Խաչատուրովը չպետք է մնա Հայաստանի քվոտայով Հայաստանը ներկայացնող անձ ՀԱՊԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այցը մեկօրյա է՝ առավոտյան կմեկնի, երեկոյան կվերադառնա։ Պատվիրակության կազմում կլինեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, վարչապետի օգնական Վարուժան Ներսեսյանը, վարչապետի խորհրդական Վահե Հովհաննիսյանը։ Ըստ վարչապետի մամուլի խոսնակի՝ հանդիպմանը քննարկվելու են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները, նաեւ՝ ՀԱՊԿ եւ ԱՊՀ շրջանակներում մեր հետագա համագործակցության հարցեր։

Նկատենք, որ Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը տեղի է ունեցել մոտ երեք ամիս առաջ։ Ու կարծես թե այցերի հաճախականությունը մեծանում է։ Բայց վարչապետի խոսնակը դա կարճ ժամկետ չի համարում․ «Ո՞նց երկար չի անցել՝ նախորդ այցը երեք ամիս առաջ էր։ Դե, նորմալ ա»։ Արման Եղոյանը ոչ մի կերպ չցանկացավ ասել՝ այցի նախաձեռնությունը Փաշինյանի՞ կողմից է եղել, թե՞ Պուտինի։ Ավելին, ասաց, որ այդ մասին հնարավոր է երբեք էլ չիմանանք․ թափանցիկության հիանալի օրինակ նոր կառավարության կողմից։ Իրականում նախաձեռնությունը, ինչպես ենթադրելի է, ՀՀ վարչապետինն է, բայց նրա մամուլի ծառայությունը փորձում է այս տրիվիալ փաստը համառորեն գաղտնի պահել, երեւի որ հանկարծ չիմանանք, որ Փաշինյանն է խնդրել, որ Պուտինն ընդունի իրեն, ու մտածենք, որ Վլադիմիր Վլադիմիրովիչն է փափագում տեսնել ՀՀ վարչապետին։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նկատեց, որ ընդամենը երեք ամիս է անցել, ինչ ձեւավորվել է նոր կառավարությունը, եւ կառավարության ղեկավարն արդեն երրորդ անգամ է հանդիպում ՌԴ նախագահին։ «Սա վկայում է այն մասին, որ՝ այո, բազմաթիվ հարցեր կան, որոնք տարիներով ուղղակի լուծում չեն ստացել։ Բացի դրանից, նաեւ հարցեր կան, որոնք առաջացան, երբ Հայաստանում փոխվեց իշխանությունը։ Եվ այնպես չէ, որ միայն միակողմանի շահագրգռվածություն կա այս հանդիպումներում»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

-Պարոն Մեհրաբյան, արդյոք այս հանդիպման նպատակը վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում առաջացած լարվածությունը շտկե՞լն է։

-Դա փաստ է, եւ այնպես չէ, որ խնդիրները նոր առաջացան, իսկ մինչ այդ անամպ իրավիճակ էր։ Այդ խնդիրների հեղինակը Հայաստանը չէ ամենեւին։ Այդ խնդիրների հեղինակը եղել եւ մնում է Ռուսաստանը՝ իր նեոկայսրապաշտ նկրտումներով։

-Բայց նոր իշխանությունները կարող էին այդ խնդիրներն իրենց մասով մեղմել, ոչ թե օր օրի ավելի շատացնել։

-Գիտե՞ք ինչ կա, տեսականորեն՝ այո, բայց դա մեղմելու միակ ձեւն այն է, երբ զգաստ կանգնում ես, երբ ասում ես՝ ուրիշ ի՞նչ կկամենաք, եւ էստի՛ համեցեք։ Իդեալական տարբերակը դա է։

-Հիմա Նիկոլ Փաշինյանի կեցվածքն ավելի շատ պրոռուսակա՞ն է, թե՞ հակառուսական։

-Ո՛չ մեկն է, ո՛չ էլ մյուսը։ Պարզապես Ռուսաստանը չափազանց կարեւոր գործոն է Հայաստանի համար ոչ միայն արտաքին, այլեւ ներքին հարցերում՝ ինչպես տեսնում ենք, եւ այնպես չէ, որ դա նոր է տեղի ունեցել։ Պարզապես Նիկոլ Փաշինյանը հաշվի է նստում այդ իրողությունների հետ։

-Հիմա այս այցից ի՞նչ ակնկալենք, օրինակ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդիրը կկարգավորվի՞, թե՞ ոչ։

-Չեմ կարող ասել, թե ինչ ակնկալենք, մենք կարող ենք դատել միայն փաստերով, իսկ փաստն այն է, որ Խաչատուրովը չպետք է մնա որպես Հայաստանի քվոտայով Հայաստանը ներկայացնող անձ ՀԱՊԿ-ում։ Իսկ թե դա արդեն ռուսների դուրը կգա, թե չի գա, էս պահին դժվար է ասել, որովհետեւ դժվար է ասել, թե ռուսների գլխի մեջ ինչ է տեղի ունենում։

-Անկախ նրանից՝ նրանց ինչ դուր կգա, մեր շահերից բխո՞ւմ է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պոստը մեր ձեռքից բաց թողնենք, հատկապես որ Ռուսաստանն ակնարկել է, որ եթե Խաչատուրովին հետ կանչենք, ռոտացիայով այդ պոստը կտրամադրվի Բելառուսին։

-Ես չեմ կարծում, որ դա Հայաստանի համար դժբախտություն է, ի՞նչ տարբերություն՝ էնտեղ Խաչատուրո՞վ է նստած, չգիտեմ՝ Պողո՞ս է նստած, Պետրո՞ս, թե՞ ինչ-որ մի հատ բելառուս։ Ի՞նչ է փոխում դա Հայաստանի համար։ Խաչատուրովն էդ ի՞նչ արեց Հայաստանի համար էնտեղ էսքան ժամանակ գտնվելուց, որ էդ նույն բանը Բելառուսը չի անում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X