարչապետը քաղաքական հայտարարություն է արել, որ մեր նպատակը չի, որ բանտերում լցվեն նախկին կոռուպցիոներները եւ եթե պետությանը հասցված վնասը փոխհատուցեն, նրանց ներում կշնորհվի»։ Ներում շնորհող վարչապետին նա դատավորի ֆունկցիա է վերագրում, որն ինդուլգենցիա կշնորհի բյուջե «մուծվողներին»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X