Իմ հետ տեղի ունեցածի պատճառը Հայաստանի քաղաքական թուլությունն ու կամազրկությունն էր

Հայաստանում բոլորը չէ, որ ոգեւորված էին ցոփ ու շվայտ կյանքով, կնամոլությամբ եւ խաղամոլությամբ հայտնի ամերիկահայ Դեն Բիլզերյանի այցով: Օրինակ՝ հայտնի ամերիկահայ քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը խիստ քննադատեց Բիլզերյանին՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով. «38-ամյա այս տհաս, երես առած, հարուստ երեխան բնավորության բացակայության խայտառակ ու զզվելի մի օրինակ է եւ ընդօրինակման վատագույն տեսակը ցանկացած մարդու համար», եւ հայ հասարակության սխալն այն է, որ կուրորեն մտածում ենք, թե հայկական ազգանուն ունեցող ցանկացած մարդու պետք է ավտոմատ կերպով գրկաբաց ընդունենք: Սակայն երբ ավելի ուշ Ադրբեջանի իշխանությունները քրեական գործ հարուցեցին Բիլզերյանի նկատմամբ` Արցախ այցելելու համար, դա էապես ազդեց Բիլզերյանի այցի նշանակության եւ հանրային ընկալումների վրա:

Բիլզերյանը՝ Հայաստանում եւ Արցախում

Ամերիկահայ հայտնի միլիոնատեր, շոումեն, «Ինսթագրամ» սոցցանցի աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը Հայաստան ժամանեց օգոստոսի 27-ին, իր սեփական ինքնաթիռով՝ հոր, եղբոր եւ ընկերուհիների ուղեկցությամբ: Նույն օրը Բիլզերյանը եւ նրա եղբայր Ադամը ստացան ՀՀ քաղաքացիություն եւ հաշվառման կանգնեցին ՀՀ զինված ուժերում: Երեւանում նա լավ ժամանակ անցկացրեց, զբոսնեց քաղաքում՝ արժանանալով տեղական եւ արտասահմանյան լրատվամիջոցների ուշադրությանը: Իսկ հաջորդ օրը ընտանիքի անդամների, ինչպես նաեւ ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդու՝ Լեւոն Քոչարյանի ու նրա կնոջ՝ Սիրուշոյի հետ մեկնեց Արցախ:

Թեեւ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարեց, որ Արցախն ազատ երկիր է, եւ յուրաքանչյուրը կարող է այցելել, պաշտոնական մակարդակով որեւէ այց նախատեսված չէ, այնուամենայնիվ, Արցախում Բիլզերյանն արժանացավ բավականին բարձր մակարդակի ընդունելության: Նա այցելեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի: Հետո Արցախի նախագահի` հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանի եւ արցախցի զինվորականների ուղեկցությամբ մեկնեց հրաձգարան, ինչի մասին Ղարամյանը գրառում արեց Ֆեյսբուքում․ «Այսօր Արցախի Հանրապետության ԱԱԾ հզորների հյուրն է Դեն Բիլզերյանը»:

