Հայկ Մարությանը, Արտակ Զեյնալյանը կամ Նաիրա Զոհրաբյանը օրենք չե՞ն խախտում

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն օրենքի խախտում չի համարում այն, որ քարոզչությունը դեռ չմեկնարկած՝ թեկնածուները փաստացի արդեն քարոզչություն են իրականացնում։ Իսկ, օրինակ, «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու, դերասան Հայկ Մարությանն էլ մասնագիտության բերումով է այս օրերին ակամա գովազդվում որպես թեկնածու։ Հայկը դեռ ամիսներ առաջ նկարահանվել է տարբեր ընկերությունների գովազդներում։ Ամեն քայլափոխի կարելի է քաղաքում նկատել Հայկոյի դեմքով գովազդներ, էլ չենք ասում, որ հեռուստատեսությամբ էլ է Հայկոն ամեն օր ու ամենուր երեւում՝ գովազդելով այս կամ այն ապրանքանիշը կամ ծառայությունը: Չմոռանանք սերիալների մասին նույնպես։ Սա արդեն քաղաքապետի թեկնածու Հայկոյի համար կարող է հրաշալի գովազդ լինել, որի համար ինքը չի վճարում, այլ իրեն են վճարել՝ որպես դերասանի։ Թեպետ Հայկոյի դեպքում դա կարող է նաեւ հակագովազդ դիտվել։

«Քարոզչության կանոնակարգումներում շատ հստակ է գրված, որ Ընտրական օրենսգրքով ամրագրված սահմանափակումները եւ այլն, դրանք վերաբերում են քարոզչական ժամանակահատվածին, այսինքն՝ էն ժամանակահատվածին, երբ պաշտոնապես մեկնարկում եւ ավարտվում է քարոզչությունը»,-տարօրինակ պատասխան տվեց ԿԸՀ նախագահը։

-Խոսքն այն մասին է, որ քարոզչությունը դեռ չի մեկնարկել, բայց այս ամենը կա եւ կարող է դիտարկվել որպես քարոզչություն։

  • Ներողություն եմ խնդրում, Ընտրական օրենսգիրքը հստակ կարգավորում է այն ժամանակահատվածը, թե երբ պետք է գործեն նշված սահմանափակումները։ Դա քարոզչության ժամանակահատվածն է։ Օրենսգիրքը հստակ ամրագրել է՝ այդ ժամանակահատվածից դուրս քարոզչությունը նախընտրական քարոզչություն չի համարվում։

-Նախկին օրենսգրքով է՞լ էր այդպես։

-Միշտ է այդպես եղել։ Սպասեք հոդվածը կարդամ, միասին նայենք, էդ հոդվածի հետ որեւէ փոփոխություն չի եղել։ Օրենսգրքում գրված է․ «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչություն իրականացնել»։

-Այսինքն՝ հիմա բոլոր թեկնածուները կարող են ազատ քարոզչությո՞ւն իրականացնել՝ անկախ քարոզչության մեկնարկից։

-Ինչպես դա կարող էին անել վեց ամիս առաջ, նույնը կարող են անել հիմա։ Քարոզչության համար սահմանված կանոնները գործում են նախընտրական քարոզչության ժամանակահատվածի համար։

-Այդ դեպքում ինչո՞ւ է սահմանված նախընտրական քարոզչության ժամանակահատված, եթե երբ ուզեն, կարող են քարոզչությամբ զբաղվել։

Որովհետեւ այդ ժամանակահատվածում կգործեն որոշակի սահմանափակումներ՝ ապահովելու համար հնարավոր հավասարություն բոլոր թեկնածուների միջեւ։

-Նախկինում եղել է դեպք, որ քաղաքական գործչի պաստառ է փակցված եղել քաղաքում, եւ քարոզչությունից օրեր առաջ հանել են տվել այդ պաստառները, որպեսզի քարոզչության կանոնների խախտում չլինի։

-Նման բան ես չեմ հիշում։

-Այսինքն՝ հիմա այն, որ Հայկ Մարությանի նկարները՝ որպես որեւէ ապրանքանիշի գովազդ, փակցված են քաղաքում, կամ այն, որ Նաիրա Զոհրաբյանը, Արտակ Զեյնալյանը տարբեր այցեր են կատարում քաղաքում՝ ակամա քարոզչություն իրականացնելով, դա օրենքի որեւէ խախտում չի՞ պարունակում։

-Էս պահին, իհարկե, ոչ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X