Ադրբեջանը ջղաձգվում է

Բիլզերյանի արցախյան այցին զուգահեռ հայկական որոշ լրատվամիջոցներ գրեցին, թե ամերիկահայ միլիոնատերը պատրաստվում է մեծամասշտաբ ծրագրեր իրականացնել, եւ չի բացառվում, որ Արցախում գտնվելու ընթացքում այցելի արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծ: Թե կոնկրետ ինչ ծրագրեր՝ առայժմ հայտնի չէ, բայց ակնհայտ էր, որ նման հայտնի մարդու այցելությունն ինքնորոշված, սակայն դեռեւս չճանաչված Արցախի Հանրապետություն լուրջ ջղաձգումներ է առաջացնելու հարեւան Ադրբեջանում, որն իր «սեւ ցուցակում» է ընդգրկում Արցախ այցելած հայտնի գործիչներին, իսկ որոշ դեպքերում էլ նույնիսկ քրգործեր հարուցում նրանց նկատմամբ: Այդպես եղավ հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ, որի դեմ քրեական գործ հարուցվեց ԼՂ այցելելու եւ Ադրբեջանի դեմ ուղղված «հաճախակի հրապարակային կոչերի» համար: Ապա 2016 թ. Բելառուսի իշխանություններն Ադրբեջանի պահանջով ձերբակալեցին Լապշինին, 2 ամիս անց արտահանձնեցին Բաքվին: Նրա դեմ քրգործ էր հարուցվել Ադրբեջանի ՔՕ երկու հոդվածներով՝ հոդված 318.2 (Ադրբեջանի պետական սահմանի անօրինական հատում) եւ հոդված 281.2 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր): 2017 թ. հուլիսին Բաքվի «ծանր հանցագործությունների դատարանն» իսրայելցի բլոգերին դատապարտեց 3 տարվա ազատազրկման, սակայն մի քանի ամիս անց նա համաներման արժանացավ Ադրբեջանի նախագահի կողմից եւ արտահանձնվեց Իսրայելին:

Քրեական գործ Բիլզերյանի դեմ

Դեն Բիլզերյանի դեպքում էլ Ադրբեջանի իշխանությունները նույն զավեշտալի մեղադրանքով են քրեական գործ հարուցել եւ անգամ միջազգային հետախուզում հայտարարել: Ըստ Haqqin.az կայքի՝ Ադրբեջանը մեղադրում է «օտարերկրյա քաղաքացի» Բիլզերյանին «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանները հատելու միջոցով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ»: Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտարարության մեջ բառացիորեն նշել է. «Օգոստոսի 28-ին Դեն Բիլզերյանը, դավադրության մեջ մտնելով մի խումբ մարդկանց հետ Հայաստանի տարածքում եւ Ադրբեջանի օկուպացված տարածքներում, կազմակերպված հանցավոր խմբի կազմում խախտելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ անօրինական կերպով հատել է Ադրբեջանական Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները՝ հայտնվելով Խանքենդիում»: Ադրբեջանի իշխանություններն ԱՄՆ-ի, այժմ նաեւ ՀՀ քաղաքացիություն ունեցող Դեն Բիլզերյանին նաեւ մեկ այլ մեղադրանք են առաջադրել, որ նա «Ադրբեջանի օկուպացված տարածքներում ապօրինաբար ձեռք է բերել նռնակներ, հրազեն եւ այլ զինատեսակներ՝ ցուցադրաբար կրակ բացելով»: Սա Ադրբեջանի քրօր․ 228.3 հոդվածն է (հրազեն եւ զինամթերք անօրինական ձեռք բերելը, փոխանցելը, վաճառքը, տեղափոխելը կամ կրելը):

Քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանք

Ինքը՝ Դեն Բիլզերյանը, մի քանի օր առաջ People ամսագրին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի կողմից իր դեմ հարուցված քրեական գործի մասին՝ հայտարարելով, որ Ադրբեջանի կողմից իրեն ձերբակալելու որոշումը քաղաքական շարժառիթներ ունի: Ամերիկահայ միլիոնատերը հայտարարել է, որ պայքարելու է այդ երկրի կողմից իրեն ներկայացված մեղադրանքների դեմ: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Բաքուն քրեական գործ է հարուցել միայն իր նկատմամբ, իսկ այցին մասնակցած մյուս անձանց մասին որեւէ որոշում չի կայացվել: «Կարծում եմ՝ այս ամենն այն պատճառով է, որ ես հանրային դեմք եմ, եւ նրանք ցանկանում են այս դեպքը որպես օրինակ ծառայեցնել»,- ասել է նա եւ խոստացել, որ կպայքարի իր դեմ ներկայացված մեղադրանքների դեմ՝ ընդգծելով, որ չի ցանկանում երբեւէ այցելել Ադրբեջան:

People ամսագիրը նաեւ գրել է, որ կապվել է Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ, որտեղից հայտնել են, որ Հայաստանը դիմել է Ինտերպոլին՝ կոչ անելով անտեսել Ադրբեջանի դատախազության դիմումը՝ համարելով այն քաղաքական շարժառիթ ունեցող:

Բաքվի քաղաքականության վտանգավոր խորքերը

Անշուշտ, պարզ է, որ Բաքվի բռնապետական ռեժիմը, որը մինչ օրս փորձում է ռազմական ուժի եւ սպառնալիքների կիրառման միջոցով բռնանալ 27 տարի առաջ ինքնորոշված եւ Ադրբեջանի կազմից դուրս եկած Արցախի նկատմամբ, քրեական գործեր է հարուցում Արցախ այցելած հայտնի մարդկանց նկատմամբ՝ նպատակ ունենալով ահաբեկել Արցախ այցելող զբոսաշրջիկներին, մեկուսացնել Արցախը եւ խոչընդոտել Արցախի միջազգային ճանաչմանը: Սակայն որքան էլ Լապշինին կամ Բիլզերյանին առաջադրված մեղադրանքները զավեշտալի թվան, Ադրբեջանի այս քաղաքականությունն ունի շատ ավելի խորքային եւ վտանգավոր դրդապատճառ, որն ուղղակիորեն կապված է ԼՂ հիմնախնդրի լուծման հետ: Սրանով Ադրբեջանը փորձում է հիմնախնդիրը տեղափոխել իրավական դաշտ եւ ամբողջ աշխարհին ապացուցել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է: Ադրբեջանը Ղարաբաղի հարցի հետ կապված իր քաղաքականությունը կառուցել է այն պնդման վրա, որ միջազգային հանրությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, հետեւաբար՝ Ադրբեջանի իշխանությունն օրինական իրավունք ունի ե՛ւ «հակաահաբեկչական գործողություններ իրականացնել ԼՂ սեպարատիստական ուժերի նկատմամբ», ե՛ւ քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր այն մարդկանց, ովքեր առանց իր թույլտվության կայցելեն այդ տարածք: Բայց չէ՞ որ սա հիմնախնդրի կարգավորման գործընթացի նենգափոխում է, քանի որ միջազգային իրավունքի եւ օրինականության տեսանկյունից գոյություն ունի միջազգայնորեն ճանաչված ձեւաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում ընթանում են բանակցություններ՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, եւ այս ձեւաչափում Հայաստանը եւ Ադրբեջանը պաշտոնապես ընդունել են որոշակի սկզբունքներ, ըստ որոնց՝ ԼՂ-ն առնվազն համարվում է վիճելի տարածք, բայց ո՛չ Ադրբեջանի տարածքի մի մասը: Հայտնի է, որ բանակցային գործընթացի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղին տրվելու է միջանկյալ կարգավիճակ, իսկ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի (հանրաքվեի) միջոցով, որը ԼՂ բնակչությանն ընձեռում է կամքի ազատ եւ իրական արտահայտում: Ուրեմն չպե՞տք է արդյոք Հայաստանը նման դեպքերում քայլեր ձեռնարկի իրավական դաշտում եւ հակընդդեմ հայցեր ներկայացնի Ադրբեջանի դեմ, երբ վերջինս միջազգային հետախուզում է հայտարարում Արցախ այցելած մարդկանց նկատմամբ:

Հայաստանը պետք է հակազդի Ադրբեջանին միջազգային ասպարեզում

Մեր այս պատմության հերոսներից մեկը՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինը, համաձայնեց «Հրապարակի» հետ զրույցում իր կարծիքը հայտնել թեմայի վերաբերյալ՝ ասելով, որ լիովին համամիտ է մեր դիտարկման հետ: «Իհարկե, ես չէ, որ պիտի խորհուրդներ տամ Հայաստանի ղեկավարությանը, բայց իմ հետ տեղի ունեցածի պատճառը զգալի առումով ՀՀ-ի քաղաքական թուլությունն ու կամազրկությունն էր: ՀՀ-ն չկարողացավ պաշտպանել նրանց, ովքեր սիրում են Հայաստանն ու Արցախը եւ գալիս են ձեզ հյուր»,- նշեց Լապշինը՝ ավելացնելով, որ Ադրբեջանին հակազդելու բազմաթիվ գործիքներ կան: Օրինակ՝ հակընդդեմ հայցեր Ինտերպոլին՝ մեղադրելով Ադրբեջանի այս կամ այն պաշտոնյային ազգամիջյան թշնամություն սերմանելու եւ բռնության կոչերի, Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի հանցագործությունները քարոզելու համար:

«Պետք է նաեւ ակտիվ աշխատել միջազգային ասպարեզում, որպեսզի զրոյացվեն զբոսաշրջիկներին հետապնդելու Ադրբեջանի ջանքերը: Ես 30 տարի ապրել եմ Մերձավոր Արեւելքում՝ արաբների շրջանում, եւ կարող եմ ասել, որ ադրբեջանցիների մենթալիտետը ոչնչով չի տարբերվում նրանցից: Նրանք քայլ են անում եւ եթե պատասխան չեն ստանում, հաջորդ քայլն են անում: Բիլզերյանին Հայաստանի քաղաքացիություն տալը, իհարկե, հրաշալի է. նա ազգությամբ հայ է եւ դրա օրինական իրավունքն ունի, եւ դա թույլ կտա Հայաստանին պաշտոնապես պաշտպանել նրան: Խնդիրն այլ է: Եթե դա Արցախ այցելած մարդկանց պաշտպանելու միակ միջոցն է, ուրեմն, ինչ է, Հայաստանը ստիպված կլինի բոլորին հայկական անձնագրե՞ր տալ: Ինձ եւ Ադրբեջանի «սեւ ցուցակում» ընդգրկված հազարավոր արտասահմանցիների՞ն: Դա փակուղի է: Կարծում եմ՝ հարկավոր է ձեռնարկել այլ քայլեր: Ի դեպ, ուղիղ մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 11-ին, ինձ փորձեցին սպանել Բաքվի բանտում, հետո անմիջապես համաներման ենթարկեցին եւ հետ ուղարկեցին տուն»,- ասաց Լապշինը:

Էժանագին փիառ՝ ներքին սպառման համար

Ինչ վերաբերում է Բիլզերյանի նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզմանը՝ մեր զրուցակիցը կարծում է, որ Ինտերպոլը կմերժի Ադրբեջանի իշխանություններին, եւ իրականում Ադրբեջանն այս քայլն անում է էժանագին ներքին փիառի համար, որպեսզի ցույց տա, որ թեեւ երկիրը խորը տնտեսական եւ քաղաքական ճգնաժամի մեջ է, եւ ժողովրդի դժգոհությունն աճում է (հիշենք Գյանջայում տեղի ունեցած իրադարձությունները), բայց Ալիեւն առաջվա պես ուժեղ է: Այնքան ուժեղ է, որ նույնիսկ կարող է ամերիկացի միլիոնատիրոջը քրեական հետապնդման ենթարկել:

«Նա այս քայլն անում է զուտ ներքին սպառման համար՝ ամենեւին չակնկալելով, որ ինչ-որ մեկը կփնտրի եւ կհանձնի Բիլզերյանին»,- նշեց Լապշինը՝ ավելացնելով, որ Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ իր դեմ են շարունակում նման սադրանքներ անել. «Մեկ ամիս առաջ նրանք Ստամբուլի օդանավակայանում բերման են ենթարկել իսրայելցի լրագրող Սերգեյ Գրանկինին, որն ինձ հետ հարցազրույց էր արել իսրայելական հեռուստատեսության համար՝ Ղարաբաղի հետ կապված իմ պատմության մասին: Նրանք 3 ժամ հարցաքննել են նրան, թե «ով է վճարում աշխարհում իմ ճանապարհորդությունների եւ քաղաքական գործիչների ու լրագրողների հետ իմ հանդիպումների համար», եւ վերջում խնդրել են Սերգեյին ինձ փոխանցել, թե իրենք (ադրբեջանական հատուկ ծառայությունները) հիշում են ինձ եւ թե իրենք երկար ձեռքեր ունեն: Սա մաքուր բլեֆ է, որը ցույց է տալիս, որ իմ գործունեությունը խնդիրներ է առաջացնում իրենց համար, եւ իրենք փաստացի խոստովանում են, որ իզուր են ներքաշվել Լապշինի հետ կապված պատմության մեջ: Այն, ինչ նրանք անում են, բացառապես թոզփչոցի է եւ շոու»:

Հայաստանը չի պաշտպանում Արցախ այցելած զբոսաշրջիկներին

Ինքը՝ Լապշինը, ինչպես հայտնի է՝ հայցով դիմել է ամերիկյան եւ եվրոպական դատարան եւ հիմա էլ հայտարարում է, որ Ադրբեջանը պետք է փոխհատուցում վճարի եւ պաշտոնապես ներողություն խնդրի իրենից, այլապես Լապշինի եւ Ադրբեջանի վեճը կլուծվի Նյու Յորքի եւ Ստրասբուրգի դատարաններում:

Լապշինը նույնիսկ գիտի, թե ովքեր են այդ զավեշտալի քրեական հետապնդումները կազմակերպում Արցախ այցելած մարդկանց նկատմամբ. «Վուգար Նասիբովն ու Քամալ Տալիբովն են «զվարճանում»: Ադրբեջանի գլխավոր դատախազության այս 2 պաշտոնյաներն են նախապատրաստում եւ փոխանցում հետախուզման փաստաթղթերը: Նրանք շատ լավ հասկանում են, որ Լուկաշենկոյից բացի՝ որեւէ մեկը չի արտահանձնի Ղարաբաղ այցելած մարդուն: Սա մաքուր քաղաքական հետապնդում է: Բայց ինձ տվյալ պարագայում տխրեցնում է ոչ թե այն, թե ինչ է անում Ադրբեջանը,- այնտեղ թշնամին է, ամեն ինչ պարզ է,- այլ այն, որ Հայաստանը ոչինչ չի ձեռնարկում, որպեսզի պաշտպանի զբոսաշրջիկներին Բաքվի հետապնդումներից: Եվ ես շատ օրինակներ ունեմ, երբ մարդիկ Ղարաբաղ այցելելուց հետո դիմել են Հայաստանի իշխանությունների օգնությանը, սակայն որեւէ պատասխան չեն ստացել: Նրանցից մեկն իմ ընկերն է՝ զբոսաշրջիկների ուղեվար Գիլադ Սադեն, որը 3 տարի շարունակ զբոսաշրջիկներ է տանում Իսրայելից Ղարաբաղ: Նա ֆինանսական եւ իրավական որեւէ օգնություն չի ստանում Հայաստանից եւ ԼՂ-ից եւ ամեն ինչ ինքն է կազմակերպում, քանի որ կարծում է, որ Ղարաբաղը եւ Ղարաբաղի բնակչությունը մարգարիտ են, եւ հարկավոր է պատմել աշխարհին նրանց մասին»:

Լապշինը պատմեց, որ իր ընկերը վերջերս նամակ է ստացել Իսրայելի արտգործնախարարությունից, նրան խորհուրդ են տվել դադարեցնել աշխատանքը Ղարաբաղում եւ չքարոզել իսրայելցիներին այցելել Ղարաբաղ. «Այդ նույն նամակում գրված է, որ Ադրբեջանի իշխանություններն են դիմել Իսրայելի ԱԳՆ-ին՝ խնդրելով ազդել նրա վրա: Այս տղան փորձել է կապ հաստատել Ղարաբաղի ղեկավարության հետ, բայց բոլորը նրան արհամարհում են: Ժամանել է Երեւան եւ փորձել է հանդիպում կազմակերպել ՀՀ պաշտոնյաների հետ, բայց բոլորը փորձում են հեռու մնալ նրանից: Եվ կարո՞ղ եք գուշակել, թե ինչ եղավ արդյունքում: Նա այս օրերին հավաքում է իրերը, փակում է գրասենյակը Ստեփանակերտում եւ ընդմիշտ հեռանում է»:

Արամ Սարգսյան

Մեկնաբանություն
X